Որոնում

Thursday, October 10, 2019

Ի՞նչ եմ զգում. հուզական ճանաչողություն

Օգնել երեխային ճանաչել իր հույզերը, հասկանալ և արտահայտել դրանք։ Սա այնքան էլ հեշտ պրոցես չէ, քանի որ մենք մեծերս էլ հաճախ գլուխ չենք հանում մեր զգացմունքներից, ուր մնաց թե լիովին կարողանանք հասկանալ և օգնել մեր փոքրիկներին։ Հուզական ինտելեկտը քիչ հայտնի, բայց շատ կարևոր ոլորտ է, որը ցավոք բաց է մնում մեր կրթության մեջ։

Ես իհարկե դրա մասնագետը չեմ, բայց որպես հետաքրքրասեր և բզբզան մամա, փորձում եմ գտնել կամ դուրս բերել այնպիսի խաղեր, որոնք ինչ֊որ չափով կնպաստեն հուզական ինտելեկտի այս կամ այն բաղադրիչին։ Այս շատ հեշտ և իսկապես զվարճալի խաղը ուղղված է երեխայի հուզաճանաչողությանը՝ օգնելով երեխաներին մտածել իրենց զգացածի մասին, հասկանալ այն և արահայտել։ Իրականում սեփական հոգեվիճակը հասկանալը և մեծահասակներին բացատրել կարողանալը շատ կարևոր է երեխայի հոգեկան աշխարհի ներդաշնակ զարգացման, ինչպես նաև ընտանիքում ամուր փոխհարաբերությունների ձևավորման համար։

Դե ինչ, իսկ հիմա խաղը։ Տեսել եք չէ՞ զանազան հայտարարություններ, որոնց ներքևի հատվածի թերթիկները (հեռախոսահամարով) նախատեսված են կտրելու համար։ Այս հայտարարությունները ինձ միշտ գայթակղել են, և համարով թերթիկը կտրելու ցանկություն առաջացրել։ Հենց դա հիշելով էր, որ մտածեցի նույն ձևաչափը օգտագործել տղայիս հույզերի պատկերային բնորոշումները ստանալու համար։ Հնչում է բարդ, բայց իրականում ամեն ինչ շատ հեշտ է։

Այն, ինչ տեսնում եք նկարում, պատրաստել եմ նկատի ունենալով Արեգի տարիքը և իր հույզերի ճանաչողության աստիճանը։ Դուք կարող եք պատրաստել նմանատիպ պաստառ՝ նկատի ունենալով ձեր բալիկի առանձնահատկությունները, համապատասխանաբար ներառելով ավելի բարդ կամ ավելի շատ կամ քիչ հույզեր։ Եթե երեխան ավելի փոքր է, կարող եք ընտրել չորս հիմնական հույզ, օրինակ՝ ուրախ, տխուր, զարմացած և բարկացած, ու մի քանի անգամ կրկնել այս չորս հույզերի պատկերները։ Երեխան կարող է օրվա մեջ մի քանի անգամ ցանկանալ միևնույն հոգեվիճակը արտահայտող պատկերով թերթիկ կտրել։

Իսկ ինչպե՞ս օգտագործել այս պաստառը
Երբ պաստառը պատրաստ է, փակցրեք այն երեխայի համար մատչելի տեղ և հարցրեք, թե ինչ է զգում այդ պահին։ Առաջարկեք հարցին պատասխանել ընտրելով սիմվոլներից մեկը։ Երբ երեխան հասկանա խաղի կանոնները, նա ինքը մեծ հաճույքով կսկսի օգտագործել պաստառը իր զգացածը բացատրելու համար։ Որոշ բարդ իրավիճակներում, երբ երեխան լաց է լինում կամ ինչ֊որ բան պահանջում կամ չափազանց ոգևորված, ասացեք, որ այնքան էլ լավ չեք հասկանում, թե ինչ է ուզում և խնդրեք, որպեսզի ձեզ սմվոլի միջոցով բացատրի։

Մեր դեպքում սա պարզապես հրաշալի աշխատեց։ Մի նմանատիպ իրավիճակում, երբ Արեգը անհիմն նվնվում էր, ես շատ հանգիստ առաջարկեցի դռանը փակցրած սիմվոլներից մեկը բերել, որպեսզի հասկանամ, թե ինչ է զգում այդ պահին և կարողանամ օգնել իրեն։ Արեգն անմիջապես դադարեցրեց իր նվնվոցը և վազեց սիմվոլ կտրելու։ Երբ հետ եկավ ինձ մոտ՝ ձեռքում սիմվոլը, նա արդեն լրիվ հանգստացել էր, և մենք ուրախ մթնոլորտում քննարկեցինք, թե ինչու էր մինչ այդ տխուր։ Այսպիսի պաստառը կարող է երեխային օգնել գնահատելու նաև իր հույզերի ոչ միայն տեսակը, այլև աստիճանը։ Օրինակ, երբ Արեգը կամակորություն անելիս ընտրեց տխուր դեմքով նշան և ոչ թե լաց լինողը, ես հասկացա, որ երեխան բավական ադեկվատ գնահատում է իրավիճակը ու ինքն էլ գիտի, որ լաց ու կոծ անելու պատճառ առանձնապես չունի :)

Օգտակար խորհուրդներ 

  • Երեխային առաջարկեք արդեն իսկ օգտագործած սիմվոլները դեն չնետել, այլ պահել արկղիկում, որպեսզի երբ անհրաժեշտ լինի տվյալ հույզը կրկին արտահայտել, իր արկղիկից գտնի և բերի։ 
  • Նմանատիպ պաստառ շատ հեշտ է պատրաստել համակարգչով, բայց եթե պատրաստելու կամ տպելու տարբերակ չունեք, փորձեք ձեռքով նկարել։
  • Եթե դուք պատրաստել եք թվային տարբերակով և պատրաստվում եք տանել տպելու, միանգամից մի քանի օրինակից տպեք, քանի որ պաստառը սպառելուց մեկ֊երկու ամիս անց դուք կարող եք կրկնել խաղը։
  • Եթե սկսել եք համեմատաբար պարզ հույզերից, ապա որոշ ժամանակ անց պատրաստեք նոր պաստառ՝ հարստացնելով ավելի բարդ հույզեր արտահայտող սիմվոլներով։
 

Wednesday, October 9, 2019

«Նախադպրոցական վարժանքներ» շարքից. 3+ տարիքի համար

Համատեղում ենք օգտակարը հաճելիի հետ։ Այս շատ պարզ և նախապատրաստում չպահանջող խաղը միաժամանակ կապահովի՝
  • ուրախ ժամանց,
  • հանգստացնող ազդեցություն,
  • զգայական փորձառություն (սենսորային խաղ),
  • մանր մոտորիկայի վարժանք,
  • ձեռքի նախապատրաստում գրին։
Եվ այս բոլոր արդյունքները ստանալու համար պազապես անհրաժեշտ է ալյուր լցնել սկուտեղի մեջ և երեխային տալ թվեր ու պատկերներ ցուցադրող քարտեր (եթե չունեք այդպիսիք, կարող եք պատրաստել, քանի որ նմանօրինակ քարտերը շատ գործածական են)։
Քարտը հարմարացրեք երեխայի դիմաց այնպես, որ լավ տեսանելի լինի և առաջարկեք
երեխային մատիկով նկարել այն թիվը կամ պատկերը, որը որ քարտի վրա տեսնում է։ 

Թեպետ ես մտածում էի, որ Արեգին առայժմ դժվար կլինի «նկարել» թվերը, և գուցե հրաժարվի փորձել բարդ թվերի դեպքում, բայց, ի զարմանս ինձ, 0-9 բոլոր թվերը մեծ հաճույքով փորձեց նկարել, որոշները՝ մի քանի փորձից, մինչև որ քիչ թե շատ նման բան ստացվեր։
Այնուհետև անցանք երկրաչափական պատկերներին, որոնք նկարելու հարցում Արեգն առավել հմուտ է, և բարդ աշխատանքից հետո դրանք նկարելը մեծ ինքնավստահություն և թեթևացում հաղորդեց Արեգին։

Իհարկե, ես չէի մոռանում ողջ խաղի ընթացքում խրախուսել Արեգին, և ցույց տալ, որ իր փորձերը բավական տպավորիչ են, իսկ առավել դժվար ստացվող թվերի դեպքում հարցնում էի՝ արդյոք կարող եմ ես էլ նկարել և հնարավորինս դանդաղ նկարում էի նույն թիվը, որպեսզի Արեգը տեսնի ճիշտ արդյունք ստանալու համար անհրաժեշտ շարժումների հերթականությունը։
Ինչ խոսք, ընթացքում նաև պարզապես զվարճանում էինք՝ «ձյուն» շաղ տալով, մանր խաղալիքներ թաքցնելով ալյուրի մեջ կամ ձեռքերով ծիծաղելի հետքեր դրոշմելով, բայց այդ ամենը լուսանկարել պարզապես չէի կարող, քանի որ չափից դուրս ալյուրոտ էի։ :) 

Tuesday, October 8, 2019

Արթ նախագիծ 2+ տարիքի համար. արի՛ երևակայենք

Նկարչական այս նախագիծը շատ հարմար է 2-ից բարձր տարիքի երեխաների հետ աշխատելու համար, քանի որ հետաքրքրասեր, ուսումնասիրող փոքրիկ արվեստագետին հրավիրում է հետազոտելու, փորձարկելու և ստեղծագործելու։

Իսկ ի՞նչ կլինի, եթե ես սա կոտրեմ, իսկ ի՞նչ կլինի, եթե ես սա փշրեմ։

Հավատացեք, նմանատիպ հարցեր հաճախ են ծագում երեխաների մտքում։

Իսկ հիմա պատրկերացրեք, որ մեծահասակաները բարկանալու փոխարեն իրենք առաջարկեն մի նմանատիպ չարաճճիություն անել, ընդ որում, սովորեցնելով, որ նման փորձարկումը կարող է ոչ թե ինքնանպատակ լինել, այլ որևէ նոր և հետաքրքիր բան ստեղծելուն ծառայել։
Եթե ունեք օգտագործված յուղամատիտներ, որոնք կոտրտված են և նկարելու համար այլևս այնքան էլ հարմար չեն, ճիշտ ժամանակն է դրանցից ազատվելու։ Մնում է վերցնել մի հին կամ ոչ շատ սուր քերիչ և սպիտակ թղթեր։ 
Տարբեր գույների յուղամատիտները երեխայի հետ միասին քերեք թղթերի վրա, երեխային առաջարկեք մատիկներով «նկարել» ստացված քերուքով, իսկ երբ ամեն ինչ պատրաստ է, ձեր ստեղծագործությունների վրա յուղաթուղթ (կալկա) դրեք և զգուշորեն արդուկեք։


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Քերուքի այն չափաբաժինը, որ տեսնում եք այս լուսանկարներում չափազանց շատ է։ Իրականում առաջին իսկ փորձից հետո, հասկանալով, որ ցանկալի արդյունքը չի ստացվում, մենք կիսով չափ քչացրինք մատիտի քերվածքները յուրաքանչյուր թղթի վրայից, քանի որ մեծ քանակի դեպքում փշրանքներն իրար շատ մոտ են գտնվում և հալվելիս անմիջապես խառնվում են իրար՝ վերածվելով անորոշ գույնի և ձևի զանգվածի։

Եթե ցանկանում եք, որ ձեր կանխորոշած պատկերը դրոշմվի կամ գույները իրար շատ խչառնվեն, յուրաքանչյուր թղթի վրա շատ քիչ քանակի քերվածք լցրեք ;) Հուսամ՝ հաջորդ անգամ մեզ մոտ էլ ավելի հաջող կստացվի, թեպետ այս պատկերներն էլ բավական հետաքրքիր և ոգեշնչող են։ 


Friday, September 13, 2019

Ինչպես պատրաստել կինետիկ ավազ սեփական ձեռքերով

Ասել եմ չէ՞, որ շատ եմ սիրում, երբ տղայիս հետ միաժամանակ մի քանի բան թիրախավորող խաղեր ենք խաղում։ Օրինակ, երբ հերթական անգամ կինետիկ ավազներով խաղալու ցանկություն ունեինք, սիրելի խաղը գիտափորձի վերածելու հրաշալի միտք ծագեց։  Որոշեցինք ինքներս պատրաստել «կինետիկ ավազ», որպեսզի և՛ ուսումնասիրենք պատրաստման ընթացքը, հասկանանք, թե տարբեր բաներ իրար խառնելով, ինչ հետաքրքիր փոփոխություններ կարող են լինել, և՛ ստանանք ավելի շատ քանակի ու գույների «կինետիկ ավազ», քան ունեինք տանը։ 

Էլ չասած, որ մեր ձեռքերով պատրաստած «կինետիկ ավազը» միանգամայն տարբերվող որակի էր՝ շատ ավելի փափուկ և շոշափելու համար հաճելի, այնպես որ ես և տղաս անընդհատ ուզում էինք ձեռքերով տրորել այն։ Եթե մտածում եք ինքներդ էլ փորձարկել, հետևեք պատրաստման եղանակին, որը կներկայացնեմ ստորև։
Բոլորովին անվտանգ էկո «կինետիկ ավազի» պատրաստման համար անհրաժեշտ պարագաներն են՝
  • մանկական ձեթ (հնարավոր է նաև բուսական ձեթ),
  • ալյուր,
  • գունանյութ։
Խառնեք այս ամենն իրար և զվարճանքը պատրաստ է: ։)

Հուշում
  1. Եթե ձեր երեխան փոքրիկ է և դեռևս ձեռքի տակ ընկած ամեն ինչ բերանը տանելու փուլում է, մանկական ձեթի փոխարեն պատրաստեք բուսական ձեթով և անպայման ընտրեք սննդային գունանյութ, որպեսզի եթե ագամ երեխան մի փոքր համտեսի, անհանգստանալու պատճառ չունենաք։
  2. Իսկ եթե երեխան բավականաչափ մեծ է, խորհուրդ կտամ մանկական ձեթ օգտագործել, որպեսզի խառնուրդի հոտը հաճելի լինի։ Տարիքով մեծ երեխաների դեպքում կարող եք նաև սովորական ներկեր օգտագործել, որպեսզի վառ գույներ ստանաք, բայց եթե անվտանգ հումքերը կարևորում եք, ուրեմն խոհարարական ներկերը լավագույն լուծումն են։
Սխալներ
  1. Ինչպես տեսնում եք լուսանկարում, առաջին շարքի բաժակներում ես շատ քիչ քանակությամբ մանկական ձեթ եմ լցրել։ Իրականում պարզվեց, որ դա մեկ բաժակ ալյուրի համար բավարար չէ, և ես ձեթի քանակը կրկնապատկեցի։
  2. Եթե նկատեցիք, տեսանյութում Արեգը փորձում է ալյուրն ու գունավորված ձեթը խառնել գդալով և առանձնապես լավ չի ստացվում։ Իրականում գդալով գրեթե անհնար է համաչափ խառնել այդ երկուսը։ Փորձեք ձեռքերով։ Շատ արագ և հեշտ է ստացվում, բացի այդ աննկարագրելի հաճելի շոշափողական պրոցես է։
Դե իսկ այժմ մնում է միայն խաղալ և հաճույք ստանալ այս յուրահատուկ և տնայնագործ ավազից։

Friday, September 6, 2019

Խաղ «լաբիրինթոս»

Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է զբաղված Արեգը՝ այսքան լուրջ դեմքով։ 
Կարծում եմ՝ ոմանք կռահեցին արդեն, որ սա Արեգի առաջին «լաբիրինթոս» խաղն է, միայն թե խաղային վահանակը շատ մեծ է և ինքնաշեն։

Եթե ունեք ստվարաթղթե տուփ և հարմար գնդակ, ապա անպայման փորձեք այս խաղից ձեր երեխայի հետ։
Առաջադրանքը շատ պարզ է․ գցել գնդակը անցքի մեջ։ Թեպետ դուք կմտածեք, որ սա չափազանց պարզ խաղ է, բայց իրականում, այն որոշ հմտություններ է պահանջում և կարող է սկզբում այնքան էլ լավ չստացվել ձեր երեխայի մոտ։ Արեգը առաջին հինգ րոպեն փորձելուց հետո քիչ էր մնում հուսահատվեր, բայց ի վերջո գտավ գնդակը անցքը գցելու հնարը և սկսեց զվարճանալ։

Խաղը հեշտացնելու և այն պարզապես ավելի զվարճալի դարձնելու համար կարելի է միաժամանակ շատ գնդակներ լցնել «խաղադաշտ»։ Հավատացեք՝ շատ ծիծաղելի է ստացվում։

Խաղը խորհուրդ կտամ խաղալ 3 տարին լրացած երեխաների հետ, քանի որ հակառակ դեպքում կարող է պարզապես չստացվել։

Friday, August 30, 2019

Լվացք մանկական․ խաղ 2-5 տարեկանների համար

Ես շատ եմ սիրում այնպիսի խաղեր, որոնք հնարավորինս պարզ են, բայց խթանում են միաժամանակ մի քանի հմտություն։ Օրինակ, լվացքի ամրակներով և թվերի քարտերով այս պարզ խաղը հենց այդպիսինն է։
Թվերով և երկրաչափական պատկերներով քարտերի մի տրցակը պահում եմ ինձ մոտ, մյուս տրցակի քարտերը շարում հատակին։ Այնուհետև իմ տրցակից խառը հերթականությամբ հանում եմ մի որևէ թիվ կամ նշան և Արեգին խնդրում գտնել այդ նույն նշանը կամ թիվը հատակին շարված քարտերից։ Քարտը ցույց տալիս բնականաբար անվանում եմ տվյալ թիվը կամ պատկերը, այդպիսով՝ ամրապնդում ենք այն, ինչ արդեն գիտեինք, իսկ այն թվերի կամ պատկերների դեպքում, որոնք Արեգը դեռ չի մտապահել, տեսողական հիշողություն, նույնականացման հմտություններն ենք զարգացնում։
Երբ Արեգը գտնում է նույն քարտից, որը ես ցույց եմ տվել, վերցնում է այն և կախում պարանից, որը ամրացնում եմ երկու աթոռների հենակներից։ Քարտերը կախելու համար Արեգի տրամադրության տակ են լինում մանկական ամրակներ, որոնք երեխայի համար հեշտ գործածելի են և չեն վնասում քարտերը։

Դե ինչ, կարո՞ղ եք նշել, թե ընդհանուր առմամբ քանի հմտություն է երեխան գործի դնում, որպեսզի խաղա այս պարզ խաղը։

Monday, August 26, 2019

Կտավ պղպղջակներով. 1 խաղ բազում հմտություններ

Պղպջակներ բոլորն են սիրում այնպես չէ՞։

1. Իսկ գիտե՞ք, որ եթե ձեր փոքրիկի հետ տանը միասին պատրաստեք պղպջակի օճառաջուրը, դուք նրան կսովորեցնեք շատ կարևոր մի բան. պատրաստել, ինքնուրույն ստեղծել այն, ինչ անհրաժեշտ է՝ խանութի պատրաստի իրերը գնելու փոխարեն։ Կսովորեցնեք լինել ստեղծարար և բացահայտել պատճառահետևանքային կապերը, օրինակ այն, որ մի քանի բան իրար խառնելով կարելի է ստնալա նոր նյութ։ Դա այլ կերպ կարող եք անվանել նաև գիտափորձ փոքրիկների համար։ ^_^

2. Իսկ գիտե՞ք, որ եթե պղպջակների հեղուկին ավելացնեք ներկանյութ, ապա պղպջակները անհետ հօդս ցնդելու փոխարեն կարող են մնայուն հետք թողնել թղթին և ձեր փոքրիկի երևակայության մեջ։ Գույները սովորեցնելու, երեխայի գունընկալումը զարգացնելու զվարճալի մեթոդ է սա։

3. Իսկ գիտե՞ք, որ այսօր երեխայի խաղերի մեջ օգտագործելով հին և ոչ պիտանի իրեր, դուք մեծ ներդրում եք կատարում ուղղված ոչ միայն երեխայի ապագային, այլև բնության պահպանմանը։

4. Գիտեի՞ք որ պղպջակներ փչելը նաև կարևոր շնչառական վարժություն է երեխայի համար, որը նպաստում է խոսքային ապարատի զարգացմանը։

Դե, եթե դուք՝ սիրելի մայրիկներ, ոգևորված եք և անհամբեր, անցնենք բուն խաղի նկարագրությանը։
Պղպջակներով կտավ ստեղծելու համար անհրաժեշտ է՝
  • օճառաջուր,
  • ներկանյութ,
  • պլաստիկ շիշ,
  • ցանցկեն գործվածք,
  • մեծ, հաստ թուղթ։
Օճառաջուրը պատրաստելուց հետո այն երկու կամ ավել մասերի բաժանեք, նայած թե քանի գույն եք ցանկանում ստանալ և ամեն տարրայում օճառաջրին որևէ գույնի ներկ ավելացրեք։ Կարող եք օգտագործել գուաշ կամ սննդային ներկանյութ։ Այնուհետև մեջտեղից կտրեք պլաստիկ շիշը և կտրված մասից փակցրեք ցանցկեն գործվածքը։ Ամեն ինչ պատրաստ է։
Այժմ կարող եք փռել թուղթը, շիշը ստորին հատվածով թաթախել գունավոր օճառաջրի մեջ և փչել թղթի վրա։ Ձեր ցանցից դուրս կգան գեղեցիկ և մեծ պղպջակներ, որոնք, պայթելով թղթի վրա, և՛ կզվարճացնեն բալիկին և՛ գեղեցիկ հետքեր կթողնեն։ Իհարկե, որքան շատ գույն ավելացնեք, այնքան հեաքրքիր կստացվի կտավը։ Այս խաղը շատ հարմար է նաև մի քանի երեխայի հետ միաժամանակ խաղալու համար։

Իսկ եթե չգիտեք, թե ինչպես պատրաստել պղպջակի օճառաջուր, ներկայացնեմ ամենահեշտ և ամենաարագ պատրաստվող բաղադրատոմսը։ 
Վերցրեք մեկ բաժակ ջուր, ավելացրեք կես բաժակ աման լվալու հեղուկ և մեկ ճաշի գդալ շաքարավազ։ Իհարկե, լավ փչվող հեղուկ ստանալու մի քանի գաղտնիք կա.

ա) ծորակի ջրի փոխարեն օգտագործեք եռացրած ջուր, որպեսզի ջուրը հնարավորինս զտված լինի, և ավելորդ տարրերը չխանգարեն պղպջակի գոյացմանը,

բ) շաքարավազն օգնում է, որպեսզի պղպջակները «ամուր» լինեն, բայց եթե երեխան փոքրիկ է, ավելի լավ է շաքարավազ շատ չլցնել, որպեսզի երեխան հեշտությամբ փչի պղպջակները,

գ) օճառաջուրն ավելի լավ է մեկ օր առաջ պատրաստել և մինչ օգտագործումը դնել սառնարան։
Դե ինչ, ստեղծագործական֊պղպջակային թռիչքներ եմ մաղթում։ :)

Saturday, August 17, 2019

Տնային պոստմոդեռնիզմ 1 տարեկան և մեծ հանճարների համար

Երբեևէ մտածե՞լ եք, որ շինանյութի խանութից կարող եք ձեր փոքրիկի համար նվեր ընտրել։ :)

Օրինակ՝ պատը ներկելու համար նախատեսված անվաձև վրձին (ես կառաջարկեի անվանել այն «պտտագլան»)։

Եթե գաղափարը ձեզ հետաքրքրեց, ապա խորհուրդ կտամ ընտրել եղածներից ամենակարճը և բարակը, որպեսզի A3 ֆորմատի թղթի վրա հնարավոր լինի աշխատել։ Չմոռանաք իհարկե ձեռք բերել նաև համապատասխան թուղթ։ Եթե տանը ունեք մեծ չափերի հին օրացույց, դրա դարձերեսը նույնպես կարող է հարմար տարբերակ լինել և փոխարինել թղթին։ Կամ գուցե երեխայի ներկարարական խաղերի համար առանձնացրած մոմլաթե մոնոտոն սփռոց ունենաք։ Դա ևս կարող է որպես լվացվող բազմանգամյա օգտագործման «կտավ» ծառայել։
Եթե այս հարցը ևս լուծվեց, ապա միայն մնում է ներկը լցնել մեկ անգամյա օգտագործման ափսեի մեջ և սկսել խաղը։ Մի քանի գույն օգտագործելու համար առանձին ափսե նախատեսեք։

Եթե թուղթը այս կողմ, այն կողմ է սահում կամ բացված չի մնում, այլ գլանաձև փաթաթվում է, կարող եք կպչուն ժապավենով ծայրերից ամրացնել հատակին կամ գետնին գցած սփռոցին։ Այդպես երեխային խաղալն ավելի հեշտ կլինի։ Դե իսկ շարունակության մասին պատմելն ավելորդ է։ Փորձեք և ինքներդ կհամոզվեք, թե ձեր երեխան ինչպիսի հաճույք կստանա ողջ ընթացքից կամ թե ինչ հետաքրքիր պատկերներ կստանա։

Կարելի է նաև զանազան տրաֆարետներ պատրաստել, և փոքրիկին առաջարկել նկարել դրանց օգնությամբ։



Sunday, August 11, 2019

Շոգ օրերի խաղ ամառը մինչև վերջ վայելելու համար

Թեպետ խաղը չի ենթադրում ուղղակիորեն կոնտակտ սառույցների հետ, այնուամենայնիվ, ապահովությունից ելնելով ավելի լավ է այն կազմակերպել տաք ժամանակ, որպեսզի երեխան հանգիստ վայելի խաղը, և դուք էլ չլարվեք, որ գուցե պատահմամբ դիպչի և թաթիկները սառչեն։ Չէ՞ որ այս խաղը չափից դուրս գունավոր է, փորձարարական, հետաքրքիր և վառ տպավորություններ ապահովող, այնպես որ լավ կլինի, որ որևէ բան չխանգարի խաղն իսկապես հաճելի մթնոլորտում անցկացնելուն։

Բայց նախ նախապատրաստական մասը ներկայացնեմ։

Ձեզ անհրաժեշտ կլինեն սառույցներ՝ շատ-շատ։ Եթե դա ունեք, մնացածը հեշտ է․ սառույցները լցնում եք մեծ թասի մեջ, երեխային տալիս ներկեր և վրձիններ ու առաջարկում գունավորել սառույցները։
Շողշողուն խորանարդիկները պարզապես հրաշքներ են գործում գույների հետ։ Երեխան կարող է անվերջ իրար խառնել տարբեր գույներ, զանազան փորձարկումներ ու դիտարկումներ անել, քանի որ հալման ընթացքում սառույցների վրայից թափվում է ներկված երեսը և դրանք «մաքուր էջ» են դառնում փոքրիկ նկարչի համար։

Փոքրիկ հուշում. երբ տարրայում շատանա ներկաջուրը, պարզապես զգուշորեն դատարկեք այն և շարունակեք խաղալ սառույցներով։
Չմոռանաք ընթացքում երեխայի հետ զրուցել ջրի՝ սառույց դառնալու, ապա կրկին հալվելու հատկության մասին, դիտել տալ սառույցների հետ կատարվող բոլոր փոփոխությունները և պարզապես վայելել գեղեցկությունը։

Saturday, August 10, 2019

Փոքրիկին զբաղմունք, մայրիկին՝ ազատ 30 րոպե

Հավանաբար բոլորդ էլ ունեք ավելորդ մազմզուկը հագուստի վրայից հեռացնելու համար նախատեսված կպչուն գլանակներից։ Եվ շատ իզուր, եթե դուք այն պահում եք դարակում՝ երեխայից հեռու, քանի որ պտտվող և ամեն ինչ հավաքող այս հարմարանքը իսկ և իսկ ձեր փոքրիկի համար է ստեղծված։ 

Ծածկոցի վրա լցրեք մանր կտրտանքներ և խնդրեք երեխային հավաքել դրանք իր սուպեր հարմարանքով։ Այժմ դուք ունեք ազատ 30 րոպե ձեր գործերով զբաղվելու կամ հանգստանալու համար։ Խնդրեմ, խնդրեմ :)

Ինչ խոսք, ամեն ինչ կարելի է ավելի հետաքրքիր դարձնել՝ խաղի մեջ ներառելով գրավիչ սյուժե։ Իսկ դուք հիշո՞ւմ եք ծիտիկին որդերով կերակրելու խաղը։ Հույս ունեմ, որ այդ խաղում օգտագործած թեփը և որդերը պահել եք (պատրաստված ճկվող և փափուկ ծածկույթով մետաղալարերից, որոնց անգլերեն անվանում են pipe cleaners), քանի որ դրանք շատ հարմար են նաև այս խաղի համար։ Փափուկ և բարակ նյութերից պատրաստված որդերը, ինչպես նաև թեփը հեշտությամբ կպչում են գլանակին, իսկ երեխայի համար ստեղծում են համապատասխան խաղային միջավայր․ չէ՞ որ շուրջբոլորը տհաճ որդեր են, որոնցի կօգնի ազատվել քաջ բալիկը։

Վստահ եմ, կպչուն գլանակով շատ ավելի հետաքրքիր իմպրովիզներ կարելի է անել, որոնց մասին ես դեռ չեմ հասցրել մտածել և շատ ուրախ կլինեմ, եթե դուք հուշեք ինձ։ ^_^

Այս պարզ խաղն իրականում օգնում է փոքրիկին նախապատրաստվել դպրոցին

Բազմաֆունկցիոնալ և հետաքրքիր խաղեր կազմակերպելու համար երբեմն շատ քիչ բան է անհրաժեշտ։ Օրինակ՝ այսօրվա խաղը ոչ միայն երեխային զբաղացնելու լավ հնար է, այլև  նախադպրոցական կարևոր վարանք է։ Եվ այն իսկապես շատ հեշտ է կազմակերպել։ Եթե ձեռքի տակ կա թուղթ, գրիչ և մանր առարկաներ, ինչպես օրինակ՝ քարեր, կոճակներ, լոբու հատիկներ կամ նմանօրինակ որևէ այլ բան, ապա համարեք խաղը սկսված։

Թղթի վրա գրիչով նկարեք տարբեր պատկերներ, ուղիղ և ալիքաձև կամ ճառագայթաձև գծեր, ինչպես որ կպատկերացնեք։ Այնուհետև տվեք երեխային մանր առարկաները և առաջարկեք գծերի վրա շարել՝ հնարավորինս չշեղվելով պատկերների ձևերից։

Այս խաղ֊վարժանքը օգնում է երեխային կողմնորոշվել թղթի տարածական չափումներում, հետևել գծերին, ուղիղ գծեր կամ մտածված կորություններ ստանալ։ Նման խաղերը աստիճանաբար սովորեցնում են ձեռքը գրին, և երեխան դպրոց գնալիս առավել պատրաստված է լինում։   

Wednesday, August 7, 2019

Նույնիսկ 1 տարեկանը կարող է իր համար բազմաֆունկցիոնալ խաղալիք պատրաստել

Երեխային կարելի է փոքրուց սովորեցնել, որ սպառողական վարքից առավել հետաքրքիր է ստեղծագործական մոտեցումը, երբ ինքդ ես ստեղծում այն, ինչ քեզ պետք է, օրինակ՝ սեփական խաղալիքը։ Պատկերացրեք, որ անգամ 1 տարեկան փոքրիկը կարող է մեծերի օգնությամբ իր համար խաղալիքներ պատրաստել, ինչը օգտակար է ոչ միայն մտավոր, ֆիզիկական առումներով, այլև դաստիարակչական բաղադրիչ ունի։

Դե ինչ, ներկայացնեմ հեշտ պատրաստվող «խաղալիքի» մի տարբերակ։ Խանութներում մեծ պահանջարկ ունեն ձեռքի փոքրիկ գնդակները՝ լցված տարբեր հեղուկներով, մանր գելային գնդակներով կամ ալյուրով։ Իսկ ինչո՞ւ չպատրաստել նմանատիպ խաղալիքներ տանը՝ մաքուր և անվտանգ նյութերից։ Չէ՞ որ ընդամենն անհրաժեշտ է ունենալ.
  • մի քանի տեսակի հատիկեղեն,
  • համապատասխան քանակով փուչիկներ և
  • ձագար։
Ես խաղի համար նախատեսել էի բրինձ, ոսպ, հնդկաձավար և փոխինձ։ 

Եթե արդեն իսկ ձեռքի տակ ունեք անհրաժեշտ պարագաները, հարմարավետ նստեք երեխայի հետ խաղի համար նախատեսված ծածկոցին և առաջարկեք փոքրիկին ընտրել, թե որ գույնի փուչիկի մեջ ինչ է լցնելու։ Այնուհետև ցույց տվեք, թե ինչպես պետք է հատիկեղենը ձագարով լցնի փուչիկի մեջ։ Երբ փուչիկը լցված է, ամուր կապեք բերանը և անցեք հաջորդին։
Բոլոր փուչիկները լցնելուց հետո խաղը ոչ թե ավարտվում է, այլ նոր սկսվում։ Այժմ առաջարկեք երեխային փակ աչքերով վերցնել փուչիկներից որևէ մեկը ևշոշափեոլով գուշակել, թե ներսում ինչ է։ Արեգը և ես իսկապես զվարճացանք գուշակումներն անելիս։ Այնուհետև կարող եք ընտանիքի անդամներին կամ այլ հարազատների ևս ներգրավել խաղում՝ առաջարկելով գուշակել, թե որ փուչիկի մեջ ինչ կա լցված։ Երեխային ոչ միայն բուն խաղը շատ կգրավի, այլև այն փաստը, որ մեծահասակները զբաղվում են իր պատրաստած խաղալիքներով։
«Գուշակիր, թե կարող ես» խաղից հետո ձեր փուչիկները միշտ ձեռքի տակ կլինեն որպես ռելաքսացիոն գնդակներ՝ հաճելիորեն մերսելով փոքրիկի և ոչ միայն փոքրիկի մատները։ Ընդ որում, երեխան հավանաբար կառանձնացնի փուչիկներից մեկը, որի զգացողությունը հատկապես հաճելի է։ Օրինակ՝ Արեգի ամենասիրելի գնդակ֊փուչիկը կարմիրն է, որը լցված է փոխինձով, իսկ ինձ ամենից շատ ոսպ֊գնդակը դուր եկավ։ Եթե փորձեք ինքներդ պատրաստել, անպայման մեկնաբանություններում պամեք, թե ձեր սիրելի գնդակը որն է։

Monday, August 5, 2019

Սուպեր առաջադրանք 18 ամսականից 4 տարեկան հերոսների համար

Բոլոր երեխաներն են սիրում լինել հերոս, հաղթել չար հակահերոսներին, լինել քաջ։ Այսօր ձեզ ներկայացվող խաղը երեխաներին իրական հերոս լինելու հնարավորություն է տալիս․ դե ինքներդ պատկերացրեք, թե այն որքան դուր կգա ձեր փոքրիկին։

Տանը հավանաբար կունենաք ռեզինե կենդանիների մեծ հավաքածու։ Ուրեմն, ընտրում ենք դրանցից մի քանիսը, թաքցնում տան տարբեր հատվածներում, բայց այնպիսի տեղեր, որ երեխայի համար հասանելի լինեն և ամրացնում սկոտչով։ Տեսեք, թե ինձ մոտ ինչպես է դա ստացվել։
Կենդանիներից մի մասը բավականին ակնհայտ տեղեր եմ փակցրել, մի քանիսն էլ այնպես եմ թաքցրել, որ Արեգը ստիպված լինի մի փոքր որոնել։

Երբ ամեն ինչ պատրաստ է, կանչեք երեխային և մտահոգված պատմեք, որ պատահար է եղել, ինչ-որ մեկը կենդանիներին առևանգել է իրենց տներից, և որ կենդանիները իր (երեխայի) օգնության կարիքն ունեն։

Սա խաղի հիմնական հատվածը։ Հիմա տեսնենք, թե ինչպես կարող ենք այն ավելի գրավիչ դարձնել։
  • Կարելի է զանազան մանրամասներ մտածել, օրինակ՝ մինչ կենդանիներին թաքցնելը, նրանց բոլորին միասին լուսանկարել և լուսանկարը ցույց տալ երեխային, որպեսզի իմանա, թե ինչ է փնտրում և ամեն հաջորդ կենդանուն գտնելուց, լուսանկարով ճշտի, թե դեռ ում չի գտել։ Ես այդ նպատակի համար պլանշետ օգտագործեցի, և կարծես թե, Արեգին շատ դուր եկավ իր փոքրիկ հետախուզությունը իրագործելիս ձեռքի տակ պլանշետ ունենալը՝ ճիշտ զանազան գաջեթներ ունեցող սուպեր հերոսների պես։
  • Բացի այդ ես Արեգի ուսից կախեցի մի պայուսակ, որտեղ նա տեղավորում էր գտած կենդանիներին։ Սա ևս հավելյալ գործնականություն է հաղորդում երեխային։ 
  • Դե իսկ տանը իրենց բալիկներին սպասող ծնող կենդանիներ մասին պատմությունը ապահովում էր մեր Շերլոկի արկածի հուզական կողմը։
Վստահ եմ՝ փորձառու մամաները նաև վաղուց գլխի են ընկել, թե ինչու է պետք կենդանիներին պարզապես թաքցնելու փոխարեն սկոտչով փակցնել։ Այո, այո, հաճելի արկածներին զուգահեռ չենք մոռանում մատիկները աշխատացնելու մասին։

Եթե երեխան 1.6-2 տարեկան է, կարելի է կենդանիներին տարբեր տեղեր թաքցնելու փոխարեն մեկ սկուտեղի վրա իրար կողք փակցնել և պատմել, որ կենդանիները թակարդն են ընկել, և անհրաժեշտ է նրանց ազատել։ Փոքրիկը պարզապես գորգին նստած բավական ժամանակ կզբաղվի սկուտեղին ամրացված կենդանիներին ազատելու գործողությամբ, գուցե անգամ վերջում փորձի նրանց սկոտչով հետ կպցնել :)
Քանի որ, ես սկուտեղով տարբերակը Արեգի հետ  չեմ փորձել շատ հետաքրքիր կլինի կարդալ ձեր մեկնաբանությունները, թե ինչպես արձագանքեցին փոքրիկները, ինչ հետաքրքիր դեպքեր գրանցեցիք։ 

Դե իսկ մեծիկական տարբերակը Արեգը իսկապես շատ սիրեց, երբեմն անգամ հենց ինքն է խնդրում, որ նորից այդ խաղը կամզակերպեմ և սպասում է սենյակում, մինչև բոլոր կենդանիներին թաքցնեմ և իրեն կանչեմ։ 

Tuesday, July 30, 2019

Լուսազգայուն սեղան


Լուսազգայուն սեղանները շատ տպավորիչ են փոքրիկների համար. դրանք միաժամանակ խթանում են երեխայի երևակայությունը, մերսում շոշափելիքները, ապահովում վառ հույզեր և նպաստում ստեղծարարությանը։ Ամեն մի զարգացման կենտրոն չէ, ամեն մի ժամանակակից մանկապարտեզ չէ, որ կահավորված է այդ հրաշք սեղաններով։ 

Երբ երկու տարեկան Արեգն առաջին անգամ նստեց նման սեղանի մոտ՝ մանր ավազներով խաղալու (մեր շատ սիրելի Cloud զարգացման կենտրոնում), չեք էլ պատկերացնի՝ ինչպես էր ոգևորվել, ասես իսկական հրաշք էր տեսել։ Առավել ևս, որ սեղանի լույսերը հնարավոր էր փոփոխել հեռակառավրման վահանակով։ 

Ինչ խոսք, այդպիսի հեռակառավարվող լուսազգայուն սեղան հեշտ չէ ձեռք բերելը, բայց փոխարենը կարելի է տնային պայմաններում ստանալ ոչ պակաս ոգևորիչ և ֆունկցիոնալ «սեղան»՝ լուսային լուծումներով։

Դրա համար անհրաժեշտ է ունենալ՝  
  • պլաստմասսայե մեծ արկղ՝ թափանցիկ խուփով, 
  • տոնածառի լույսեր կամ գրպանի լապտեր, 
  • ալյուր։
Այո, ընդամենն այսքանը։ Եթե ձեր արկղը անցքեր ունի, որից կարող է լար դուրս գալ, կարող եք փորձել տոնածառի լույսերով տարբերակը, քանի որ փոփոխվող լույսերով ավելի գրավիչ է։ Ամեն դեպքում ինձ ավելի շատ դուր եկավ գրպանի լապտերով լուսավորումը, քանի որ լույսը համաչափ տարածվեց և առանձին հատվածներում լույսն առավել վառ կամ թույլ չէր։
Սկզբում մենք փորձեցինք խաղալ կինետիկ ավազով, ինչը, պարզվեց, այնքան էլ լավ գաղափար չէր։
Այնուհետև խաղացինք ալյուրով (իրականում ես փոխինձի ալյուր օգտագործեցի, բայց սովորական ալյուրը կամ սպիտակաձավարը նույնքան հարմար կլինի), և դա պարզապես հեքիաթի էր նման։

Փորձեք անպայման, որովհետև միայն բառերով հնարավոր չէ փոխանցել, թե ինչ վայելք են ապրում փոքրիկները այս խաղից։

Tuesday, April 9, 2019

Պինգ պոնգի գնդակներ․ մաս 2

Գերզբաղված մայրիկների համար շատ կարևոր է երեխաների համար կազմակերպել հեշտ, բայց գրավիչ խաղեր։ Երեխային ուրախ ու ոգևորված տեսնելու հերթական պարզ բաղադրատոմսը կրկին պինգ պոնգի գնդակներով է։ Ձեզ պարզապես անհրաժեշտ է՝

  • պինգ պոնգի մի քանի գնդակ,
  •  ձվի տուփ։
Խաղի նպատակն է փորձել որոշակի հեռավորությունից բոլոր գնդակները նետել ձվամանի բջիջների մեջ։ 

Տարբերակ #1

Խաղը հարմար է 3+ տարիքի համար։ Եթե երեխան 3-4 տարեկան է, խաղը կազմակերպեք ոչ թե որպես մրցույթ, այլ պարզապես առաջարկեք նետել գնդակներն այնքան, մինչև որ ստացվի բոլորը գցել ձվամանի բջիջների մեջ։ 
Արեգը 2.7 էր, երբ առաջին անգամ փորձեցինք խաղալ, և պարզվեց, որ առաջադրանքը այդ տարիքի համար դեռևս մի փոքր բարդ է, և երեխան կարող է շուտ ձանձրանալ։

Տարբերակ #2

Այս տարբերակի համար անհրաժեշտ է ձվի երկու տուփ և ավելի շատ քանակությամբ գնդակներ։ 5 տարեկան և բարձր հասակի խաղացողների դեպքում ավելի հետաքրքիր է խաղը կազմակերպել որպես մրցույթ։
Սեղանի վրա իրար կողք՝ մի փոքր հեռավորության վրա դրեք երկու ձվամանները և իրար կողք կանգանացնելով երկու խաղացողի՝ նրանցից յուրաքանչյուրին տեք հավասար քանակով գնդակ, որոնք անհրաժեշտ է հնարավորինս արագ նետել ձվամանի բջիջների մեջ։ Հաղթում է նա, ով ավելի շատ գնդակ է նետում ձվամանի մեջ։

Thursday, April 4, 2019

Շնչառական խաղ-վարժություն․ 3+ տարիքի երեխաների համար

Բոլոր երեխաներն էլ սիրում են խաղալ ջրով և փոքր գնդակներով։ Իսկ հիմա պատկերացրեք՝ ինչ կստացվի այդ երկուսը համատեղելուց։ 

Տղայիս ուրախությանը չափ չեղավ, երբ նա տեսավ ջրով լի բաժակներն ու պինգ պոնգի գնդակները՝ կանխատեսելով, որ մեզ շատ հետաքրքիր խաղ է սպասվում։

Իսկ խաղը հետևյալն է․ ջրով լի հինգ բաժակ շարում ենք մեկ գծով և պինգ պոնի գդակը դնելով առաջին բաժակի մեջ՝ փորձում ենք այն փչելով հասցնել մինչև վերջին բաժակը։

Կարևոր է փչել ոչ շատ ուժեղ և ոչ շատ թույլ, քանի որ առաջին դեպքում կարող է ջուրը թափվել, իսկ երկրորդ դեպքում որևէ արդյունք չեք ունենա։

Մեկ հուշում ևս, բաժակներում ջուրը լցրեք հնարավորինս շատ՝ մինչև պռունկը, որպեսզի ջրի մակարդակը հավասար լինի բաժակի եզրին, և գնդակը սահուն առաջ շարժվի։

Խաղն իրականում բավական բարդ է փոքրիկների համար, և ես խորհուրդ կտայի այն փորձարկել երեքից բարձր տարիքի երեխաների հետ։
Արեգը փչելով գնդակը տեղաշարժելու գործում մեծ հաջողություններ չգրանցեց, թեպետ շատ էր ուրախանում տեսնելով, թե ինչպես ենք դա անում ես և հայրիկը։

Փոխարենը մեծ հաճույքով սեփական գիտափորձը սկսեց՝ փորձելով պինգ պոնգի գնդակները խորակել բաժակի մեջ։

Իհարկե պետք է խրախուսել երեխայի նման ուումնասիրությունները և ուշադրությունը հրավիրել բոլոր դետալների վրա․ օրնակ՝ տեսնո՞ւմ ես, որքան էլ խորը մտցնես գնդակը, այն միևնույն է դուրս է թռչում և չի մնում ջրի հատակին։

Այս և նմանատիպ խաղերը շատ կարևոր են խոսքային շնչառության զարգացման համար, այնպես որ եթե անգամ փոքրիկի մոտ դեռևս այնքան էլ լավ չի ստացվում, ամեն դեպքում մի վարանեք, և խրախուսեք երեխային նորից ու նորից փորձել։

Monday, March 25, 2019

ԳԻՏԱՓՈՐՁ ՀՈՏՈՏԵԼԻՔ. 1.6-5 տարեկան բալիկների համար

Հոտոտելով ճանաչենք աշխարհը։
Այս շատ կարևոր ճանաչողական փորձի համար մեզ անհրաժեշտ է՝
  • 4 կամ ավելի փոքր տարրա խուփով,
  • 4 կամ ավելի բուրումնավետ նյութ (երեխային ծանոթ),
  • աչքերը կապելու համար հարմար կտոր։
Նախապես, երբ Արեգը սենյակում չէր, ընտրեցի և առանձնացրի չորս բուրումնավետ նյութ, որոնք Արեգին քաջ ծանոթ են և կկարողանար միայն հոտից ճանաչել։ Մեր դեպքում դրանք էին նարինջի կեղև, կակաո, նանա և Արեգի մանկական շամպունը։ Յուրաքանչյուրը առանձին տարրայի մեջ լցրի և ամուր փակեցի (նարնջի կեղևի վրա մի փոքր նարնջի մզվածք լցրեցի, որպեսզի հոտն ավելի արտահայտիչ լինի)։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, Արեգին բացատրեցի, որ փակած աչքերով, միայն հոտ քաշելով պիտի կռահի, թե ինչ է իր ձեռքում և ի զամանս ինձ, Արեգին այդ միտքը շատ ոգևորեց, թեպետ աչքերը կտորով կապել այնքան էլ չի սիրում։

Առաջին փորձից Արեգը կարողացավ անմիջապես ճանաչել միայն նանան։ Երկրորդ անգամ աչքերը փակելուց առաջ մենք միասին ուսումնասիրեցինք նյութերը, ինչը նույնպես շատ զվարճալի էր։ Օրինակ՝ շամպունը Արեգը սկզբում չէր հասկանում, թե ինչ է, բայց ուշադիր նայելուց հետո մանր պղպղջակներ նկատեց և մեծ ուրախությամբ ասաց, որ դա օճառ է։ 
Երկրորդ անգամ աչքերը փակելուց հետո Արեգը նյութերը բոլորը կարողացավ գուշակել, ինչից շատ գոհ մնաց։ :)
Եվ ինչպես լինում է սովորաբար, վերջում Արեգը իր սեփական խաղը հորինեց, որով զբաղվեց շատ ավելի երկար։ Արեգի խաղը հետևյալն էր՝ նյութերը լցնել իրար վրա և տեղափոխել մի տարրայից մյուսը :) Այդ ընթացքում նույնպես Արեգին առաջարկում էի հոտոտել և պարզել, թե այդ չորսից որ մեկի բույրն է ամենաուժեղը։ Պարզվեց՝ այդ չորսը իրար խառնած վիճակում ամենադոմինանտ հոտը կակաոյինն էր, որը պարզապես չեզոքացրել էր մյուս հոտերը։

Իրականում ես բավականին դժվար կողմնորոշվեցի, թե ձեռքի տակ եղած բաներից ինչ չորս նյութ ընտրեմ մեր գիտափորձի համար։ Եթե դուք այլ հետաքրքիր տարբերակներ մտածեցիք, անպայման գրեք մեկնաբանություններում, հաջորդ անգամ մենք սիրով կփորձենք։