Որոնում

Saturday, February 23, 2019

Շատ հեշտ պատրաստվող ձնեմարդ՝ 2+ տարիքի բալիկների համար

Շարունակելով ձմեռային խաղերի թեման, այս անգամ առաջարկում եմ 3D-ի փոխարեն պատրաստել ավելի հեշտ՝ 2D ձնեմարդ՝ ուռուցիկ մակերեսով։

Ձեզ և ձեր բալիկին անհրաժեշտ կլինի՝

  • դեմքի խնամքի բամբակե սկավառակներ,
  • գունավոր թուղթ,
  • ինքնասոսնձվող փայլուն քարեր,
  • ֆլոմաստեր։
Այս ձնեմարդուկին պատրաստելը շատ հեշտ է, և կարևորը՝ ձեր երեխան կարող է գրեթե ամբողջությամբ ինքնուրույն աշխատել։ Նախ, երեխայն առաջարկեք սոսնձել բամբակե ձնեմարդուկները թղթի վրա այնպես, որ ստացվի ձնեմարդ։ 

Այնուհետև կարող եք փոքրիկի օգնությամբ թղթից գլխարկ պատրաստել և սոսնձել։
Հաջորդիդ անհրաժեշտ է վերջացնել ձևավորումը. փակցնել աչքերը, նկարել քիթ֊բերան, և ամրացնել կոճակները (Արեգը նաև ֆլոմաստերով ձեռքեր նկարեց, բայց դրանք այքան էլ լավ չեն երևում)։
Պարզվեց, որ ֆլոմաստերով բամբակի վրա նկարելն այնքան էլ հարմար չէ, քանի որ բամբակը կպչում է ֆլոմաստերի ծայրին և նկարելը շատ դժվարանում է։ Միգուցե գուաշով նկարելը ավելի հարմար լինի։ Եթե փորձեք, անպայման գրեք մեկնաբանություններում, թե ինչպես ստացվեց։

Իսկ այս լուսանկարն Արեգն ինքն է արել :)))

Տնային զբաղմունքներ՝ ձմեռային թեմատիկայով․ 3D ձնեմարդուկներ

Չնայած տանը երեխայի հետ կազմակերպվող խաղերի մեծ մասը հնարավոր է խաղալ տարվա ցանկացած եղանակի, այնուամենայնիվ երեխայի համար շատ ավելի ուուցողական և տպավորիչ է լինում, երբ ամեն եղանակին համապատասխան զբաղմունքներ եք նախաձեռնում՝ ընթացքում զրուցելով այդ եղանակի առանձնահատկություններից։

Մենք արդեն հասցրել ենք միասին խաղալ ձմեռային թեմատիկայով սենսորային խաղ, ինչպես նաև տնային պայմաններում ձյուն պատրաստել։ Եվ քանի որ այս տարին առանձնապես ձնառատ չէ, առաջարկում եմ չմնալ ձյուն տեսնելու հույսով և տանը պատրաստել ձնեմարդ։

Դրա համար մեզ անհրաժեշտ է՝

1-ին տեսակի ձնեմարդու համար
  • թղթե սրբիչի ստվարաթղթե միջուկ,
  • սպիտակ անձեռոցիկ,
  • զարդարելու պարագաներ,
  • ֆլոմաստեր,
2-րդ տեսակի ձեմարդու համար
  • փոքր չափի պլաստիկ շիշ,
  • բամբակ,
  • նարնջագույն թուղթ,
  • զարդարելու պարագաներ։
1-ին տեսակի ձնեմարդուն պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել թղթե սրբիչի ստվարաթղթե միջուկը և վրան անձեռոցիկ փակցնել (ավելի ճիշտ կլինի երկկողմանի կպչուն ժապավեն օգտագործել, որպեսզի հեղուկ սոսնձից բարակ անձեռոցիկը չվնասվի)։ Այնուհետև զարդարում եք ըստ ճաշակի և ըստ երեխայի ցանկությունների։ 
Ինչպես տեսնում եք, ես և Արեգը այս տարբերակով սարքված ձնեմարդուկների համար փափուկ քիթիկներ ենք կտրել և ամրացրել, ինչպես նաև օգտագործել ենք շարժվող բիբերով ինքնակպչուն աչքեր, որպեսզի մեր հերոսները զվարճալի լինեն և փայլփլուն կպչուն քարեր՝ մի դեպքում որպես կոճակներ, մյուս դեպքում որպես բերան։ Ավելի փոքրիկ ձնեմարդու բերանը կպցնելիս Արեգը մի փոքր վնասեց անձեռոցիկը, բայց դա էական չէ։ Ավելի կարևոր է, որպեսզի երեխան վայելի ընթացքը և ամբողջությամբ ներգրավված լինի, քան այն, որ իդեալական արդյունք ստանաք։ Կերպարը ամբողջացնելու համար օգտագործեք ինչ որ կունենաք ձեռքի տակ, դա լինի ժապավեն, թել, թե պոմպոն։ 

Շշից պատրաստված ձնեմարդուկի հետ ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Երեխային որոշ քանակի բամբակ տվեք, և խնդեք, որպեսզի դրանցից կլորակներ կամ «որդեր» պատրաստի և մտցնի շշի մեջ։ Վստահեցնում եմ՝ երեխային շատ դուր կգա ձեր խնդրանքը և մեծ հաճույքով գործի կանցնի։ Այնուհետև զարդարեք ձնեմարդուն ըստ ձեռքի տակ եղած իրերի։

Ահա և այսքանը։ Այժմ ձեր բալիկը կարող է հանգիստ լինել, որ այս տարի հասցրել է ձնեմարդ պատրաստել։ 

Thursday, February 14, 2019

Ինչպե՞ս սիրո տոները անցկացնել երեխաների հետ․ տեսանյութ

Սիրո տոները կարելի է նշել անգամ երեխաների հետ։ 💜
Օրինակ 2.8 տարեկան Արեգին ասեցինք, որ այսօր իրար ավելի հաճախ փաթաթվելու և պաչիկ անելու տոն է, և առաջարկեցինք այդ առթիվ սրտիկ նկարել։

Եվ քանի որ սիրո տոները շատ առանձնահատուկ օրեր են, որոշեցինք որ նկարելու մեթոդն էլ պետք է յուրահատուկ և նորարարական լինի։ Հիմա պատմեմ մեր կիրառած տեխնիկայի մանրամասները․
  1. Վերցնում ենք A4 չափի թուղթ և էջանշման համար օգտագործվող կպչուն թղթերով նկարում սիրտ։ Եթե երեխան մեծ է, ապա այս քայլը կարող է հենց ինքն էլ անել։
  2. Այնուհետև թղթի վրա ենք լցնում ներկը և երեխային առաջարկում գրտնակելու մեթոդով տարածել ներկը թղթի ողջ մակերեսով։ Ես և Արեգը որոշեցինք ներկից ացի նաև փայլեր լցնել, այդպես ավելի հետաքրքիր և տոնական է։
  3. Վերջում հեռացնում ենք կպչուն թղթերը և ստանում ենք կարմիր մակերեսի վրա սպիտակ սրտիկ ^_^
Իսկ հիմա մի քանի խորհուրդ․
  • Վերցրեք հաստ թուղթ կամ երկու թուղթ իրար տակ դրեք, քանի որ ներկը ամբողջ մակերեսով տարածելու դեպքում բարակ թուղթը թրջվում է և կարող է անգամ վնասվել։
  • Օգտագործեք գուաշ կամ լոգանքի ընթացքում պատերի վրա նկարելու համար նախատեսված ներկ։ Յոգուրտի հիմքով ինքնաշեն ներկը կամ ջրաներկը այնքան էլ հարմար չէ այս նախագծի համար։
  • Որպես գրտնակ կարող եք օգտագործել թղթե սրբիչների ստվարաթղթե միջուկը, այն շատ հարմար է նման խաղի համար։ Ինչպես կարող եք տեսնել տեսանյութում, Արեգը սկզբում գլանակը բռնում էր դրսի կողմից՝ ներկոտելով թաթիկները, իսկ ընթացքում ինքնուրույն գլխի ընկավ, որ ներսի դատարկ մակերեսն ավելի հարմար է բռնելու համար։
Դե ձեզ հաճելի ժամանց ենք մաղթում և հաճելի սիրառատ օրեր։ :)

Wednesday, February 13, 2019

Ձկնորսություն արհեստական լճակում. փոքրիկների և մեծիկների համար

Սիրելի ծնողներ, ձեր փոքրիկները տեսել են, որ իրենց ընկերը ձկնիկներ բռնելու հավաքածու ունեն և անվերջ խնդրո՞ւմ են ձեզ գնել նույնից։ Կամ գուցե նրանք ունեն նմանատիպ խաղալիք, բայց փչացրել են կամ էլ հոգնել և այլևս չեն խաղում։

Բոլոր դեպքերում էլ առաջարկում եմ երեխային զբաղեցնել ձկնորսության նոր և անսովոր ձևով, որը՝

ծախսատար չէ,
անհրաժեշտ չէ պարբերաբար մարտկոցներ փոխել,
իրական ջրով խաղալու հնարավորություն է ստեղծում, ինչը երեխաները շատ են սիրում
և իհարկե
զարգացնում է երեխաների երևակայությունը, մանր շարժողականությունը և աչք ու ձեռք համաժամանակյա շարժունակությունը։
Այս խաղի իրագործման համար հատկապես աղջիկների մայրիկներն անգամ խանութ գնալու կարիք չեն ունենա. վստահաբար տանը շատ ունեք մազերի հյուսքերի համար նախատեսված մանր ռեզիններ (տղաների մայրիկներին խորհուրդ եմ տալիս անհապաղ գնել մի փաթեթ մանր ռեզին, քանի որ դրանցով կարող եք նաև այլ զարգացնող խաղեր խաղալ)։

Ամեն ինչ շատ պարզ է, վերցնում ենք մի աման ջուր, մեջը լցնում հյուսքերի ռեզինները և երեխային տալով որևէ փայտիկ (ես չինական փայտիկ եմ օգտագործել)՝ առաջարկում նրան որսալ «ձկնիկ» ռեզիններին։
Խաղը կարելի է խաղալ ինչպես մենակ, այնպես էլ մինչև չորս հոգով, ինչը մրցակցային և էլ ավելի ոգևորիչ կդարձնի ընթացքը։

Monday, February 11, 2019

Գնդասեղ և ռեզին. խաղ երկուսից յոթ տարեկանների համար

Հերթական խաղը, որ ուզում եմ ներկայացնել գունավոր գնդասեղներով և հյուսքերի մանր ռեզիններով է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս խաղը։

Գունավոր գնդասեղները խրում եք որևէ ամուր մակերեսի մեջ, ցանկալի է, որ երեխան ինքը մասնակցի այդ գործընթացին, այնուհետև տալիս եք մանր ռեզինները և առաջարկում երեխային, դրանք անցկացնել գնդասեղների վրա։

Եթե ձեր բալիկը փոքրիկ է, առաջարկեք պարզապես իրար կողք գտնվող երկու գնդասեղ ռեզինով միացնել մեկմեկու,  իսկ եթե բավարար մեծ է (3+), կարող եք առաջարկել զանազան պատկերներ ստանալ, օրինակ՝ եռանկյունի, քառակուսի, ուղղանկյուն և այլն (այս պարագայու ավելի ճիշտ կլինի մեծ հիմք վերցնել և գնդասեղներն էլ հեռու֊հեռու դնել, իսկ հյուսքերի ռեզինների փոխարեն սովորական դրամի ռեզին տալ երեխային)։
Երկար ժամանակ էր, ինչ այս զբաղմունքը մտքիս էր, բայց չէի հաջողացնում նախաձեռնել, և վերջապես ես և Արեգը կարողացանք փորձարկել այս պարզ բայց և շատ հեշտ խաղը, որը չափազանց կարևոր է փոքրիկների մանր շարժողականության զարգացման համար։ 

Ինչո՞ւ վերջապես, քանի որ երկար ժամանակ չէի գտնում անհրաժեշտ նյութ, որը որպես հիմք կծառայեր գնդասեղները ամրացնելու համար։ Փնտրում էի փայտի թեփից պատրաստված խտանյութ֊տախտակ, որը իդեալական կլիներ այս զբաղմունքի համար։ Բայց քանի որ չկարողացա նման տախտակ ձեռք բերել, ի վերջո որոշեցի քեչայից պատրաստված բաժակի տակդիր օգտագործել, ինչը շատ լավ աշխատեց։ Միակ բացասական կողմը փոքր տարածությունն էր։ Եթե ձեզ ավելի մեծ մակերես է հարկավոր, կարող եք մի փոքր հաստ ստվարաթուղթ վերցնել կամ կրկնակի ծալել։ 

Ահա այսքանը, մնացածը կախված է ձեր երևակայությունից։ Խաղը կաող է ծառայել ամենափոքրիկներից մինչև դպրոցահասկաների. կարելի է այս մեթոդով տառեր ստանալ, պատկերներ կամ գույներ սովորել կամ պարզապես երեխայի ստեղծարարությունը և հնարամտություն խթանել։ Չէ՞ որ ամենաանհավանական նյութերից խաղեր պատրաստելը երեխային դարձնում է համարձակ և փորձարար։