Եթե ձյուն չի գալիս, հոգ չէ, կարող եք ինքներդ ստեղծել ձյուն ձեր փոքրիկների համար և հենց տանը։ Հետաքրքրե՞ց, դե անցնենք գործի։
Մեզ անհրաժեշտ է՝
- սոդա,
- ջուր,
- տարրա։
Նախ, հարկավոր է սոդան մի գիշեր թողնել սառցախցիկում, այնպես որ նախապես պլանավորեք, թե երբ եք ուզում խաղը անցկացնել։ Այնուհետև, երբ կունենաք լավ սառեցված սոդա, լցրեք այն որևէ տարրայի մեջ և ավելացրեք սառը ջուր։ Ստացված խառնուրդը․
- նման է ձյան,
- շատ սառն է,
- անվտանգ է։

Հիմա ուզում եմ ձեզ զգուշացնել հնարավոր սխալների մասին, որոնք ես արել եմ։ Նախ, սառեցրեք հնարավորինս շատ սոդա։ Ես սառցարան դրեցի մեկ տուփի մոտ մեկ երրորդը (այնքան, որքան ունեի այդ պահին)։ Այնուհետև ջուրը ավելացրի ոչ թե աստիճանաբար խառնելով, այլ միանգամից։ Արդյունքում ստացվեց ջրի ավելցուկ, որը ստիպված եղա քամիչով անցկացնել, որի հետ գնաց նաև առանց այդ էլ քիչ սոդայի մի մասը։ Եվ վերջին սխալը, որը ես արեցի՝ խառնուրդը բավականին մեծ տարրայի մեջ լցնելն էր։ Ի սկզբանե ես մտածեցի, որ մեծ ամանում ավելի հարմար կլինի խաղալ, սակայն հաշվի չառա, որ քիչ սոդայով զանգվածը մեծ մակերեսի վրա խեղճուկրակ տեսք կունենա ։)
Եվ պատկերացրեք, որ չնայած այս բոլոր թերացումներին, Արեգը բավական հետաքրքրված և ահագին երկար ժամանակ խաղաց ինքնաշեն ձնով։ Մեր խաղին միացան նաև ավտոմեքենան, որը քշում էր ձյան միջով և պինգվինը, ով վերջապես իր հայրենիքում էր հայտնվել, բայց ամենից շատ Արեգին դուր եկավ գդալով ձանգվածը այս ու այն կողմ տանել-բերելը և քամիչով «ձյուն է գալիս» էֆեկտ ստանալը։
Նշեմ նաև, որ խաղի սկզբում «ձյունը» բավականին սառն էր, և Արեգը անակնկալի եկավ ու անգամ մատիկները սառեցին։ Այդ ընթացքում մենք մի փոքր զրուցեցինք այն մասին, որ իրական ձյունը նույնպես շատ սառն է լինում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձեռնոցներ հագնել։ Բայց մինչ մի փոքր գդալով խաղացինք, սոդայաձյունը մատիկներով խաղալու համար ավելի հաճելի ջերմաստիճանի եկավ, և Արեգը մեծ ոևորությամբ սկսեց ձեռքերով ուսումնասիրել ստացված զանգվածը, զանազան փորձարկումներ անել։ Եվ այնուամենայնիվ, այս խաղը կազմակերպելիս վստահ եղեք, որ սենյակը բավականին տաք և կամ երեխան տաք է հագնված, որպեսզի սառը զանգվածով խաղալու պատճառով չմրսի։
No comments:
Post a Comment