Նկարչությանը հաճախ եմ անդրադառնում, քանի որ դա մեր ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Որևէ այլ խաղի ժամանակ հնարավոր չէ այդքան շատ ստեղծարար և բազմազան լինել, երբ խոսքը վերաբերվում է 6 ամսականից 2 տարեկան փոքրիկներին։ Իսկ հիմա շատ արագ մի քանի հետաքրքիր դիտարկում.
- Նկարել կարելի է ոչ միայն թղթի, ձվի կեղևի, ընդեղենի և զանազան այլ մակերեսների վրա, այլ փայլաթիթեղի (հիշում եք չէ՞, որ փայլաթիթեղը ևս կարևոր տեղ ունի փոքրիկի խաղային զինանոցում)։ Դա բոլորովին նոր փորձառություն է երեխայի համար, քանի որ ներկը այլ կերպ է տարածվում, քան թղթի վրա, այլ երանգներ է ստանում, իսկ մատիկներով նկարելիս անասելիորեն հաճելի է։
Մատիկներով նկարելու դեպքում հատկապես օգտակար է փայլաթիթեղը, քանի որ ճմրթած և հարթ մակերեսների տարբերությունները կարևոր մարզանք են փոքրիկի շոշափելիքների համար։ - Հաջորդ փոքրիկ խորամանկությունը. տարբեր գույների ներկերով խաղալիս մի քանի վրձին տվեք ձեր փոքրիկին (50 դրամանոց բարակ վրրձիններ կան վաճառքում, դրանք մատչելի լինելուց բացի նաև շատ հարմար են և գունավոր պոչեր ունեն. ամեն գույնի ներկի համար կարող եք ընրել մեկ վրձին)։ Այդպես թե՛ ներկերը չեն խառնվի և դեռ մինչև տուփի ավարտվելը անպետք չեն դառնա և թե՛ ձեր երեխայի նկարը կլինի իր պատկերացրած գունային համադրություններով։
- Miniso Armenia խանութում վաճառվում են նկարում ցուցադրված ներկերից, որոնք շատ հարմար են, քանի որ փականների վրա դրոշմանիշներ ունեն, և երեխան կարող է դրանցով «կնքել» իր նկարները։ Եթե անգամ դուք այլ ապրանքանիշի ներկեր եք օգտագործում, նմանատիպ դրոշմանիշներ կարող եք գտնել. դրանցից առանձին վաճառում են գրենական պիտույքների խանութներում։ Պարզապես Miniso-ի պարագայում ես շատ հավանում եմ նաև ներկերի տուփերը, որոնք փազլաձև միանում են միմյանց՝ դառնալով, օրինակ գնացք կամ որևէ այլ համադրություն։ Անգամ ներկերի վերջանալուց հետո տուփերը կարող եք լվալ և պահել որպես փազլ խաղալիք, ինչպես նաև կարող եք փոքրիկ առարկաներ պահել դրանց մեջ, որպեսզի երեխան հետաքրքիր բացահայտումներ անի։ Միայն պետք է նշեմ, որ այս ներկերը դժվար են անցնում հագուստի վրայից՝ ի տարբերություն սննդանյութի հիմքի վրա տանը պատրաստվող ներկերի։
- Եվ վերջում, եթե բալիկը փոքրիկ չարաճճիություններ է նախաձեռնում, ենթադրենք՝ ներկում է հագուստը կամ իր մարմինը, մի բարկացեք, մի լարվեք, այլ եղեք պատրաստ նման շրջադարձերի և խրախուսեք փորձարարությունը։ Սա ինքնաճանաչման և զանազան երևույթների բացահայտման կարևոր նախապայման է։
No comments:
Post a Comment