Որոնում

Wednesday, June 20, 2018

Խաղեր ջրից ուռչող գելային գնդակներով

Այս անգամ խոսենք ջրից ուռչող գելային ուլունքներով (գնդակներով) սենսորային խաղերի մասին։ Դրանք հավասարապես գայթակղիչ են ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար, այնպես չէ՞։ Սակայն չափազանց կարևոր է պատկերացում ունենալ դրանց ծագման, հատկությունների մասին, որից հետո միայն հնարավոր կլինի երեխայի համար անվտանգ ժամանց կազմակերպել։
դոնդողանման գնդակներ
Այս ուլունքները բաղադրությամբ պոլիմերային գել են և կարող են ներծծել իրենց ծավալից 300-400 անգամ ավել ջուր։ Ի սկզբանե ստեղծվել են այգեգործության, ֆլորիստիկայի ոլորտում կիրառելու նպատակով, սակայն աստիճանաբար ներթափանցեցին խաղալիքների շուկա, որպես սենսորային, զարգացնող խաղ։

Այս ուլունքներով խաղալու վտանգն այն է, որ երեխան կարող է այն կուլ տալ կամ մտցնել ականջը, քիթը։ Ուլունքը կարող է մեծանալ երեխայի օրգանիզմում և սպառնալ երեխայի առողջությանը։ Ուստի կտրականապես արգելվում է առարկաները կուլ տալու կամ քիթ-ականջ տանելու հակում ունեցող փոքրիկ երեխաների ուղղակի կոնտակտը այս ուլունքների հետ։ Թե այս գնդակներով ինչպիսի խաղեր կարելի է կազմակերպել ամենափոքրիկների համար, կգրեմ մի փոքր հետո։

Անգամ եթե երեխան 2-3 տարեկան է և կարծում եք, որ կարող եք վստահել փոքր առարկաներ, միևնույն է, չի կարելի պոլիմերային գնդակներով խաղալիս թողնել առանց մեծահասակի վերահսկման։

Իրականում հիմնական վտանգը այն գնդակներն են, որոնք աճում են մինչև գոլֆի գնդակի չափի. դրանցից  մեզ մոտ կարծես թե չեն վաճառում և առհասարակ հաճախ չեն հանդիպում։ Նաև հնարավոր է, որ դեռևս ջրի մեջ չգցած փոքր ուլունքները ծնողի անփութության պատճառով հայտնվեն երեխայի մոտ և երեխան կուլ տա մեծ քանակությամբ։ 

Այնուամենայնիվ, եթե լինեք ուշադիր և խաղի ողջ ընթացքում ձեր երեխայի կողքին գտնվեք, այս գնդակներով ժամանցը մեծ հաճույք կպատճառի ձեզ և ձեր երեխային, ինչպես նաև կարող է կարևոր խթան լինել ձեր երեխայի զարգացման գործում։

Ի՞նչ խաղեր խաղալ ջրից ուռչող գնդակներով։ 
  1. Գնդակները ուռչում են մոտ 2 ժամվա ընթացքում։ Եթե ողջ ջուրը կլանեն, կարող եք նորից ջուր ավելացնել և սպասել, մինչև իրենց մաքսիմալ չափին հասնեն։ Այս պրոցեսին հետևելն ինքնին հետաքրքրական է, քանի որ առաջին իսկ րոպեներից փոփոխությունները նկատելի են։ 
    սենսորային խաղեր
    հետաքրքիր ժամանց 
    ֆլորիստիկա
  2. Լցրեք գնդակները խորություն ունեցող ամանի մեջ և թողեք, որ երեխան շոշափի դրանք։ Նոր զգացողությունները և անսովոր, սղլիկ մակերեսը, մատներով դժվար բռնվող «որսը» ձեր երեխային ուրախություն կպարգևեն, ինչպես նաև կհարստացնեն աշխարհի և իրերի մասին պատկերացումները։
  3. Գնդակներով ամանի/ամանների մեջ թաքցրեք մանր խաղալիքներ. երեխան ամեն անգամ նոր խաղալիք գտնելով իրեն իսկական խուզարկու կզգա։ 
    հետաքրքիր խաղալիքներ
  4. Երեխային տրամադրեք տարբեր չափերի ամաններ և տարբեր գոգավորություններով գդալներ/ցանցեր. մանր առարկաները գդալով մի ամանից մյուսը տեղափոխելը կարևոր հմտություն է, որը պետք է զարգացնել նմանատիպ գրավիչ խաղերով։ 
    ինչպես զբաղացնել երեխային
    հետաքրքիր խաղեր
  5. Ծեփամածիկի կամ կինետիկ ավազների համար նախատեսված զանազան կաղապարներ տվեք փոքրիկին, թող դրանք ձևավորի գույնզգույն ուլունքներով։ 
    ինչ խաղալ երեխայի հետ
  6. Դոնդողանման ուլունքներն ըստ գույների դասավորելը, ինչպես նաև հաշվելը շատ զվարճալի է. անպայման փորձեք։
  7. Լցրեք բոլոր գնդակները ամենամեծ տարայի մեջ և առաջարկեք ձեր երեխային ոտաբոբիկ քայլել դրանց վրայով։ Դուք նույնպես փորձեք. դա կդառնա ոտքերը մերսելու՝ ձեր ամենասիրելի տարբերակը։
  8. Այժմ, երբ դուք ինչքան ասես խաղացիք գելային գունավոր գնդակներով և նույնիսկ քայլեցիք դրանց վրայով, կարող եք հանգիստ խղճով ոչնչացնել դրանք։ Պարզվում է՝ այս գնդակները ճզմելը նույնպես թե՛ զվարճալի և թե՛ ճանաչողական կարևոր փորձառություն է ձեր փոքրիկի համար։ Այս ուլունքները բաժանվում են հարյուրավոր մանր և թաց բեկորների։ Տղաս շատ զարմացած էր այդ փոփոխությամբ և երկար ուսումնասիրում ու շոշափում էր իր «ստեղծած» նոր նյութը։ 
    ժամանց
Եվ իհարկե, ինչպես սկզբում խոստացել էի, դոնդողանման ուլունքներով խաղ ամենափոքրիկների համար։ Վերցնում ենք զիպ փականով փաթեթ և՝

ա) լցնում գնդակները փաթեթի մեջ, համոզվում որ լավ փակել եք այն և տալիս, որ երեխան խաղա՝ փորձելով մատիկներով տեղափոխել, գլորելով, սեղմել ուլունքները,
բ) փաթեթի մեջ ուլունքների հետ լցրեք մազերի գել (գնեք խանութում առկա ամենամատչելի գելը). ուլունքները գլորելը ավելի դժվար, բայց հետաքրքիր կդառնա (ուլունքներից բացի մազերի գելով լցված փաթեթի մեջ կարող եք այլ մանր առարկաներ ևս լցնել) և փաթեթի արտասովոր պարունակությունը ձեր երեխային ավելի երկար կգրավի,
գ) նախորդ կետը կարող եք կրկնել՝ մազերի գելի փոխարեն լցնելով սափրվելու համար նախատեսված փրփուր։
յուրօրինակ ժամանց
Ամեն անգամ կարող եք այս երեք կետերից որևէ մեկը փորձել, որպեսզի երեխան շուտ չհոգնի այս զբաղմունքից։

Հիշեք, որ միշտ կարևոր է զուգահեռ խոսել երեխայի հետ, մեկնաբանել երեխայի համար այն, ինչն ինքը այդ պահին փորձարկում է, ուշադրությունը հրավիրել նյութերի տարբեր հատկությունների վրա՝ պինդ է, փափուկ, սղլիկ, գույնը, հոտը և այլն։

Հ.Գ.
Որտեղի՞ց ձեռք բերել նման գնդակներ։

Ես Երևանում նման գնդակներ շատ չեմ տեսել։ Այն, ինչ ցուցադրված է նկարում, գնել եմ շատ սովորական փոքր խանութից, ուր վաճառվում էր ամեն ինչ՝ տնտեսական իրեր, խաղալիքներ, սպասք և այլն։ Միաժամանակ բացել եմ երկու տուփ, ամեն մեկում մոտ 50 գնդակ էր առկա և մեկ տուփի արժեքը՝ 50 դր։ Սակայն, կարելի է նաև պատվիրել ջրից ուռչող գնդակների մեծ փաթեթներ մատչելի գներով։
Օրինակ՝ այսպիսի փաթեթը առնվազն 1 տարի բավարար կլինի ձեր և ձեր երեխայի հետաքրքիր և ուսուցողական ժամանցի կազմակերպման համար։

Saturday, June 16, 2018

Ձվի կճեպները դեն չնետելու 4 պատճառ

Միշտ նոր զբաղմունքներ գտնել և հորինել հնարավոր չէ։ Փոխարենը հնարավոր է հետաքրքրացնել հները։ Անգամ փոքրիկ մանրուքը կարող է շատ գրավիչ թվալ երեխային և երկար խաղալու առիթ դառնալ։

Այսպես, օրինակ, մեր նկարչական ժամանցի մեջ թարմություն մտցնելու համար որոշեցի փորձարկել ձվի կճեպը։
նկարչություն փոքրիկների համար
  1. Միջոցներ ծախսելու անհրաժեշտություն չկա։
  2. Ի տարբերություն գիպսե խաղալիքների՝ շատ հարմար է առավել փոքրիկների համար, քանի որ ծանր չէ։ 
  3. Կարող է ձեր փոքրիկի կողմից պատրաստած օրիգինալ և անսպասելի նվեր լինել մտերիմ հարազատների տուն հյուր գնալիս։
  4. Իսկ եթե նման աշխատանքներ շատ ունեք, կարող եք և չափսոսալ ու մի որոշ ժամանակ անց դեն նետել։
հետաքրքիր գաղափար ձեր փոքրիկի համար
Պարզապես առավոտյան ձվածեղ պատրաստելիս չմոռանաք կճեպը դեն նետելու փոխարեն մանրակրկիտ լվալ հոսող ջրով և չորացնել։

Wednesday, June 13, 2018

Ո՞ւր այցելել. նոր շարք փոքրիկ բզբզանների մայրիկների համար

Ուրախ եմ հայտնել, որ մեկնարկում եմ նոր շարք՝ «Ո՞ւր այցելել»։ Այս խորագրի ներքո կանդրադառնամ այն վայրերին, ուր Արեգի հետ պարբերաբար լինում ենք և կպատմեմ մեր տպավորությունների մասին։

Շարքի բացումը ուզում եմ սկսել «Playroom» մանկական ժամանցի և զարգացման կենտրոնից, ուր Արեգի, իր զարմուհի Լիդիայի հետ այցելեցինք մի քանի օր առաջ։

Միջավայրն, ընդհանուր առմամբ, շատ տրամադրող է՝ մտերմիկ և լուավոր, գույներն ու ներքին հարդարանքն ընտրված է զուսպ, հանգիստ տոնայնության մեջ։ Խաղալիքները բազմազան են, որակով։
զարգացման կենտրոն
Ընդհանուր առմամբ, նման վայրերին բնորոշ բոլոր բաղադրիչներն առկա են՝ ավազով խաղալու անկյուն, նկարչական անկյուն, վաճառքի կետ, սպասարահ ծնողների համար։ Երեխաները խաղում են կոշիկները հանած, մեծերին թույլատրվում է ներսում ուղեկցել փոքրիկին՝ հագնելով բախիլներ։

Լիդիային, ինչ խոսք, ամենից շատ գրավեցին խոհանոցը և մեծ տնակը։ Արեգը փորձում էր հնարավորինս շատ և տարբեր խաղալիքներով խաղալ։ Իրականում, զբաղվելիքներն իսկապես շատ էին և մեկ ժամը բավարար չէր ամեն ինչ փորձարկելու, տեսնելու համար։
զարգացման կենտրոն
զարգացման կենտրոն
զարգացման կենտրոն
զարգացման կենտրոն
Գնային քաղաքականությունը ստանդարտ է, գործում է թե՛ ժամավճարի և թե՛ աբոնեմենտի տարբերակը։ Ժամանցից բացի ունեն նաև կանոնավոր գործող խմաբկներ, որոնք շաբաթական երեք անգամ 2 ժամ տևողությամբ պարապմունքներ են ունենում։ Խմբակները, որքանով որ տեղյակ եմ, բազմապրոֆիլ են՝ պար, երգ, նկարչություն, խոսքի զարգացում և այլն։

Մեր այցելության պահին, ցավոք սրտի, մեզնից բացի այլ երեխաներ չկային, մինչդեռ մենք ուզում էինք ոչ միայն նոր միջավայրում ժամանակ անցկացնել, այլև շփվել այլ երեխաների հետ։ Սակայն, ուրիշ անգամներ կողքով անցնելիս նկատել եմ, որ մարդաշատ է լինում։ 

Ամփոփելով նշեմ, որ միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելել և ինքս էլ առաջին իսկ հարմար առիթի դեպքում կրկին կտանեմ փոքրիկներին։
ժամանց երեխաների համար
Վրանը, չգիտես ինչու, միայն ինձ հետաքրքրեց, իսկ Լիդիան և Արեգը անտարբեր մնացին -_- 

Զարգացման կենտրոնը գտնվում է Արզումանյան փողոցի վրա, մանրամասների համար կարող եք այցելել իրենց ֆեյսբուքյան էջ:

Հ.Գ.

Հետագա այցելություններից հետո գուցե կարծիքս փոփոխվի կամ նոր մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն տեսնեմ, այդ պարագայում ևս մեկ անդրադարձ կհրապարակեմ։

Wednesday, June 6, 2018

Պոմպոն, կոճակ և թելեր թանկարժեք խաղալիքների փոխարեն

Խաղալիքը երբեք շատ չի լինում :) և բազմազան խաղալիքների առկայությունն իհարկե կարևոր է։ Սակայն երբեմն կարելի է երեխային զբաղացնելու այլ միջոցներ էլ գտնել։ Այս անգամ առաջարկում եմ փոքր ծախսատարություն, բայց մեծ բազմազանություն ապահովող հնար․ ունենալ գունավոր կոճակների, թելերի և պոմպոնների փոքրիկ հավաքածու, որը ժամանակ առ ժամանակ կլցնի ձեր և երեխայի օրը։
զարգացնող խաղեր
Մինչ խաղերի նկարագրությանն անցնելը, ուզում եմ ներկայացնել բյուջեն։ Ամեն ինչ գնել եմ ամենասովորական թելերի խանութից․

  • Ծղոտե թելերի մեկ մետրն արժե 50 դրամ (այստեղ ամեն գույնից 2 մետր է)։
  • Պոմպոնները 30-150` ըստ չափի։
  • Կոճակները՝  հատը 350 դրամ, բայց շատ հավանական է, որ ի տարբերություն ինձ, դուք տանը հետաքրքիր, գույնզգույն և խոշոր կոճակներ ունենաք և նորերը գնելու կարիք չլինի։
Խաղ 1-ին

Թելն անցկացրու կոճակների միջով։

ա) Ինչո՞ւ ծղոտե թել, քանի որ այն հաստ է և չի ճկվում և փոքրիկ մատիկներին հեշտ աշխատելու հնարավորություն է տալիս։
բ) Ինչո՞ւ մեծ կոճակ, քանի որ անցքերը ևս մեծ են և տես ա) կետ :)
գ) Ինչո՞ւ գունավոր կոճակներ, քանի որ այդպես զվարճալի է։
զարգացնող խաղեր
Խաղ 2-րդ

Կոճակները կողային մասով գլորիր հատակին, ասես անիվ լինի։

Ավելորդ է նկարագրել, թե որքան զվարճացանք այս զբաղմունքի ընթացքում։
զարգացնող խաղեր փոքրիկների համար
Խաղ 3-րդ

Փչում ենք պոմպոնները

Պոմպոնները դնում ենք հարթ մակերեսի վրա, օրինակ՝ սեղանին և միաժամանակ երկու կամ ավելի մասնակից փչում են։ Հաղթում է նա, ով ավելի հեռու է գլորում պոմպոնը։ Այն ինչ տեսնում եք լուսանկարում, Արեգի ինքնագործունեության արդյունքն է :D

Եթե երեխան ավելի մեծ է, կարելի է փչել հյութի համար նախատեսված ձողիկներով։ Տղայիս մոտ դա առայժմ չի ստացվում։

Այս խաղը հրաշալի շնչառական վարժություն է և զարգացնում է շուրթերի մկանները։ 
շնչառական խաղեր

Խաղ 4-րդ

Գլուխկոտրուկ

Սկզբում ես մտադիր էի ավելի հեշտ գլուխկոտրուկ պատրաստել՝ մեկ-երկու թույլ հանգույցով, սակայն ստացվեց բավականին խճճված իրավիճակ։ Ի զարմանս ինձ, տղաս հաջողացրեց շատ արագ բոլոր կոճակներն ազատել թելային խառնաշփոթից։
գլուխկոտրուկ
Ի՞նչ ունենք արդյունքում՝
  1. ձեռքերի և մատների ճկունության զարգացում,
  2. երկու ձեռքով միաժամանակ աշխատելու պրակտիկա,
  3. մտավարժանք,
  4. մկանների աշխատանքի խթանում,
  5. շատ ծիծաղ,
  6. շատ վազվզոցի,
  7. քիչ «անգործ» ժամանակ,
  8. վառ տպավորություններ։
Բոնուս
Չմոռանաք ընթացքում կրկնել գույները, իրերը դասավորել ըստ գույների, խնդրել երեխային, որ, օրինակ, կարմիր կոճակի միջով կարմիր թելը անցկացնի կամ կարմիր պոմպոնը գտնի և դնի կարմիր կոճակի վրա։ 

Վայելեք գունեղ ժամանցը ^_^ 


Tuesday, June 5, 2018

Ստիկերների անհավանական հնարավորությունների մասին. մաս 1-ին

ժամանց ստիկերներովՍա Արեգի ինքնասոսնձվող պատկերների (տիպ) ալբոմն է։

Ցանկացած ձանձրալի իրավիճակում, այն հասնում է օգնության ։)

Ի՞նչ է անհրաժեշտ նման տետր-փրկարար ունենալու համար․
  1. Վերցնել ամենասովորական և մատչելի նոթատետր։
  2. Գնել տարաբնույթ տիպեր՝ ոչ միաժամանակ, այլ պարբերաբար, երբ մի հավաքածուն կսպառվի, գնեք նորը։ Սովորաբար մեկ հավաքածուն (մոտ 30 ստիկեր) մի քանի օր բավարարում է։
  3. Եվ զվարճանալ։
Ինչպես և ցանկացած այլ զբաղմունքի ժամանակ, շատ կարևոր է չկենտրոնանալ արդյունքի վրա, չպարտադրել երեխային ստանալ ձեր պատկերացրած գեղեցիկ կոլաժը, այլ ստեղծագործելու հնարավորություն տալ և վայելել ընթացքը։ 

ժամանց ստիկերներով

Օրինակ՝ Արեգը երբեմն նկարում է հենց ստիկերների վրա և դա իրեն մեծ բավականություն է պատճառում։
ստիկերներով խաղեր
Ինքնասոսնձվող պատկերները կպցնելիս սովորաբար պատմություններ ենք հորինում հերոսների մասին կամ իրար մոտ գտնվող կենդանիներին հորդորում ենք չկռվել, այլ խելոք խաղալ։ Արեգը սովորաբար շատ լավ մտապահում է այդ պատմությունները, և յուրաքանչյուր էջը բացելիս իր իմացած բառերով կամ ժեստերով վերապատմում է այն, ինչի մասին խոսել ենք էջը ձևավորելիս։
Ստիկերներով խաղեր
Երբեմն ալբոմը թերթում ենք ոչ թե տիպեր կպցնելու նպատակով, այլ արդեն կպցրած պատկերները նայելու, մեր հորինած պատմությունները վերապատմելու համար։ Սա շատ օգտակար զբաղմունք է ոչ միայն ժամանցի տեսակետից, այլև նոր բառեր յուրացնելու առումով։
խաղ ստիկերներով
Ստիկերները տարբեր մակերեսներ են ունենում՝ երբեմն դրանք ուռուցիկ են, երբեմն որոշ ուռուցիկ դետալներ ունեն։ Որոշները հաստ են, մյուսները հակառակը՝ շատ բարակ։ Այս բոլոր առանձնահատկությունները տարբեր փորձառություններ են տալիս երեխային։

ստիկերների ալբոմ
Երեխան սովորում է՝
  • ինքնուրույն առանձնացնել կպչուն պատկերները, ինչը համաձայնեք՝ հեշտ գործ չէ,
  • որոշումներ կայացնել (ինչպես համադրի, որ հետաքրքիր ստացվի, իրար վրա չհայտնվեն, էջից դուրս չգա և այլն)
զարգացնում է՝
  • մանր շարժումներ անելու հմտությունները, 
  • մանր դետալների հետ աշխատելու համբերատարություն,
  • տեսողական հիշողություն,
  • երևակայություն և այլն։
Ալբոմից բացի հրաշալի տարբերակ է նաև «ցուցադրական» կամ «հուշանվերային» կոլաժների պատրաստումը։ Օրինակ՝ Արեգն իր տատիկի հետ երբեմն այսպիսի աշխատանքներ է պատրաստում, որոնք կախվում են պատից և ցուցադրվում օրվա ընթացքում, իսկ երեկոյան երբ տան անդամները վերադառնում են աշխատանքից, մեծ անհամբերությամբ նվիրում է իր պատրաստածները։ Ի դեպ, նման աշխատանքներ նվեր ենք ստանում ոչ միայն մենք՝ ընտանիքի անդամներս, այլև տուն եկող հյուրերը։
հուշանվերներ կարող են պատրաստել անգամ ամենափոքրերը
հուշանվերներ կարող են պատրաստել անգամ ամենափոքրերը
Երբեմն նման աշխատանքները կարևոր պահուստային ռեսուրս կարող են լինել։) Օրինակ, երբ առավոտյան Արեգը չէր ուզում բաժանվել ինձնից և հայրիկից, տատիկ-պապիկի տուն գնալու հրաշալի մոտիվացիա ծառայեց մի քանի օր առաջ պատրաստած այս ուսուցողական պաստառը, որը մենք մեզ հետ տարանք՝ տատիկին և պապիկին նվիրելու և զարմացնելու նպատակով :))))

ստիկերներից պատրաստված ուսուցողական պաստառ

Monday, June 4, 2018

Պլաստիլինե համալրված իրականություն․ մաս 2


Երբ նույնիսկ սիրելի զբաղմունքներն են ձանձրացրել երեխային, օրինակ՝ պլաստիլինով խաղը, կարևոր է բացահայտել խաղի՝ մինչ այդ չփորձարկած հնարավորությունները։ Ահա համալրված իրականության փոքրիկ օրինակ, որը մեզ մոտ 40 րոպե հաճելի ժամանց պարգևեց :) 

պլաստիլին և խաղալիքներ

Պլաստիլինի այլ հնարամիտ կիրառությունների համար կարդացեք այս նյութը։