Որոնում

Monday, February 11, 2019

Գնդասեղ և ռեզին. խաղ երկուսից յոթ տարեկանների համար

Հերթական խաղը, որ ուզում եմ ներկայացնել գունավոր գնդասեղներով և հյուսքերի մանր ռեզիններով է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս խաղը։

Գունավոր գնդասեղները խրում եք որևէ ամուր մակերեսի մեջ, ցանկալի է, որ երեխան ինքը մասնակցի այդ գործընթացին, այնուհետև տալիս եք մանր ռեզինները և առաջարկում երեխային, դրանք անցկացնել գնդասեղների վրա։

Եթե ձեր բալիկը փոքրիկ է, առաջարկեք պարզապես իրար կողք գտնվող երկու գնդասեղ ռեզինով միացնել մեկմեկու,  իսկ եթե բավարար մեծ է (3+), կարող եք առաջարկել զանազան պատկերներ ստանալ, օրինակ՝ եռանկյունի, քառակուսի, ուղղանկյուն և այլն (այս պարագայու ավելի ճիշտ կլինի մեծ հիմք վերցնել և գնդասեղներն էլ հեռու֊հեռու դնել, իսկ հյուսքերի ռեզինների փոխարեն սովորական դրամի ռեզին տալ երեխային)։
Երկար ժամանակ էր, ինչ այս զբաղմունքը մտքիս էր, բայց չէի հաջողացնում նախաձեռնել, և վերջապես ես և Արեգը կարողացանք փորձարկել այս պարզ բայց և շատ հեշտ խաղը, որը չափազանց կարևոր է փոքրիկների մանր շարժողականության զարգացման համար։ 

Ինչո՞ւ վերջապես, քանի որ երկար ժամանակ չէի գտնում անհրաժեշտ նյութ, որը որպես հիմք կծառայեր գնդասեղները ամրացնելու համար։ Փնտրում էի փայտի թեփից պատրաստված խտանյութ֊տախտակ, որը իդեալական կլիներ այս զբաղմունքի համար։ Բայց քանի որ չկարողացա նման տախտակ ձեռք բերել, ի վերջո որոշեցի քեչայից պատրաստված բաժակի տակդիր օգտագործել, ինչը շատ լավ աշխատեց։ Միակ բացասական կողմը փոքր տարածությունն էր։ Եթե ձեզ ավելի մեծ մակերես է հարկավոր, կարող եք մի փոքր հաստ ստվարաթուղթ վերցնել կամ կրկնակի ծալել։ 

Ահա այսքանը, մնացածը կախված է ձեր երևակայությունից։ Խաղը կաող է ծառայել ամենափոքրիկներից մինչև դպրոցահասկաների. կարելի է այս մեթոդով տառեր ստանալ, պատկերներ կամ գույներ սովորել կամ պարզապես երեխայի ստեղծարարությունը և հնարամտություն խթանել։ Չէ՞ որ ամենաանհավանական նյութերից խաղեր պատրաստելը երեխային դարձնում է համարձակ և փորձարար։

No comments:

Post a Comment