Որոնում

Sunday, December 30, 2018

Դիպուկահարը․ սպորտային խաղ 2-3 տարեկանների համար

Եթե տարբեր առիթներով գնել եք պոմպոններ, օրինակ՝ դրանք ձողիկով փչելու մրցաշար կազմակերպելու համար կամ ինքնաշեն խողովակաշարով գլորելու համար, բայց այլևս չգիտեք, թե ինչ անեք դրանց հետ, ուրեմն այս գրառումը հենց Ձեզ համար է։

Օրինակ, կարելի է պոմպոնները թեքահարթակից գլորելու մրցույթ կազմակերպել կամ ասենք՝ օղակի մեջ նետելու առաջնություն հայտարարել։ Ես այս խաղը անվանել եմ «Դիպուկահարը»։
Կանոնները շատ պարզ են․ վերցնում ենք օղակ կամ հաստ թելով (ցանկացած այլ առարկայով՝ ըստ երևակայության) գծանշում սահմանները և մի փոքր հեռու կանգնած փորձում պոմպոնները գցել օղակի մեջ։
Ով ավելի շատ պոմպոն գցի օղակի մեջ, նա էլ կճանաչվի հաղթող։ Թեպետ ես և Արեգը խաղալիս այնքան ենք զվարճանում, որ հաղթող-պարտվողներին որոշելու հերթը չի էլ հասնում:)

Իսկ դուք և ձեր փոքրիկներն ի՞նչ հետաքրքիր խաղեր եք հնարում ձեռքի տակ եղած պոմպոններից։ Ես և տղաս անհամբեր սպասում ենք նոր գաղափարների։ Կարծում եմ՝ այս գունեղ և փափուկ առարկաների ընձեռած հնարավորությունները պարզապես անսպառ են։

Saturday, December 29, 2018

Պատրաստում ենք ամանորյա բացիկ

Նույնիսկ երկու տարեկանը կարող է ինքնուրույն ամանորյա բացիկ պարաստել և ուրախացնել հարազատներին։ Ինչպե՞ս, ամեն ինչ շատ պարզ է։
Կանաչ թղթից կտրեք տոնածառ, սոսնձեք մեծ թղթի վրա։ Ցանկալի է՝ ալբոմի կազմ լինի, որպեսզի իսկական բացիկի պես բացեք֊փակեք և երեխայի աշխատանքի ընթացքում շուտ չվնասվի։ Մեր դեպքում, օրինակ, գործածվեց գունավոր թղթերի հավաքածուի կազմը։
Այնուհետև երեխային առաջարկեք ինքնասոսնձվող պատկերներով զարդարել տոնածառը։

Որպեսզի որպես շղթա ծառայող դեղին դեմքերը Արեգը կարողանա մի գծով փակցնել, ես նախապես գրիչով գծանշեցի, և խնդրեցի Արեգին, որպեսզի դեղին սմայլիկները գծերի վրա կպցնի։ Իսկ տոնածառի խաղալիքներն Արեգը փակցրեց միանգամայն ինքնուրույն՝ ըստ իր նախընտրության։ Քառակուսի պատկերը տոնածառի տակ դնել և վրայից ծաղիկ կպցնելը ևս Արեգի գաղափարն էր։ Մենք որոշեցինք, որ դա տոնածառի տակ դրված նվեր կլինի։

Նախապատրաստական աշխատանքներն անելիս լավ միտք է ձեռքի տակ ավել նյութեր ունենալ, որպեսզի երեխան ձանձրանալու կամ ձեզ խանգարելու փոխարեն զբաղմունք ունենա։ Օրինակ Արեգն այսպիսի ինքնաբուխ կոլաժ պատրաստեց մինչ ես նկարում և կտրում էի տոնածառը։
Տոնածառը փակցնելիս Արեգը սոսինձը բավական առատ էր լցրել վերջինիս հակառակ երեսին, և մեր տոնածառը թրջվել էր։ Եթե ձեզ հետ էլ նույն բանը պատահի, հոգ չէ, քանի որ սոսնձի չորանալուց հետո տոնածառն այլևս թրջված տեսք չի ունենա։
Ահա այսքանը։ Այժմ դուք և ձեր բալիկը կարող եք ձեր հարազատներին, մտերիմ մարդկանց ուրախացնել շատ հեշտ պատրաստվող, բայց շատ գեղեցիկ բացիկներով։ Դե իսկ մանր մոտորիկայի տեսանկյունից ստիկերներ փակցնելու օգտակարության մասին մի անգամ չէ, որ խոսել ենք։
Ուրախ տոներ։

Thursday, December 27, 2018

Փաթեթավորման փուչիկավոր ցելոֆանով սպորտային և նկարչական խաղեր

Փաթեթավորման համար նախատեսված մանր փուչիկներով ցելոֆանը անկասկած երեխաների սիրելի իրերից է, և դա հրաշալի է, քանի որ մատիկներով փուչիկները պայթեցնելը ոչ միայն զվարճալի է, այլև խիստ օգտակար։

Իսկ փորձե՞լ եք փուչիկների ճայթճայթուն կազմակերպել ոչ թե մատիկներով, այլ ոտիկներով։ Ուրեմն այսպես, ձեզ անհրաժեշտ է՝
  • մոտ մեկ մետր երկարությամբ ճայթճայթուն ցելոֆան
    և
  • մի փոքրիկ ավազակ, ով պարաստ է վազվզել ցելոֆանի վրայով և իսկական ասպատակություն կազմակերպել։ 
Իմ տղային այս զբաղմունքը աննկարագրելի բուռն էմոցիաներ պարգևեց մի քանի օր շարունակ։ Մենք փորձեցինք այս խաղը է՛լ վազվզելով, է՛լ զանազան մրցույթներով (թե ով ավելի շատ ճայթուն կանի, ով ավելի արագ մի ծայրից մյուսը կանցնի, ով ավելի լուռ կքայլի ցելոֆանի վրայով և այլն), ցելոֆանի վրա թավալ գալով և անգամ ցելոֆանը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու հնար գտանք։


Բոկոտն փոքրիկի ոտիկների ամբողջ մակերեսով արվող այս մերսումը հրաշալի ռելաքսացիոն և ընդհանուր մոտորիկայի զարգացմանը խթանող գործառույթներ է կատարում։ Փորձեք այս պաղը հատկապես երեկոյան ուշ ժամի, և ձեր լիցքաթափված ու հոգնած փոքրիկի հանգիստ քունը ապահովված է։

Արվեստասեր ծնողների և բալիկների համար խաղը կարող է պարզապես սպորտային ժամանցից վերածվել նաև նկարչական֊ճանաչողական պարապմունքի։
Ինչպե՞ս
Մանր փուչիկներով ցելոֆանի երկու կտոր ոտնամանների պես կապում եք երեխայի ոտքերին, այնուհետև բալիկին առաջարկում եք ցելոֆանի ստորին մակերեսին վրձնով ներկեր քսել և պարզապես քայլել սպիտակ թղթի վրայով։

Ես, որպեսզի տղայիս զբոսանքի համար ավելի մեծ մակերես ապահովեի, մոմլաթե սփռոցը շրջեցի հակառակ երեսով, և մենք քայլեցինք դրա վրայով։

Իրականում փուչիկների կլոր֊կլոր արտապատկերում չկարողացանք ստանալ, քանի որ դրա համար մի փոքր ավելի խոշոր փուչիկներով ցելոֆան է անհրաժեշտ, քան մեր ունեցածն էր, ինչպես նաև ջրաներկն էլ բավարար մածուցիկ չէր, այլ մի տեսակ չորացել էր, և այնուամենայնիվ Արեգին հետաքրքիր էր հետևել իր գունավոր ոտնահետքերին։

Եթե դուք փուչիկների արտապատկերման ավելի հաջող փորձ եք ունեցել, չմոռանաք մեկնաբանություններում պատմել և կիսվել լուսանկարներով։ 

Saturday, October 27, 2018

Ռիսայքլինգ․ ի՞նչ խաղ մոգոնել օգտագործված իրերից

Արդեն քաջ ծանոթ և նախկին պաղերում բազմիցս օգտագործած նյութերով մոգոնում ենք նոր խաղեր ^_^ Սա իմ սիրելի զբաղմունքներից մեկն է։
փայլաթիթեղ
Օրինակ՝ նախորդ խաղերից մնացած ճմրթված փայլաթիթեղը դեն չնետելու և ևս մեկ անգամ օգտագործելու նպատակով փոքրիկ աթոռի և փայլաթիթեղի համադրությամբ ստացա «սղարան» կամ «մրցուղի», որի վրայով որոշեցինք գլորել մեր սիրելի պոմպոնները։
պոմպոններ
Խաղը չունի որևէ կանոն, պարզապես գլորում ենք և զվարճանում՝ հընթացս պարզելով, թե ում նետած պոմպոնը ավելի հեռու գնաց, որ տեսակ պոմպոններն են ավելի երկար գնում՝ մեծե՞րը, թե՞ փոքրերը և այլն։ Խաղի կանոններ հորինելը վստահեք ձեր փոքրիկին, և նա անպայման հետաքրքիր զարգացումներ կապահովի։

Wednesday, October 10, 2018

Արագ պատրաստվող սենսորային խաղ

Արագ և զվարճալի զբաղմունք օրը հետաքրքիր դարձնելու համար։

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ.
պոմպոններ
  • Սեղանի սրբիչի  և կամ զուգարանի թղթի կարտոնե միջուկը,
  • ձագար,
  • պոմպոններ,
  • լայն տարրա։
Գլանաձև կարտոնե միջուկները սկոտչով փակցնում ենք որևէ հարթ մակերեսի՝ դռան կամ ապակու՝ այնպես, որ երեխայի համար հասանելի բարձրության վրա լինի։
Միջուկներից մեկի վրա կարող եք ձագար դնել, որպեսզի երեխան տարբեր փորձառությունների հնարավորություն ունենա։ Գլանակների տակ կարող եք որևէ մեծ աման դնել, որպեսզի պոմպոնները դրա մեջ ընկնեն։

Այնուհետև երեխային տվեք բաժակով պոմպոններ և առաջարկեք դրանք «խողովակների» միջով գցել։ Ահա և այսքանը, մնացածը թողեք երեխայի նախաձեռնությանը, հետաքրքրությանն ու ստեղծարար մտքին։

խաղ տնային պայմաններում
Չեք էլ պատկերացնի, թե այս հասարակ խաղը որքան զվարճալի ժամանցի կարող  է վերածվել։ Չէ՞ որ երեխաներին միշտ է հետաքրքիր բացահայտել, թե ինչու և ինչպես է տեղի ունենում այս կամ այն բանը։ 

Ձեր փոքրիկը հավանաբար կփորձարկի մեծ կամ փոքր չափերի պոմպոններ անցկացնել ձագարով, կհասկանա, որ ավելի մեծ իրերը չեն անցնում ավելի նեղ անցքից, նույն գործողությունները կփորձի առանց ձագարի, կփորձի միաժամանակ մի քանի պոմպոն նետել և այլն։ 
ձագար

Քանի որ ես և Արեգը մինչ այդ փայլաթիթեղով էինք խաղում, մենք փորձեցինք նաև փայլաթիթեղից գնդիկներ պատրաստել և նետել։ 

Ձագարի մեջ պտույտներ գործելով ընկնելը, տարրայի միջից դուրս թռչելը՝ ինչ մանրուք ասես կարող է ձեր բալիկի համար դիտարկումներ անելու և զվարճանալու առիթ դառնալ։

Եթե կարտոնե գլանակներ շատ ունեք, կարող եք մեկը մյուսի հետ կապված խողովակներով բարդ կոնստրուկցիաներ ստանալ, ինչը էլ ավելի ուսուցողական և հետաքրքիր կդարձնի ձեր բալիկի ժամանցը։ Եթե ունեք նմանատիպ հետաքրքիր մտքեր, կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում։

Tuesday, October 9, 2018

Բանջարանոցը լուսամուտին. գիտափորձ ամենափոքրերի համար

Մատչելի գիտափորձեր ամենափոքրիկների համար։ Նման փորձերի օգնությամբ երեխան բացահայտում է աշխարհը, ծանոթանում երևույթների բնույթին, պատճառներին։ Թեև մինչև երեք տարեկան երեխաների համար գիտափորձերի մեծ մասը կարող են բարդ և ոչ ընկալելի լինել, սակայն որոշ փորձարկումներ հնարավոր է իրականացնել նաև երեքից ցածր երեխաների հետ։ 

Արեգի համար որպես հերթական մատչելի գիտափորձ ընտրեցի տնային «բանջարանոցը»։ 

Մինչ փորձարկումը սկսելը երեխային բացատրեք, որ բույսերին աճելու համար հարկավոր է հող, ջուր և լույս։ Իրականում նման զրույցները չպիտի միանգամյա բնույթ կրեն, այլ անհրաժեշտ է պարբերաբար վերադառնալ դրանց։ Օրինակ՝ ամեն անգամ, երբ անձրև է գալիս, տղայիս բացատրում եմ, որ բույսերը, ծառերը դրանից շատ են ուրախանում, քանի որ անձրևի ջրով լվացվում են և խմում այդ ջուրը ։)

Այս անգամ կարիք եղավ բացատրել, որ երբեմն «խոտ» կարող է աճել առանց հողի՝ միայն ջրով և լույսով, որից հետո նոր կարող ենք «խոտով» հատիկը դնել հողի մեջ, որ էլ ավելի մեծանա։
ոսպ, լոբի
Իսկ հիմա բուն գիտափորձը։ Վերցնում ենք մեկ կամ երկու հատիկ (կարելի է նույն տեսակի կամ տարբեր), անձեռոցիկ (հաստ տեսակի՝ սեղանի սրբիչ կոչվածը), զիպ փակվող փաթեթ և անցնում գործի՝

1. թրջում ենք անձեռոցիկը և մզում այնքան, որ չկաթկթա,
2. հատիկը մի կողմով հենում անձեռոցիկին, իսկ մյուս կողմը թողնում դեպի փաթեթը, որ երեխան տեսնի հատիկի հետ կատարվող փոփոխությունները,
3. փաթեթը պինդ փակում և փակցնում պատուհանին, այնպես, որ արևի անմիջական ճառագայթներն ընկնեն վրան։
ծիլ
Այժմ մնում է զինվել համբերությամբ և հետևել փոփոխություններին։
Ես և Արեգը ամեն առավոտ զարթնելիս շտապում էինք ստուգելու, թե ինչ վիճակում է մեր պատուհանային բանջարանոցը։   
մատչելի բուսաբանություն
Մեր ոսպի հատիկները մեզ ուրախացրին հենց երկրորդ օրը. հատիկները ճեղքվել էին, և կողքից երևում էր փոքրիկ ծիլը։ Լոբու հատիկը առայժմ նույնիսկ չէր ուռչել, և ոչ էլ վրայի շերտը «ճմռթվել» էր։
լոբի, ծիլ
Երկրորդ և երրորդ օրերին լոբու հատիկը ևս սկսեց որոշակի ձևափոխության երնթարկվել, սակայն ծիլ այդպես էլ չտվեց։ 
ոսպ
պատուհան, ծլեցում
Ոսպի հատիկներն ընդամենը հինգ օրվա ընթացքում շատ մեծ «խոտեր» ունեցան։ Իսկ լոբու հատիկը ցավոք սրտի հինգերորդ օրը սկսեց փառակալել և ես դեն նետեցի այն։ Ամենայն հավանականությամբ մեր փորձը ձախողվեց անձեռոցիկը լավ չմզելու և փաթեթի մեջ ավելորդ ջրային զանգված թողնելու համար։ 
տնային բանջարանոց
Ամեն դեպքում մենք մեր փորձը ևս մի անգամ կկրկնենք, որպեսզի ավելի լավ արդյունքներ գրանցենք, և Արեգի պատկերացումներն էլ ավելի հիմնավոր դառնան։

Friday, October 5, 2018

Փոքրիկի մեծ գրադարանը․ մամա գրկի ինձ

Արեգի գրադարանի ամենավառվռուն գրքերից մեկը «Ակտուալ արվեստ» հրատարակչության կողմից տպագրած «մամա գրկի ինձ» ալբոմն է։ Կարելի է ասել՝ այս գիրքը ձեր երեխայի առաջին կոմիքսը կարող է դառնալ։ Անսյուժե իրավիճակային պատկերներ, որոնք ուղեկցվում են բնութագրական համառոտ տեքստով կամ ուղիղ խոսքով։
մանկական գրականություն
Երբ առաջին անգամ գրախանութում տեսա այս գրքույկը, մտածեցի, որ դրա միակ կիրառությունը կարող է լինել երիտասարդ մայրիկ ընկերուհուն կատակով նվիրելը, քանի որ գրքում երեխան անդադար տարբեր հարցերով դիմում է մայրիկին, իսկ հայրիկին հիշում է միայն վերջին էջում՝ ճշտելու համար, թե որտեղ է մայրիկը։
գրքեր երեխաների համար
Մտքովս անգամ չանցավ գնել 2000 դրամ արժողությամբ այս գիրքը՝ համոզված լինելով, որ որդուս չի հետաքրքրի։ Իսկ հետո, ինչպես հեքիաթում :) Ինձ նվիրեցին «մամա գրկի ինձ», և ես գրկած գնացի տուն։

2 տարեկան Արեգը շատ սիրեց այս գիրքը։ Երբեմն հենց ինքն է ընտրում այն իր գրադարանից և բերում, խնդրում, որ միասին կարդանք։ Թերթելիս յուրաքանչյուր էջում դեռ մինչև իմ կարդալը պատմում, վերարտադրում է նկարի բովանդակությունը։

«մամա ջան պուշ արա» էջում միշտ նրբորեն ժպտում է կամ անմիջապես գրկում ինձ։
պատկերազարդ գիրք
Պարզ իրավիճակներով այս գրքույկի յուրաքանչյուր էջում փոքրիկը տեսնում է ինքն իրեն, որովհետև բոլոր նկարներն իր համար հոգեհարազատ են․ ինքն էլ է գիշերանոթին նստած մամային կանչում, ինքն էլ է իր հագուստների դարակը դատարկում, խաղալիքները շաղ տալիս սենյակով մեկ, մայրիկին խնդրում, որ գրկի իրեն, մայրիկին տեղեկացնում զանգերի մասին և այլն։ 2-3 տարեկան երեխան, թերևս, որևէ այլ գրքում այդքան ուղղակիորեն չի տեսնի ինքն իրեն, ինչպես «մամա գրկի ինձ»֊ում։ Եվ գրքի հերոս լինելը երեխայի համար դուրեկան է, երեխայի համար կարևոր է։
իմ առաջին գիրքը

գրքեր ամենափոքրերի համար
Նշեմ նաև, որ յուրաքանչյուր էջ որևէ վառ, չկրկնվող ետնագույն ունի։ Դրանք հիմնականում զուգորդվում են տվյալ էջի պակերի բովանդակությանը՝ տխուր իրավիճակի դեպքում գույները մուգ են, ուրախ իրավիճակներում՝ վառ։ Երեխային կարող եք սովորեցնել նաև ուշադրություն դարձնել գույների ընտրությանը և դրանց նշանակություններին։
հեքիաթ
Ձեզ և ձեր փոքրիկին ընթերցանության տաքուկ ժամեր եմ մաղթում ^_^

Thursday, October 4, 2018

Ձեր երեխայի առաջին «գիտաֆանտաստիկ» նախագիծը

Ինչպե՞ ս պատրաստել փոքրիկ տիեզերք պլաստմասսայե տարրայում։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ.
  • երկու դատարկ շիշ,
  • փայլեր, որոնք կարող եք գնել խաղալիքների կամ տնտեսական իրեր և տարբեր մանրուքներ վաճառող սովորական խանութներից,
ցանկալի է նաև 
  • զանազան մանր առարկաներ կամ ձևավորման համար նախատեսված փոքր, գունավոր պատկերներ։
Նախ կեսից մի փոքր ավել շշերը լցրեք ջրով. եթե երեխան շատ փոքր է, այս գործողությունը պետք է մեծահասակն անի։ Այնուհետև տվեք փայլերով լի տարրաները երեխային և խնդրեք, որ դրանցից յուրաքանչյուրը դատարկի մեկ շշում, որիղց հետո պինդ պտտեք փականը և առաջարկեք երեխային՝ թափահարել շշերը։ Ամբողջ շշով մեկ լողացող փայլերի փոքր կտորները շատ տպավորում և ոգևորում են երեխաներին։ 
Անպայման փոքրիկի հետ զրուցեք ստացված արդյունքների մասին, օրինակ, որ փայլերն ի սկզբանե վերևի հատվածում են կուտակվում, իսկ թափահարելուց հետո սկսում են լողալ և փոխվում է ջրի գույնը։ Սովորեցրեք երեխային դիտել երույթները, ուշադրություն դարձնել մանրուքներին։ 
«Գիտաֆանտաստիկ» հետազոտությունը շարունակելու և էլ ավելի լավ արդյունքներ ստանալու համար կարող եք շարունակել փորձարկումները։


Օրինակ՝ տարրաների մեջ ավելացնել մանր առարկաներ կամ պատկերներ, հետևել, թե դրանք ինչպիսի «վարք» են դրսևորում։  

Ես և Արեգը որոշեցինք մի շիշը պահել որպես գեղեցիկ նմուշ, իսկ երկրորդում փորձարկումներ անել։ 

Նախ, ավելացրինք ևս մեկ գույն, ապա երրորդ գույնը։ 

Ամեն ավելացումից հետո Արեգի հետ քննարկում էինք, թե ինչպես փոխվեց շշի ընդհանուր պարունակությունը, ինչ նոր գույներ ստացանք։ 
Վերջում որոշեցինք հասարակ փայլերից բացի նաև փայլուն սոսինձ ավելացնել, որպեսզի տեսնենք՝ արդյոք բյուրեղիկներն ավելի լա՞վ կլողան, թե՞ հակառակը։ 
Ձեր երեխայի «Աստղերը շշում» արթ նախագիծը կարող եք պահպանել նաև հետագա օգտագործման համար, քանի որ թափահարումից հետո լողացող աստղիկները ոչ միայն հետաքրքրում, այլև հանգստացնող ազդեցություն են ունենում երեխայի վրա։ 
Միայն թե չմոռանաք սոսնձել փականը, որպեսզի երեխան ինքնուրույն չկարողանա բացել։   



Tuesday, September 11, 2018

Սափրվելու փրփուրի և Վան Գոգի պատմությունը

Սենսորային կամ զգայական խաղերի մասին գրառումներում կամ Pinterest-ի լուսանկարներում ամենատարածված թեմաներից մեկը սափրվելու փրփուրն է։ Դրանով բազմաթիվ խաղեր են առաջարկվում և հետաքրքիր արդյունքների մասին պատմում։

Ես ևս սափրվելու փրփուրով փոքրիկ խաղեր եմ առաջարկել Սենսորային խաղ֊գլուխկոտրուկ հաճարով և Խաղեր ջրից ուռչող գելային գնդակներով գրառումներումս։

Այժմ ուզում եմ պատմել ձեզ սափրվելու փրփուրով ստեղծագործելու փորձի մասին։

Նախ և առաջ սկուտեղի մեջ լցրեցի որոշակի քանակությամբ փրփուր և առաջարկեցի Արեգին վրձնով հարթեցնել զանգվածը։ Իրավիճակը բավականին անսովոր էր Արեգի համար և նա հետաքրքրությամբ հետևում էր զարգացումներին։
Այնուհետև փրփուրի վրա ավելացրի Orange Elephant ապրանքանիշի՝ լոգանքի ընթացքում հարթ մակերեսների վրա նկարելու համար նախատեսված ներկերը։

Այն, ինչով նախատեսում էի Արեգին զարմացնել, պիտի մոտավորապես նման լիներ Վան Գոգի «Աստղալից գիշերին», սակայն իրականում գույները կորչում էին փրփուրի զանգվածի մեջ, և նույնիսկ մի քանի անգամ ներկ ավելացնելուց հետո փրփուրային կտավն այնքան էլ գունեղ չէր։

Փոխարենն Արեգին շատ դուր եկավ փրփուրի մեջ կորած ձեռքերի սղլիկությունն ու միմյանց հպվելիս տարօրինակ ձայնարձակումը։
Երկրորդ անգամ ավելի լավ արդյունք ստանալու համար փորձեցի սննդի ներկանյութ ավելացնել փրփուրին։ Այս անգամ ևս Վան Գոգ չստացվեց․ Արեգն անմիջապես բոլոր գույները խառնեց իրար և արդյունքում ունեցանք միատարր և ոչ շատ հաճելի գույն :)
Հավանաբար մի փոքր ավելի մեծ երեխաների հետ այս խաղը գեղագիտական աrումով ավելի հաջող ընթացք կունենա։ 

Կփորձե՞նք էլի խաղալ սափրվելու փրփուրով։ Այո, չէ՞ որ դա այնքան զվարճալի էր, և Արեգը այնքան շատ բան սովորեց իր զգացողությունների, իր մատիկներից արձակվող հետաքրքիր հնչյունների և նյութերի հատկությունների մասին։

Արժե՞ գույներ ավելացնել, թե պարզապես սպիտակ փրփուրով խաղալ։
Գույներ ավելացնելը միանշանակ խրախուսվում է։ Եթե անգամ հետաքրքիր պատկերներ չստանաք, խոսեք երեխայի հետ այն մասին, թե ինչպես քիչ քանակությամբ ներկը անհետացավ սպիտակի մեջ կամ ինչպես տարբեր գույներ միախառնվելով նոր գույնի վերածվեցին։

Monday, September 10, 2018

Փայլաթիթեղի, նկարչության և հետաքրքիր ներկերի մասին

Նկարչությանը հաճախ եմ անդրադառնում, քանի որ դա մեր ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Որևէ այլ խաղի ժամանակ հնարավոր չէ այդքան շատ ստեղծարար և բազմազան լինել, երբ խոսքը վերաբերվում է  6 ամսականից 2 տարեկան փոքրիկներին։ Իսկ հիմա շատ արագ մի քանի հետաքրքիր դիտարկում.
  1. Նկարել կարելի է ոչ միայն թղթի, ձվի կեղևի, ընդեղենի և զանազան այլ մակերեսների վրա, այլ փայլաթիթեղի (հիշում եք չէ՞, որ փայլաթիթեղը ևս կարևոր տեղ ունի փոքրիկի խաղային զինանոցում)։ Դա բոլորովին նոր փորձառություն է երեխայի համար, քանի որ ներկը այլ կերպ է տարածվում, քան թղթի վրա, այլ երանգներ է ստանում, իսկ մատիկներով նկարելիս անասելիորեն հաճելի է։
    Մատիկներով նկարելու դեպքում հատկապես օգտակար է փայլաթիթեղը, քանի որ ճմրթած և հարթ մակերեսների տարբերությունները կարևոր մարզանք են փոքրիկի շոշափելիքների համար։
  2. Հաջորդ փոքրիկ խորամանկությունը. տարբեր գույների ներկերով խաղալիս մի քանի վրձին տվեք ձեր փոքրիկին (50 դրամանոց բարակ վրրձիններ կան վաճառքում, դրանք մատչելի լինելուց բացի նաև շատ հարմար են և գունավոր պոչեր ունեն. ամեն գույնի ներկի համար կարող եք ընրել մեկ վրձին)։ Այդպես թե՛ ներկերը չեն խառնվի և դեռ մինչև տուփի ավարտվելը անպետք չեն դառնա և թե՛ ձեր երեխայի նկարը կլինի իր պատկերացրած գունային համադրություններով։ 
  3. Miniso Armenia խանութում վաճառվում են նկարում ցուցադրված ներկերից, որոնք շատ հարմար են, քանի որ փականների վրա դրոշմանիշներ ունեն, և երեխան կարող է դրանցով «կնքել» իր նկարները։ Եթե անգամ դուք այլ ապրանքանիշի ներկեր եք օգտագործում, նմանատիպ դրոշմանիշներ կարող եք գտնել. դրանցից առանձին վաճառում են գրենական պիտույքների խանութներում։ Պարզապես Miniso-ի պարագայում ես շատ հավանում եմ նաև ներկերի տուփերը, որոնք փազլաձև միանում են միմյանց՝ դառնալով, օրինակ գնացք կամ որևէ այլ համադրություն։ Անգամ ներկերի վերջանալուց հետո տուփերը կարող եք լվալ և պահել որպես փազլ խաղալիք, ինչպես նաև կարող եք փոքրիկ առարկաներ պահել դրանց մեջ, որպեսզի երեխան հետաքրքիր բացահայտումներ անի։ Միայն պետք է նշեմ, որ այս ներկերը դժվար են անցնում հագուստի վրայից՝ ի տարբերություն սննդանյութի հիմքի վրա տանը պատրաստվող ներկերի։
     
  4. Եվ վերջում, եթե բալիկը փոքրիկ չարաճճիություններ է նախաձեռնում, ենթադրենք՝ ներկում է հագուստը կամ իր մարմինը, մի բարկացեք, մի լարվեք, այլ եղեք պատրաստ նման շրջադարձերի և խրախուսեք փորձարարությունը։ Սա ինքնաճանաչման և զանազան երևույթների բացահայտման կարևոր նախապայման է։

Friday, September 7, 2018

Տնային տիկնիկային թատրոն

Ստվարաթղթե (կարտոնե) արկղ, հաստ գունավոր թուղթ, ձևավորման պարագաներ, սոսինձ կամ երկկողմանի սքոչ, մկրատ՝ ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է երեխային հեքիաթ պարգևելու համար։

Տնային տիկնիկային թատրոն ունենալը հավատացեք շատ փոքրիկների երազանքն է։  Տանը հեքիաթային միջավայր ապահովելը ոչ միայն հաճելի մթնոլորտի և ժամանցի գրավական է, այլ կարևոր միջոց երեխայի զարգացման համար, մասնավորապես՝  խթանում է դերային, երևակայական խաղեր հորինելու ունակությունը, ձևավորում ճաշակ և սեր արվեստի հանդեպ, ինքնադրսևորման ասպարեզ բացում փոքրիկի համար, ով դեռ պիտի փորձի իրեն հնարավորինս շատ ոլորտներում, որպեսզի ճանաչի աշխարհը և գտնի իրենը։

Դե ուրեմն զինվում ենք անհրաժեշտ նյութերով և ստեղծում մեր բալիկների անհատական, չկրկնվող տիկնիկային թատրոնը։
Այն, ինչ տեսնում եք նկարում, ձեռքի աշխատանք անելու գործում բացարձակապես անտաղանդ մարդու (այսինքն՝ իմ) պատրաստածն է, որը արվել է շատ արագ՝ առանց լավորակ նյութերի (կարտոնը բարակ էր և մաշված ու շատ դժվար էր դրանով աշխատել՝ առանց ամբողջ կտորը փչացնելու)։ Համոզվեցիք չէ՞, որ դուք էլ ավելի հրաշալի լուծումներ կարող եք գտնել և էլ ավելի հեքիաթային թատրոն ստեղծել։ Կարևորը, որ ինքներդ հավատաք այդ հեքիաթին։
Որպես հուշում նշեմ, որ թատրոնը կարող է ունենալ նաև աֆիշների համար հարմարեցված ստենդ, «բեմից» ներքև գտնվող հատվածում բացվող-փակվող դռնակ կամ պատուհան և այլն։ Ես պարզապես շատ էի շտապում արագ վերջացնել թատրոնը և առավոտյան ուրախացնել տղայիս ու ձեռքի տակ չունեի նման ընդլայնված լուծումների համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Բայց հաջորդիվ անպայման ավելի հետաքրքիր տարբերակի շուրջ կմտածեմ։

Փայլուն սոսինձներով ձևավորում անելու դեպքում չկրկնեք իմ սխալը, ձևավորումը չանեք թատրոնի շենքը ուղահայաց դիրքում դրած, քանի որ մի որոշ ժամանակ անց տառերը/պատկերները կսկսեն ծորալ և հնարավոր է, որ չհասնեք փրկել իրավիճակը։

Իսկ մեր պրեմիերան անցավ շատ տոնական մթնոլորտում՝ հրավիրվել էին տատիկները և պապիկները, ունեինք տոմսեր, լույսեր և բացման երաժշտություն, հանդիսավար արջուկ, դե իսկ բուն ներկայացումը «Շաղգամն» էր, որի բեմականացման համար մեզ օգնության եկավ Բուկինիստի գիրք-խճանկարը։

Ընդամենն անհրաժեշտ եղավ պատկերների հետևի կողմից սքոչով փայտիկներ ամրացնել, որպեսզի յուրաքանչյուր հերոսի իր դերն ավարտելուց հետո կարողանամ ֆիքսել:

Բուն ներկայացումից առաջ ողջույնի խոսք ասաց և հյուրերի հետ շփվեց հանդիսավար արջուկը։ Ինձ համար անմոռանալի էր տեսնել Արեգի հուզված դեմքը, ով այնքան էր կլանվել այդ իրականությամբ, որ ամաչեց անգամ պատասխանել Արջուկի հարցերին ^_^
Մոտ օրերս պատրաստվում ենք ընդլայնել խաղացանկը (այդ թվում՝ ունենալ երաժշտական ներկայացում), ունենալ փոքրիկ հյուրեր, գեղեցիկ ձևավորումով տոմսեր և բուկլետներ։

Հետևեք Բզբզանի ֆեյսբուքյան էջին, և ձեզ կներկայացնեմ նոր ներկայացումներից լուսանկարներ, նոր ձևավորումների գաղափարներ։ Ինչպես նաև չմոռանաք կիսվել ձեր պատրաստած տիկնիկայի թատրոնների լուսանկարներով ;)

Monday, September 3, 2018

Արագ պատրաստվող խաղ տան գործերով զբաղված մայրիկների համար

Կարևոր խորհուրդ սկսնակ մայրիկներին կամ թե ի՞նչ գաղտնիք ունեն փորձառու մայրիկները։

Ամեն ինչ հասցնող փորձառու մայրիկների գաղտնիքներից մեկն էլ այն է, որ միշտ ձեռքի տակ ունենում են կիսապատրաստի սնունդ նյութեր՝ երեխայի համար արագ պատրաստվող զբաղմունքներ հնարելու համար։ 

Օրինակ, երբ նախորդ անգամ հայրիկը տանը չէր, իսկ ես խոհանոցում գործեր ունեի անելու, դեռևս մի քանի ամիս առաջ պահեստավորած պենոպլաստը և գունավոր թղթերի կտորտանքները եկան օգնության։ 

Ինչպե՞ս

Խոհանոցի հատակին փռեցի Արեգի խաղերի համար նախատեսված մոմլաթե սփռոցը, վրան տեղավորեցի մեծ և խորը թաս՝ գոլ ջրով լի, այնուհետև պենոպլաստից Արեգի հետ փոքր կտորներ պատրաստեցինք և փայտե չոփիկների ու գունավոր թղթերի կտորտանքի օգնությամբ շատ արագ և հեշտ ստացանք փոքրիկ առագաստանավեր։ Բնականաբար խաղի ընթացքը իր մեջ կարող է նաև ներառել թղթից կտորներ ստանալը, բայց քանի որ ինձ հարկավոր էր տղայիս համար արագ որևէ զբաղմունք գտնել և նախորդ խաղերից պահած հարմար կտորներ ունեի, մենք այդ քայլը  բաց թողեցինք։
Ահա և վերջ, առագաստանավերը պատրաստ են, երեխան փորձարկումներ է անում, փչում, խորտակում նավակները, իսկ դուք հասցնում եք և´ ձեր գործերը անել և´ ընթացքում խրախուսել կամ խորհուրդներ տալ, թե էլ ինչ փորձեր անել նավակներով։ Կարևոր է խաղալու անկյունը ձեզ մոտ վայրում պատրաստել (իմ դեպքում խոհանոցում), որպեսզի երեխան ձեր կողքին լինի, իրեն միայնակ չզգա և ձեր հետ կիսվի տպավորությւոններով։ Այդ դեպքում խաղը նրան շուտ չի ձանձրացնի։ 

Վերջում կարող եք միասին վերլուծել, թե որ նավակն ինչպես իրեն դրսևորեց, թուղթը թրջվելիս ինչպես փոխեց իր հատկությունը և այլն։