Որոնում

Thursday, May 31, 2018

Սենսորային խաղ փայլաթիթեղով և բոնուս՝ 3 զվարճալի զբաղմունք


Երեխային «անգործ» թողնելը շատ վտանգավոր է :) թե՛ փոքրերի և թե՛ մեծերի համար։ Իսկ մշտական զբաղվածություն ապահովելու համար երբեմն երևակայության և հնարամտության մեծ չափաբաժիններ են անհրաժեշտ լինում։

Այս զբաղմունքը կարող է ձեզ փրկել հերթական դժվար իրավիճակից։ Ամեն ինչ շատ պարզ է՝ վերցնում ենք փայլաթիթեղ (фольга) և վրայով վազվզում։ Բոբիկ ոտքերով սենսորային այս խաղը միաժամանակ և՛ հաճելի է, և՛ զվարճալի և շատ օգտակար։

Կտրեք փայլաթիթեղի երկու երկար կտոր։ Առաջինը խնամքով դրեք հատակին, իսկ երկրորդ կտորը մի փոքր ճմռթեք, այնուհետև բացեք այնպես, որ չպոկվի և դրեք առաջին կտորի շարունակությամբ։ Երեխային առաջարկեք նախ քայլել (բոբիկ), ապա վազվզել փայլաթղթե ճանապարհով։

Նեղ ճանապարհով «երթևեկելը» մեկ տարեկանից սկսած կարևոր վարժանք է, քանի որ նպաստում է հավասարակշռության պահպանման հմտությանը, ճիշտ կեցվածքի ձևավորմանը։ Սկսեք համեմատաբար լայն ճանապարհից և երբ կզգաք, որ երեխան հմտացել է, աստիճանաբար նեղացրեք։ 

Փայլաթիթեղյա ճանապարհով քայլելիս երեխայի հետ զրուցեք ուղիղ և ճմռթված կտորների տարբերությունների, դրանցով քայլելիս տարբերվող զգացողությունների մասին։ Ճմռթած կտորը կարող եք էլ ավելի տրորել, եթե զգում եք, որ երեխային տհաճ չէ, ոտքի տակ չի ծակծկում։

Երեխայի ուշադրությանը հրավիրեք այն փաստը, որ մի քանի անգամ վրայով քայլելուց հետո ուղիղ կտորը ևս կորցրեց իր նախնական տեսքը։

Այնուհետև կարելի է ավելացնել արկածներ՝ ըստ նախընտրությունների և ձեռքի տակ եղած առարկաների։ Օրինակ՝ խաղի մեջ ներառեք կամուրջ կամ թունել, ավտոմեքենաներ, այլ նյութեր։

Ինչպես նկարում երևում է, մենք որպես վազքուղի օգտագործում ենք նաև հասակը չափելու համար նախատեսված տախտակը, որը բավականին նեղ է և էլ ավելի արկածային ու «դժվարանցանելի» է դառնում վրան նկարված զանազան կենդանիների պատճառով, որոնք «խանգարում են» մեզ անցնելիս։

Բոնուսային 3 խաղ

Վերջում փայլաթիթեղյա ճանապարհից կարող եք ստանալ գնդակ, հագուստներ կամ վերածել ձեզ կամ ձեր երեխային մումիայի։

No comments:

Post a Comment