Քանի որ Արեգի հետ արդեն բավական բարդ խաղեր և գիտափորձեր ենք կարողանում կազմակերպել, առավել պարզ փորձարկումները կարծես դուրս են մնացել իմ ուշադրությունից։ Այնուամենայնիվ չեմ ուզում ամենափոքրիկներին աչքաթող անել, այնպես որ այս անգամվա հրապարակումս 6 ամսականից 1 տարեկան բալիկների համար է, իսկ նյութի հերոսը Էվան է՝ քրոջս բալիկը։
Այսպիսով, այս անգամ ես որոշեցի Էվայի համար որևէ նվեր գնելու փոխարեն ինքս պատրաստել, այնպիսի խաղալիք, որը բազմաֆունկցիոնալ կլինի։ Արդյունքում ստեղծվեց Հրաշք արկղիկը։
Ի՞նչ է այն։
Հրաշք արկղիղկ․ գործառույթ 1 (շոշափել)
Վերցրեցի բջջային հեռախոսի տուփ, վերևից և ներքևից անցքեր արեցի։ Անցքերով մտցրեցի զանազան ժապավեններ և թելեր, այնպես, որ մի կողմից մտնի, մյուսից դուրս գա։ Ժապավենների և թելերի երկու ծայրերը հանգույցներ գցեցի։ Փոքրիկի առաջադրանքն է թելերը վեր-վար քաշել։ Այդպիսով երեխան․
- բացահայտում է պատճառահետևանքային կապերը․ քաշում ես, երկարում է, հակառակ կողմից ես քաշում, կարճանում է,
- շոշափում է զանազան տեքստուրաներ (ժապավեն, հաստ և բարակ թելեր, դրանց վրայի հանգույցներ), մերսում մատիկները։
Հրաշք արկղիղկ․ գործառույթ 2 (լսել)
Տուփը երկու կողմերից կպչուն ժապավենով փակելուց առաջ մեջը դեկորատիվ մանր քարեր լցրեցի, որպեսզի արկղիկը դառնա չխկչխկան։ Քարերը կարելի է փոխարինել այլ առարկաներով։
- Նորից և նորից պատճառ-հետևանքներ․ երեխան չխկչխկացնում է, և հասկանում, որ իր գործողությունների արդյունքում աղմուկ ստեղծվեց։
- Պարզապես ժամանց․ երեխաները սիրում են աղմուկ ունկնդրել :)
Վերջում՝ արկղիկը նվիրելուց առաջ վրան փակցրեցի զանազան ստիկերներ՝ վառ գույների, կենդանիներ պատկերող և մի փոքր հաստություն ունեցող, ինչպես նաև ստիկեր-հայելի տեղադրեցի։ Այսպիսով՝
- արկղիկը դարձավ ավելի գրավիչ երեխայի համար, քանի որ ուսումնասիրելու շատ բան կա վրան (փոքրիկի համար զուգահեռ կարելի է կրկնել կենդանիների անունները և գույները),
- երեխան հայելում կարող է տեսնել ինքն իրեն և հասկանալ, որ այս մի պատկերը տարբերվում է մյուսներից, այն շարժվում է և փոփոխվում,
- արկղիկը շոշափելու առումով ևս ավելի հետաքրքիր դարձավ, քանի որ դրա վրա կան զանազան հարթ և բարձր մակերեսներ, իրարից տարբերվող տեքստուրաներ։
Գեղեցիկ, փափուկ, բազմազան կպչուկներ և ինքնասոսնձվող մանկական հայելիներ վաճառվում են մի շարք գրախանութներում, խաղալիքների խանութներում, ինչպես նաև ձևավորման պարագաների խանութներում։
Ահա և Էվայի բազմաֆունկցիոնալ հրաշք արկղիկը պատրաստ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան տպավորիչ կարող է լինել, եթե ձեր մտերիմի բալիկի համար նման ինքնաշեն նվեր պատրաստեք։
Ահա և Էվայի բազմաֆունկցիոնալ հրաշք արկղիկը պատրաստ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան տպավորիչ կարող է լինել, եթե ձեր մտերիմի բալիկի համար նման ինքնաշեն նվեր պատրաստեք։
No comments:
Post a Comment