Որոնում

Monday, April 9, 2018

Գույնզգույն ժամանց

Փոքրիկների հետ ներկերով խաղալը հրաշալի գաղափար է, չնայած երբեմն իսկական քաջություն և կամքի ուժ է հարկավոր գաղափարը կյանքի կոչելու համար։
Նկարչության կարևորությունը երեխայի զարգացման գործընթացում

Բազմաթիվ բաղադրատոմսեր կան համացանցում, թե տնային պայմաններում ինչպես է հնարավոր անվտանգ ներկեր պատրաստել ամենափոքրերի ժամանցը հետաքրքրաշարժ և օգտակար կազմակերպելու համար։ Մինչդեռ երբեք չես իմանա՝ արդյո՞ք իրականում ներկը կստացվի այնպիսին, ինչպես նկարագրված է, արդյո՞ք երեխան կհետաքրքրվի խաղով կամ արդյո՞ք անմեղ ժամանցը չի վերածվի անկառավարելի քաոսի։

Արեգը նկարել սկսել է 10 ամսականից։ Այժմ արդեն բավականին մեծ է և նկարում է ոչ միայն մատիկները ներկի մեջ թաթախելով, այլև գրչով, մատիտներով, վրձնով, կավճով ու բոլոր այլ հնարավոր միջոցներով ☺

Փոքրիկի համար տնային պայմաններում անվտանգ ներկ պատրաստելու իմ փորձած բաղադրատոմսերից ամենաանարդյունավետը եգիպտացորենի օսլայով տարբերակն էր։ Ստիպված էի կանգնել գազօջախի մոտ, սպսաք կեղտոտել, արդյունքում ստացանք կպչուն դոնդողանման ներկեր, որոնցով խաղալը առանձնապես հաճելի չէր և հագուստի վրայից մի փոքր դժվար մաքրվեցին։

Արագ պատրաստվողներից իմ ամենասիրելին յոգուրտ + սննդային ներկանյութ համադրությունն է։ Քանի դեռ տղաս փոքր էր և կարող էր ներկերը համտեսելու ցանկություն ունենալ, ես գնում էի Humana-ի 6+ յոգուրտներից (սննդակարգում յոգուրտ ներառել եմ շատ ավելի ուշ, սակայն նկարելու ընթացքում ներկոտ մատիկները բերանը տանելու հեռանկարի դիմաց որոշեցի, որ յոգուրտը ամենալավ տարբերակն է)։ Երբ Արեգը նկարչության ասպարեզում բավականաչափ փորձառություն ձեռք բերեց և դադարեց ներկերը բերանը տանելու փորձեր անել, սկսեցի գնել պարզապես խանութում առկա ամենամատչելի յոգուրտները։

պատրաստում ենք ներկեր տնային պայմաններում
Զանգվածը զգայական առումով բավական հաճելի է ստացվում, հագուստից մաքրվում է հեշտ, իսկ որպես փոքրիկ արտիստի աշխատանոցի հումք պարզապես անգնահատելի է։

Պատահել է, երբ յոգուրտ տանը չի եղել այդ պահին, սակայն նկարելու անհետաձգելի ցանկություն ենք ունեցել, և ներկանյութը խառնել եմ թթվասերի հետ․․․ Մի արեք նման բան, հավատացնում է՝ արդյունքը հաճելի չէ ☺

Անհրաժեշտության դեպքում ջրալի կաթնաշոռով (Danone) կամ խիտ մածունով համադրությունը նույնպես կարող է աշխատող տարբերակ լինել։

 Ի՞նչ է պետք անել, նախքան նկարչության բուն պրոցեսին անցնելը։

  • Հագնել այնպիսի հագուստ, որի ներկոտվելը ձեզ չի մտահոգի։
  • Նույնը վերաբերվում է երեխայի հագուստին. հույս չունենաք, թե մարմնի վրա որևէ մաքուր կետ է մնալու ։)
  • Նախապես հատակին փռել մոմլաթե (клеёнка) սփռոց, որպեսզի հատակը կամ գորգը չկեղտոտվի և լվանալը հեշտ լինի։ 
  • Պատրաստել և փոքր, հարմար տարրաների մեջ լցնել ներկը։
  • Հնարավորության դեպքում երեխային նկարչության համար հատկացնել ստվարաթուղթ (կարտոն), քանի որ փոքրիկը ոգևորված խաղալիս կարող է ճմռթել սովորական թուղթը, և եթե դուք ուզում էիք պահպանել ձեր փոքրիկի ստեղծագործական առաջին փորձերը, ձեր կտավը ներկայանալի տեսք չի ունենա :) Նոր վերնաշապիկներ կամ սպիտակ ներքնաշապիկներ գնելիս պահպանեք դրանց մեջ դրված ստվարաթղթերը. դրանք, որպես կանոն, մի երեսից ճերմակ են և A4 չափի. իսկական գտածո փոքրիկի արվեստանոցի համար։
  • Եթե երեխան շատ փոքր է կամ սկսնակ այս բնագավառում և կամ եթե դուք տանը մենակ եք և օգնող չունեք, մինչ խաղի պրոցեսին անցնելը նախապես պատրաստեք լողասենյակը, որպեսզի խաղի ավարտին, առանց շփոթվելու և առանց լողասենյակում ամեն ինչ ներկոտելու, երեխային անմիջապես վնասազերծեք (լողացնեք) :) Մի քանի անգամ նկարելուց հետո երեխան արդեն սովոր կլինի պրոցեսին և կարող է հանգիստ նստել, նկարել կամ սպասել, մինչև դուք կպատրաստեք լողասենյակը։
  • Առաջին 2-3 անգամը երեխան կարող է շատ կարճ խաղալ՝ 5-15 րոպե, առանձնապես չհետաքրքրվել նկարչությամբ կամ նույնիսկ չհամարձակվել մատիկները թաթախել ներկի մեջ։ Ձեր փորձով ցույց տվեք, որ դա շատ հաճելի և հետաքրքրական խաղ է, քաջալերեք նկարել թղթի կամ սփռոցի վրա։ Ընդամենը մի քանի փորձից հետո ձեր փոքրիկը ձեր աչքի առաջ կդառնա պրոֆեսիոնալ ներկարար։ 
էկո ներկեր երեխաների համար


Եվ թերևս ամենակարևորը՝ զինվեք համբերությամբ, մի վախեցեք խառնաշփոթից և ինքներդ վայելեք ընթացքը. չէ՞ որ ձեր փոքրիկը բացահայտում է գույների աշխարհը։ 
էկո ներկեր երեխաների համար

No comments:

Post a Comment