Որոնում

Thursday, January 31, 2019

Ինչպես պատրաստել Հրաշք-արկղիկ (շոշափիր, լսիր, տես)․ 6 ամսականից 1 տարեկանների համար

Քանի որ Արեգի հետ արդեն բավական բարդ խաղեր և գիտափորձեր ենք կարողանում կազմակերպել, առավել պարզ փորձարկումները կարծես դուրս են մնացել իմ ուշադրությունից։ Այնուամենայնիվ չեմ ուզում ամենափոքրիկներին աչքաթող անել, այնպես որ այս անգամվա հրապարակումս 6 ամսականից 1 տարեկան բալիկների համար է, իսկ նյութի հերոսը Էվան է՝ քրոջս բալիկը։
Այսպիսով, այս անգամ ես որոշեցի Էվայի համար որևէ նվեր գնելու փոխարեն ինքս պատրաստել, այնպիսի խաղալիք, որը բազմաֆունկցիոնալ կլինի։ Արդյունքում ստեղծվեց Հրաշք արկղիկը։ 

Ի՞նչ է այն։

Հրաշք արկղիղկ․ գործառույթ 1 (շոշափել)

Վերցրեցի բջջային հեռախոսի տուփ, վերևից և ներքևից անցքեր արեցի։ Անցքերով մտցրեցի զանազան ժապավեններ և թելեր, այնպես, որ մի կողմից մտնի, մյուսից դուրս գա։ Ժապավենների և թելերի երկու ծայրերը հանգույցներ գցեցի։ Փոքրիկի առաջադրանքն է թելերը վեր-վար քաշել։ Այդպիսով երեխան․
  • բացահայտում է պատճառահետևանքային կապերը․ քաշում ես, երկարում է, հակառակ կողմից ես քաշում, կարճանում է,
  • շոշափում է զանազան տեքստուրաներ (ժապավեն, հաստ և բարակ թելեր, դրանց վրայի հանգույցներ), մերսում մատիկները։ 
Հրաշք արկղիղկ․ գործառույթ 2 (լսել)

Տուփը երկու կողմերից կպչուն ժապավենով փակելուց առաջ մեջը դեկորատիվ մանր քարեր լցրեցի, որպեսզի արկղիկը դառնա չխկչխկան։ Քարերը կարելի է փոխարինել այլ առարկաներով։
  • Նորից և նորից պատճառ-հետևանքներ․ երեխան չխկչխկացնում է, և հասկանում, որ իր գործողությունների արդյունքում աղմուկ ստեղծվեց։
  • Պարզապես ժամանց․ երեխաները սիրում են աղմուկ ունկնդրել :)
 Հրաշք արկղիղկ․ գործառույթ 3 (տեսնել)

Վերջում՝ արկղիկը նվիրելուց առաջ վրան փակցրեցի զանազան ստիկերներ՝ վառ գույների, կենդանիներ պատկերող և մի փոքր հաստություն ունեցող, ինչպես նաև ստիկեր-հայելի տեղադրեցի։ Այսպիսով՝
  • արկղիկը դարձավ ավելի գրավիչ երեխայի համար, քանի որ ուսումնասիրելու շատ բան կա վրան (փոքրիկի համար զուգահեռ կարելի է կրկնել կենդանիների անունները և գույները),
  • երեխան հայելում կարող է տեսնել ինքն իրեն և հասկանալ, որ այս մի պատկերը տարբերվում է մյուսներից, այն շարժվում է և փոփոխվում,
  • արկղիկը շոշափելու առումով ևս ավելի հետաքրքիր դարձավ, քանի որ դրա վրա կան զանազան հարթ և բարձր մակերեսներ, իրարից տարբերվող տեքստուրաներ։
Գեղեցիկ, փափուկ, բազմազան կպչուկներ և ինքնասոսնձվող մանկական հայելիներ վաճառվում են մի շարք գրախանութներում, խաղալիքների խանութներում, ինչպես նաև ձևավորման պարագաների խանութներում։
Ահա և Էվայի բազմաֆունկցիոնալ հրաշք արկղիկը պատրաստ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան տպավորիչ կարող է լինել, եթե ձեր մտերիմի բալիկի համար նման ինքնաշեն նվեր պատրաստեք։

Wednesday, January 23, 2019

Կերակրում ենք ծիտիկին որդերով․ ուսուցողական խաղ

Առաջարկում եմ հենց այսօր գնումների գնալիս մտնել մոտակա «կենդանիների աշխարհ» խանութը, և 100դրամով գնել մի փաթեթ թեփ (սովորաբար ծովախոզուկների համար են վաճառում): Եթե սա արդեն արեցիք, ձեզ մնում է ճարել.
  • 1 փոքր արկղ (կոշիկի տուփը շատ հարմար չափ է) կամ խորություն ունեցող որևէ տարրա,
  • խաղալիք թռչուն, կարող եք ինքներդ պատրաստել,
  • որդեր պատրաստելու համար որևէ նյութ (կարող եք անգամ թղթից կտրատել, կամ հաստ թելերից ստանալ, բայց ամենաիդեալական տարբերակը նկարներում ցուցադրված դեկորատիվ փայտիկներից, որոնք բարակ մետաղալարերից են պատրաստված, իսկ վրայից փափուկ սինթետիկ մատերիալ է․ նման բաներ վաճառում են ձևավորման խանութներում, ինչպես նաև գրենական պիտույքներ ներկայացնող որոշ խանութներում, օրինակ՝ Բուկինիստում),
  • խոհանոցային աքցան։
Մնացածը՝ ըստ բեմադրության կամ երևակայության։ Օրինակ, առաջին անգամ երբ խաղացինք Արեգի հետ այս խաղը, հիմնական շեշտադրումը զգայարանների վրա էի դրել՝ թեփի հոտն էինք շնչում, մատիկներով շոշափում, հետո աքցանով աշխատում, որդերին կամ ինչպես խաղի մեջ էի ասում՝ չարաճճի ճիճուներին ձեռքով բռնում և այլն։ Իսկ բուն խաղի սցենարը պարզ էր, կերակրում ենք քաղցած ծիտիկին (երեխան ընթացքում սովորում է, որ թռչունները որդերով են կերակրվում)։
Երկրորդ անգամ մի փոքր ընդլայնեցինք խաղը՝ ծիտիկներն արդեն երկուսն էին, նրանք ունեին բուն, ուր կային նաև ձվիկներ, որոնցից պիտի դուրս գային իրենց փոքր քույրն ու եղբայրը։ Ծիտիկները քաղցած էին, քանի որ մայրիկ ծիտիկը գնացել էր աշխատանքի  և մի փոքր ուշանում էր։ Ընթացքում պատմեցի նաև, որ անձևրորդերը հայտնվում են անձրևից հետո, բայց եթե հողը (թեփը) փորենք, անգամ առանց անձրև եղանակի դեպքում թաքնված խորքերից կարող ենք որդեր գտնել (այս սցենարի դեպքում նախապես թեփի մեջ թաքցրեք որդերը)։
Այս խաղը թե՛ շատ ուշագրավ է և զբաղեցնում է փոքրիկին, թե՛ շատ ինֆորմատիվ է, ինչպես նաև հոգատարություն է սերմանում կենդանիների հանդեպ։ Հատկապես եթե երեխան չունի տնային կենդանի, կարող է իր հոգածության առարկան դարձնել խաղալիք ծիտիկին՝ զանազան համակարգչային կենդանիների փոխարեն (ինչպես օրինակ խոսող Թոմն է)։

Tuesday, January 22, 2019

Փայլփլուն սոսինձների մասին. լուսանկարներ + տեսանյութ

Փայլփլուն սոսինձները փոքրիկների գրենական պիտույքների հավաքածուում իրենց պատվավոր տեղը պիտի ունենան, քանի որ դրանք ստեղծագործական լայն հնարավորություններ են ընձեռում թե՛ հենց երեխաներին և թե՛ խաղը կազմակերպող մեծահասակին։

Օրինակ, փայլփլուն սոսինձները շատ օգտակար են եղել «աստղերը շշի մեջ» թերապևտիկ-ժամանցային խաղը կազմակերպելիս, բայց դրանք պակաս կարևոր չեն նաև ամենասովորական նկարչության և ձևավորման աշխատանքներում։

Տղաս փայլփլուն սոսինձները առաջին իսկ ծանոթությունից շատ սիրեց և մինչ օրս մեծ հաճույքով զբաղվում է դրանցով։

Այսպիսի սոսինձներով կարելի է՝
  • գեղեցիկ պատկերներ ստանալ,
  • բացիկներ և կոլաժներ ձևավորել։
Այս սոսինձները խիստ օգտակար են՝
  1. մատիկների մկանները մարզելու համար, քանի որ տարրաները սեղմելով և ուժ գործադրելով է հնարավոր պարունակությունը դուրս բերել,
  2. մատների ծայրերի զգայարանները աշխատացնելու համար, քանի որ սոսնձանյութի մեջ եղած փայլերը մերսող էֆեկտ են ունենում, եթե երեխան մատիկներով է նկարում, ինչպես դա անում է Արեգը այս տեսանյութում։
     
Ահա և Արեգի պատրաստած նկարներից :)

Friday, January 18, 2019

Երեք կանաչուկ

Եթե մեկ անգամ գնեք դեկորատիվ թրթռուն աչքեր, ապա դրանք կդառնան ձեր և ձեր բալիկի զինանոցի անբաժան մասը։ Այս աչուկներով հնարավոր է «կենդանացնել» ցանկացած առարկա, ինչպես նաև հետաքրքիր կոլաժներ պատրաստել։

Այսպիսի մի շատ հասարակ, բայց տպավորիչ կոլաժ հեղինակեց Արեգը ընդամենը օգտագործեոլով կպչուն աչուկներ, գունավոր թուղթ և գրիչ։ 
Իհարկե, գաղափարը Արեգին հուշել եմ ես, բայց մարմինների ֆորմաները Արեգը որոշեց կամայական։ Աչքերի տակ կանաչ մարմինները սոսնձելուց հետո Արեգին առաջարկեցի մարդուկներին բերան, ձեռքեր և ոտքեր նկարել։

Ինչպես տեսնում եք, մարդուկներից մեկին Արեգը տվեց երեք ոտք, իսկ մեկին առհասարակ հրաժարվեց վերջույթներ նկարել։ 

Վերջում Արեգին խնդրեցի որոշել, թե իր ստեղծած կերպարներից ով ինչ տրամադրություն ունի, և մենք միասին հասկացանք, որ նրանցից առաջինը զայրացած է, մյուսը ուրախ և վերջինը տխուր։

Հուսով եմ, ձեզ դուր եկան մեր մինիմալիստական մարդուկ-կանաչուկները ^_^

Monday, January 14, 2019

Գտիր կորած խաղալիքը․ սենսորային խաղ

Շատ հետաքրքիր և կարևոր սենսորային խաղ, որը կօգնի ձեր բալիկին ճանաչել առարկաները ոչ միայն տեսքով, այլև ըստ ձևի՝ առարկան մտովի վերլուծելով և դրա մասին պատկերացում կազմելով՝ ըստ մի շարք գործոնների, ինչպես օրինակ՝ չափը, նյութը, մակերեսն իր հարթություններով և գոգավորություններով, կարծրությունը կամ փափկությունը և այլն։

Այս հմտությունը զարգացնելը օգնում է երեխաներին ավելի ամբողջական պատկերացում ունենալ աշխարհի մասին, ինչպես նաև մարզել մատիկները։

Իսկ հիմա բուն խաղը։

Ալրի մեջ թաքցնում ենք տարբեր մանր առարկաներ, որոնք երեխային նախապես ցույց չենք տալիս։ Այնուհետև երեխային տալիս ենք մեկ խաղալիք, որպեսզի շոշափի և ուշադիր դիտի այն, այնուհետև այս վերջին խաղալիքը ևս թաքցնում ենք ալրի մեջ։
Հաջորդիվ փակում ենք երեխայի աչքերը (կարող եք կապել վզկապով կամ քնելու դիմակ հագցնել) և խնդրում, որպեսզի ալրով լի ամանի մեջ փնտրի այն խաղալիքը, որը իրեն ցույց եք տվել։
Արեգին այս խաղը շատ զվարճալի թվաց, քանի որ առաջին անգամ էինք ալյուրով խաղում փակ աչքերով։ Իրականում Արեգը շատ արագ և հեշտ լուծեց առաջադրանքը։ Շոշափած ֆորմաները ասոցատիվ կապերով համադրելով մտապատկերում ունեցած խաղալիքի հետ շատ արագ հասկանում էր՝ ձեռքում գտնված իրը իրեն անհրաժեշտ առարկան է, թե ոչ։

Ամեն մի առարկան հանելիս Արեգն ասում էր՝ էս չի, էս չի, մինչև ոչ գտավ անհրաժեշտ խաղալիքը 😊

Խաղը խաղացինք երեք անգամ և ամեն հաջորդ անգամը ես նոր առարկաներ էի թաքցնում ալյուրի մեջ։ Ի վերջո Արեգը հոգնեց և ասաց, որ այժմ իմ հերթն է փակ աչքերով խաղալիք փնտրելը, ինչը և ես մեծ հաճույքով արեցի։

Վերջում պարզապես ալրով սովորական խաղեր խաղացինք՝ տեղափոխել մի տարրայից մյուսի մեջ, շաղ տալ որպես ձյուն, մաղել և այլն։
Խաղը կարելի է կազմակերպել ոչ միայն ալյուրով, այլև աղով կամ սպիտակաձավարով (մաննի)։ Վերջում հաստատ լոգանք ընդունելու կարիք է լինելու։ Հետո չասեք, թե չեմ զգուշացրել։ 😊

Friday, January 11, 2019

Ուտելը հեշտ, սովորելը զվարճալի․ օգտակար խորհուրդ

Իսկ այժմ մակարոնեղենի մասին :) Ինչպե՞ս ուտելու պրոցեսը դարձնել ավելի գայթակղիչ, վերածել ոչ միայն հաճելի, այլև օգտակար խաղի։

Պատմեմ իմ և Արեգի՝ վերջերս հորինած խաղ-ճաշի մասին։ Քանի որ Արեգը, ինչպես և երեխաների մեծ մասը, ճաշելիս կարող է չցանկանալ տեղում նստած մնալ կամ բավարար քանակով ուտել, հերթական անգամ մակարոն ուտելիս մտածեցի Արեգի ուշադրությունը գրավել կերակրման պրոցեսը խաղի վերածելու միջոցով։ Այդ գործում ինձ օգնության եկան չինական փայտիկները։

Բոլորս էլ գիտենք, որ փոքրիկների համար բարակ առանցքի վրա մանր առարկաներ հավաքելը շատ օգտակար հմտություն է, որը զարգացնում է մանր մոտորիկան, նպաստում աչքի և ձեռքի շաժումների համաձայնեցմանը։ Ահա հենց այս խաղ-վարժանքն էլ կարելի է կիրառել մակարոն ուտելիս։
Ամեն մեկս վերցրինք մեկական փայտիկ, և մենք փորձում էինք փայտիկների վրա հավաքել հնարավորինս շատ մակարոն՝ մրցակցելով միմյանց հետ։ Իհարկե ընթացքում չմոռանալով ուտելու մասին, ինչն Արեգն անում էր մեծ հաճույքով և կարևորը` ինքնուրույն։

Խաղ-պրոցեսը երկու տեսակի կարող է լինել․
  • փորձել փայտիկի վրա հավաքել մակարոնները՝ առանց ձեռքի օգնության,
  • և նույնը անել մատիկների օգնությամբ (նախապես մաքուր լվացեք փոքրիկի թաթիկները, որպեսզի երբ որոշի մի ձեռքով օգնել ինքն իրեն, չարգելեք, այլ խրախուսեք)։

Այս փոքրիկ հնարքը իսկապես շատ արդյունավետ աշխատեց, և Արեգը մի շնչով կերավ ողջ բաժինը։ Ափսոս սա կիրառելի է միայն անցքերով մակարոնեղենի դեպքում։ Թե՞ գուցե դուք
այլ հետաքրքիր տարբերակներ եք մտածել  կերակրումը զվարճալի կազմակերպելու համար։ Եթե այդպես է, շատ ուրախ կլինեմ  ձեր փորձին ծանոթանալու և կիրառելու հնարավորության համար։

Tuesday, January 8, 2019

Ինչպես պատրաստել «ձյուն» տնային պայմաններում

Եթե ձյուն չի գալիս, հոգ չէ, կարող եք ինքներդ ստեղծել ձյուն ձեր փոքրիկների համար և հենց տանը։ Հետաքրքրե՞ց, դե անցնենք գործի։

Մեզ անհրաժեշտ է՝
  • սոդա,
  • ջուր,
  • տարրա։
Նախ, հարկավոր է սոդան մի գիշեր թողնել սառցախցիկում, այնպես որ նախապես պլանավորեք, թե երբ եք ուզում խաղը անցկացնել։ Այնուհետև, երբ կունենաք լավ սառեցված սոդա, լցրեք այն որևէ տարրայի մեջ և ավելացրեք սառը ջուր։ Ստացված խառնուրդը․
  1. նման է ձյան,
  2. շատ սառն է,
  3. անվտանգ է։

Հիմա ուզում եմ ձեզ զգուշացնել հնարավոր սխալների մասին, որոնք ես արել եմ։ Նախ, սառեցրեք հնարավորինս շատ սոդա։ Ես սառցարան դրեցի մեկ տուփի մոտ մեկ երրորդը (այնքան, որքան ունեի այդ պահին)։ Այնուհետև ջուրը ավելացրի ոչ թե աստիճանաբար խառնելով, այլ միանգամից։ Արդյունքում ստացվեց ջրի ավելցուկ, որը ստիպված եղա քամիչով անցկացնել, որի հետ գնաց նաև առանց այդ էլ քիչ սոդայի մի մասը։ Եվ վերջին սխալը, որը ես արեցի՝ խառնուրդը բավականին մեծ տարրայի մեջ լցնելն էր։ Ի սկզբանե ես մտածեցի, որ մեծ ամանում ավելի հարմար կլինի խաղալ, սակայն հաշվի չառա, որ քիչ սոդայով զանգվածը մեծ մակերեսի վրա խեղճուկրակ տեսք կունենա ։)

Եվ պատկերացրեք, որ չնայած այս բոլոր թերացումներին, Արեգը բավական հետաքրքրված և ահագին երկար ժամանակ խաղաց ինքնաշեն ձնով։ Մեր խաղին միացան նաև ավտոմեքենան, որը քշում էր ձյան միջով և պինգվինը, ով վերջապես իր հայրենիքում էր հայտնվել, բայց ամենից շատ Արեգին դուր եկավ գդալով ձանգվածը այս ու այն կողմ տանել-բերելը և քամիչով «ձյուն է գալիս» էֆեկտ ստանալը։

Նշեմ նաև, որ խաղի սկզբում «ձյունը» բավականին սառն էր, և Արեգը անակնկալի եկավ ու անգամ մատիկները սառեցին։ Այդ ընթացքում մենք մի փոքր զրուցեցինք այն մասին, որ իրական ձյունը նույնպես շատ սառն է լինում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձեռնոցներ հագնել։ Բայց մինչ մի փոքր գդալով խաղացինք, սոդայաձյունը մատիկներով խաղալու համար ավելի հաճելի ջերմաստիճանի եկավ, և Արեգը մեծ ոևորությամբ սկսեց ձեռքերով ուսումնասիրել ստացված զանգվածը, զանազան փորձարկումներ անել։ Եվ այնուամենայնիվ, այս խաղը կազմակերպելիս վստահ եղեք, որ սենյակը բավականին տաք և կամ երեխան տաք է հագնված, որպեսզի սառը զանգվածով խաղալու պատճառով չմրսի։

Saturday, January 5, 2019

Գիտափորձ 6 նյութով՝ գումարած երկու կոնֆետ (2-3 տարեկանների համար)

Գիտությունը կարող է հասկանալի և զվարճալի լինել անգամ կրտսեր նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Այս գիտափորձը, որի մասին կպատմեմ, առնվազն մեկ ժամ մեծ հետաքրքրություն պատճառեց Արեգին, և հետագայում երևույթների մասին քննական մտածողություն ունենալու գործում վստահաբարիր նպաստն է ունենալու։ 
Իսկ ի՞նչ գիտափորձ է սա։
Փորձել ենք պարզել, թե ինչն է լուծվում (կորչում) ջրում, իսկ ինչը ոչ։
Ուրեմն այսպես, վերցնում ենք մի քանի հումք, օրինակ՝ մեր գիտափորձի համար որպես գիտանյութեր ծառայեցին՝
  • աղը,
  • մանկական թեյը,
  • բրինձը,
  • շաքարավազը,
  • կակաոն,
  • եգիպտացորենի փոշին։

Ի սկզբանե որոշել էի ալյուր ևս օգտագործել, բայց խաղը կազմակերպելիս պարզապես մոռացա։
Արեգին «փորձանյութերին» ծանոթացնելուց հետո նրան տրամադրեցի դատարկ թափանցիկ բաժակներ և շշով ջուր։ Արեգին խնդրեցի, որպեսզի իմ օգնությամբ զգուշորեն ջուրը լցնի բաժակների մեջ։ Այնուհետև ամեն մի փորձանյութը հերթով լցնում էինք ջրով լի թափանցիկ բաժակի մեջ և դիտում, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում թե՛ նյութի և թե՛ ջրի հետ։
Ամեն նյութը լցնելուց և խառնելուց հետո Արեգի հետ միասին ուշադիր զննում էինք, թե ինչ տեղի ունեցավ։ Որոշ նյութեր, օրինակ՝ աղը և շաքարավազը շատ խառնելուց հետո իսպառ կորան, իսկ օրինակ բրինձը կամ աղացած եգիպտացորենը բոլորովին չանհետացան, միայն ջրի գույնը փոքր֊ինչ պղտորվեց։ Հատկապես հետաքրքիր էր դիտել կակաոյի և թեյի փոփոխությունները, քանի որ դրանք, ամբողջովին լուծվելով ջրում, փոխեցին նաև ջրի գույնը։
Բնականաբար, գիտափորձի ամենակարևոր բաղադրիչը մեծահասակի մեկնաբանություններն են։ Անպայման պետք է երեխային պատմել՝ ինչ է տեղի ունենում, իր հետ միասին ոգևորվել և զարմանալ, իսկ եթե մի փոքր մեծ է երեխան, կարող եք նաև նախապես ճշտել, թե իր կարծիքով որ նյութը կանհետանա ջրում, իսկ որը ոչ։ 
Արեգը շատ երկար֊բարակ բոլոր բաժակները ուսումնասիրելուց, խառնելուց հետո սկսեց բաժակների պարունակությունները խառնել իրար, մի մեծ տարրայի մեջ դատարկել։ 

Տեսնելով Արեգի հեաքրքրվածությունը խաղով՝ ինձ մոտ անմիջապես միտք ծագեց նոր նյութեր ներգրավել փորձի մեջ, որոնց մասին նախապես չէի էլ մտածել։ Եվ մեր սեղանին հայտնվեց երկու տարբեր գույնի M&M'S։ Ինչպես նկարից կռահեցիք, դրանք մենք նետեցինք ջրով լի բաժակների մեջ։ 
Որքան մեծ էր Արեգի զարմանքը, երբ կոնֆետները դարձան սպիտակ, իսկ ջրերը համապատասխանաբար կարմիր և կապույտ։
Փորձին ևս մեկ քայլ ավելացրեց Արեգը՝ երկու գույների ջրերը իրար խառնելով և մանուշակագույն ստանալով։
Կարծում եք այսքանով մեր գիտական երեկոն ավարտվե՞ց։ Բոլորովին ոչ, հաջորդիվ մենք կիսեցինք սպիտակած կոնֆետները և պարզվեց, որ դրանք ներսից շագանակագույն են։ Այնուհետև դրանք ևս այնքան խառնեցինք ջրում, որ սպիտակ շերտն էլ ի վերջո անհետացավ և մնաց միայն շագանակագույն զանգվածը։

Արեգը շատ գոհ մնաց իր բացահայտումներից, ինչպես նաև ջրով խաղալու առթիվ։
Պատմեք, թե ձեր գիտափորձերն ինչպես ընթացան, և թե դուք ինչպիսի նյութեր ներգրավեցիք գիտական հետազոտությունների աշխատանքներում :)

Տնային խաղեր՝ ձմեռային թեմատիկայով

Քանի որ ցուրտ ձմռանն ավելի շատ ենք տանը ժամանակ անցկացնում, անհրաժեշտ է խաղերի զինանոցը թարմացնել։

Կարելի է փոքրիկների համար տարվա եղանակներին համահունչ թեմատիկ խաղեր կազմակերպել՝ ընթացքում զրուցելով տվյալ եղանակի առանձնահատկությունների մասին և այն մասին, թե դրսում ինչ է կատարվում։

Որպես ձմեռային տնային զբաղմունք հրաշալի խաղ է բամբակով և կպչուն մակերեսով նկարչությունը։
Այսպես ուրեմն, վերցնում ենք գունավոր թուղթ, նկարում որևէ ձմեռային նկար, այնուհետև թղթի ողջ մակերեսով փակցնում գիրք կազմելու կպչուն ցելոֆան այնպես, որ կպչուն երեսը դեպի դուրս լինի։ Արդյունքում ստանում եք մի նկար, որի վրա երեխան կարող է զանազան դետալներ կպցնել՝ առանց սոսնձի։

Մեր առաջին համանման նախագծի հերոսը ոչխարն էր։ Կհարցնեք, իսկ ինչ կապ ուներ ձմեռային թեմատիկան։ Պարզապես Արեգին վերջերս եմ սովորեցրել, որ ոչխարների մազերը կտրում են, դրանցից թել պատրաստում, իսկ թելից տաք հագուստներ գործում, որոնք մենք կրում ենք ձմռանը։ Այս աշխատանքի շնորհիվ մենք և՛ կոլաժ պատրաստեցինք, և՛ ամրապնդեցինք մեր գիտելիքները բրդյա հագուստեղենի արտադրության վերաբերյալ, քանի որ ընթացքում զրուցում էինք այդ մասին։ Ի դեպ, այս առիթը օգտագործելով Արեգին տեղեկացրի նաև, որ ոչխարի մազերը կտրում են ամռանը, որպեսզի չշոգի, իսկ ձմռանը ոչխարի մազերը հենց իրեն են անհրաժեշտ տաք մնալու համար։ Ահա և մեր ոչխարիկը։
Այնուհետև պատրաստեցինք ձնեմարդ, իսկ վերջում, Արեգի խնդրանքով, Ձմեռ պապ, ում վրա ձյուն է գալիս։

Արեգի համար նորություն էր բամբակով խաղը և շատ մեծ բավականություն պատճառեց։
Եթե հետաքրքիր գաղափարներ ունեք, թե ուրիշ ինչ պատկերներ կարելի է ստանալ այս տեխնիկայով, ուրախ կլինեմ, եթե գրեք այդ մասին մեկնաբանություններում։

Friday, January 4, 2019

Նվեր֊թխվածքաբլիթներ Արեգի և տատիկի կողմից

Այս գրառումն այն մասին է, թե ինչպես պատրաստել օրիգինալ նվերներ ամանորյա տոների առթիվ՝ միևույն ժամանակ զբաղմունք մտածելով տան փոքրիկի համար։ Այս անգամվա գաղափարի հեղինակը Արեգի տատիկն է, ով Արեգի հետ միասին եղևնու ձև ունեցող թխվածքաբլիթներ պատրաստեց և անակնկալ մատուցեց տուն հյուր եկող բոլոր փոքրիկներին։
Բայց ամեն ինչ հերթականությամբ պատմենք։

Նախ,  Արեգը գրտնակեց խմորը․ սա Արեգի սիրելի զբաղմունքներից է։
Այնուհետև պատրաստեց եղևնիները։ Այս գործընթացը նույնպես շատ հետաքրքրեց Արեգին։
Երբ թխվածքաբլիթները պատրաստ էին, Արեգի պարտականությունն էր դրանք արագ-արագ զարդարել մանր կոնֆետներով, քանի դեռ սպիտակ գլազուրը չի սառչել։
Վերջում մեր թխվածքաբլիթները գեղեցիկ փաթեթավորվեցին և դարսվեցին զամբյուղի մեջ։ Զամբյուղի բարիքներից օգտվեցին ոչ միայն տուն այցելողները, այլև Արեգն ինքը հյուր գնալիս իր հետ տանում էր նվեր-թխվածքաբլիթներից։
Իրականում Արեգի և տատիկի «Թխվածքաբլիթ» նախագիծը իրագործվել է նախատոնական օրերին, բայց այս գաղափարը մինչև հունվարի 14-ը դեռևս արդիական է։ Հատկապես հիմա, երբ ավելի շատ ունեք ազատ ժամանակ, հրաշալի առիթ է ձեր փոքրիկի հետ տոնական մթնոլորտը շարունակելու և ուշացած հյուրերին ուրախացնելու համար։