Որոնում

Sunday, April 19, 2020

Սեղանի ուսուցողական խաղ․ պատրաստիր ինքդ

Այս սեղանի խաղը պատրաստել ենք ես և Արեգը՝ ձեռքի տակ եղած նյութերով։ Ու թեպետ մեր պատրաստած խաղով շատ հետաքրքիր և զվարճալի ժամանակ անցկացրինք, պետք է նշեմ, որ սարքելու ընթացքը պակաս հաճելի և երեխայի համար հետաքրքրաշարժ զբաղմունք չէր։
Ահա և այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է եղել պատրաստելու համար՝
  • հին թղթապանակ,
  • ինքնասոսնձվող պիտակներ/պատկերներ,
  • (պարտադիր չէ) ճանապարհային նշաններով խաղալիքներ,
  • ամրակ,
  • մագնիս,
  • (պարտադիր չեն) փայտիկ և կպչուկ (լիպուչկա)։
Վերցրեք մի հին թղթապանակ կամ որևէ այլ հաստ թուղթ և վրան նկարեք ոլոր-մոլոր ճանապարհ։ Այնուհետև երեխայի հետ, ըստ իր նախասիրությունների, ձևավորեք ճանապարհը։ Ինչպես տեսնում եք, ես և Արեգը ինքնակպչուն պատկերներով զարդարելուց բացի որոշեցինք նաև ճանապարհատրանսպորտային նշաններ սոսնձել։

Երբ ամեն ինչ պատրաստ լինի, վերցրեք ամրակ, որը լինելու է ձեր մեքենան և մի մագնիս, որը կծառայի որպես մեքենայի շարժիչ։ Ահա հենց այստեղ էլ թաքնված է անակնկալը։

Ամրակը դրեք քարտեզի վրա, իսկ մագնիսը՝ քարտեզի տակ և սկսեք տեղաշարժել քարտեզի տակ այնես, որ այն ամրակ-մեքենային իր հետ տեղափոխի ձեր գծած ճանապարհով։

Առաջին հայացքից ասես մոգական ուժով շարժվող ամրակը անմոռանալի տպավորություն կթողի ձեր երեխայի վրա։ Ամրակն առավել հարմար կառավարելու համար կարող եք մագնիսը ամրացնել փայտիկի վրա։ Ինչպես երևում է լուսանկարում, մենք մագնիսը ամրացրել ենք բժշկական փայտիկին կպչուկի օգնությամբ։
Երբ մագնիսի գաղտնիքը բացահայտեք երեխայի համար, առաջարկեք, որ ինքը նույնպես փորձի կրկնել այդ «կախարդանքը»։ 
Այնուհետև խաղին կարող եք ավելացնել սովորական մեքենաներ և կազմակերպել մրցավազք։


No comments:

Post a Comment