Որոնում

Thursday, April 26, 2018

Ինքնաշեն տնակ փոքրիկ բնակչի համար

Մեր փոքրիկները այնքա՜ն շուտ են դառնում ինքնուրույն  և ձեռք բերում սեփական նախասիրություններ և ճաշակ։ Կարևոր է ժամանակին նկատել երեխայի դրսևորած հակումները և դրանց հարգանքով վերաբերվել։

Նույն կերպ կարևոր է հիշել, որ մեր փոքրիկներն էլ ճիշտ մեզ պես երբեմն սեփական անկյունը քաշվելու, սեփական տարածքի զգացումը ունենալու կարիք ունեն։ Էլ չասած, որ սեփական տարածքի «տնտեսավարումը» երեխայի մոտ սոցիումի փոքր մոդելի մասին պատկերացումների զարգացմանն է նպաստում։

Այլ կերպ ասած, եկեք մեր փոքրիկների համար տնակներ պատրաստենք :)

Իհարկե, այսօր կան  շատ գեղեցիկ պատրաստի տնակներ՝ զանազան նյութերից և ամենատարբեր ձևավորումներով և ֆունկցիոնալությամբ։ Սակայն դրանք միշտ չեն մատչելի, բավականին մեծ են և ամեն մի բնակարանում չէ, որ հնարավոր է նման տնակի համար տեղ գտնել։ Եվ դա բոլորովին էլ տխրելու առիթ չէ։ Հիշենք, թե մենք ինքներս որքան ուրախ մանկություն ենք անցկացրել մեր ինքնաշեն տնակներում՝ բաղկացած ծածկոցներից, անձրևանոցներից և այլ հարմարանքներից։
տնակ-վրան երեխաների համար

Արեգի համար պատրաստած տնակն, ահա, այսպիսի տեսք ունեցավ։ Հատակը ծածկեցինք փազլ-գորգով, այնուհետև Արեգի հետ տարածքը բարձապատեցինք։ Կահավորումը անելիս խաղային իրադրությունից բացի կարելի է ուշադրություն դարձնել, թե ինչպիսի միջավայր ենք ցանկանում ապահովել երեխայի համար։ Օրինակ, մեր տնակի անկյունում տեղակայվեց փոքրիկ գրադարանը։ Շատ հարմար է թիկնել բարձերին և հետաքրքիր գրքերից որևէ մեկը թերթել ^_^

Բնականաբար, ի՞նչ տուն առանց խոհանոցի։ Խոհանոցում մի փոքր խառնաշփոթ է, քանի որ Արեգը պատրաստել սիրում է, իսկ հավաքել՝ ոչ այնքան։
պատրաստում ենք տնակ մեր ձեռքերով

տնակի լուսավորումըԵվ իհարկե մեր տանը կա լուսավորման համակարգ։

Խաղալիքներով կարելի է տարածքը շատ չծանրաբեռնել. երեխան ինքը իր ընտրությամբ իր տնակ կտանի այն, ինչ անհրաժեշտ է։

Այսպիսի ինքնաշեն տան առավելությունն այն է, որ շատ արագ հավաքվում է և սենյակն իր նախկին տեսքն է ունենում։ Ամեն անգամ կարելի է նորովի ձևավորել և պատրաստել, և երեխայի հետաքրքրությունն էլ չի կորչի։

Եթե «տանիքով» տնակ պատրաստելու համար հարմար տարածք չունեք, փազլ-գորգերով կահավորումները նույնպես կարող են հրաշալի լուծում լինել, և երեխայի համար ծառայել որպես սեփական «սենյակ»։

Ահա, նման ձևավորման մի քանի օրինակ։

գորգ-փազլների կիրառման օրինակներ
գորգ-փազլների կիրառման օրինակներ
պատրաստում ենք տնակներ գորգ-փազլների օգնությամբ
տուն-տունիկ գորգ-փազլներից պատրաստված տնակում
գորգ-փազլների կիրառման օրինակներ
Ինչպիսի՞ հետաքրքիր գաղափարներ եք ունեցել ձեր փոքրիկների տուն-վրանները պատրաստելիս դուք կամ ձեր երեխաները, եթե ավելի մեծ են և ինքնուրույն են զբաղվում իրենց տան «շինարարությամբ»։

Thursday, April 19, 2018

Տնային բանջարանոց

Տնային պայմաններում փոքրիկ բանջարանոց ստեղծելու և երեխային բանջարեղենի աճեցման սկզբունքներին ծանոթացնելու համար անհրաժեշտ է.
  • ոչ մեծ չափի տուփ, 
  • հող,
  • բանջարեղեն (կարող է լինել բնական՝ փոքր չափի, արհեստական, ձեր ձեռքով պատրաստած որևէ նյութից՝ կտոր, հաստ թել և այլն. ես ինքս բնական գազար էի փոքր, երկարավուն կտրատել և կանաչեղեն օգտագործել),
  • երեխայի համար աշխատանքային գործիքներ՝ բահ, փոցխ, մեքենա և այլն։տնային բանջարանոց փոքրիկ այգեգործի համար
Ի սկզբանե պահեք բանջարեղենը հողի մեջ՝ դրսում թողնելով միայն ծայրերը և առաջարկեք երեխային «քաղել» բերքը։ Խաղի ավարտին կարող եք նաև առաջարկել հետ «տնկել»։
Ընթացքում պատմեք նաև, թե այդ մթերքը կենդանիներից ով է սիրում ուտել, հիշեցրեք երեխային ծանոթ մուլտֆիլմից որևէ դրվագ՝ ենթադրենք ճագարը հողից գազար է հանում և զամբյուղի մեջ դարսում, ինչպես նաև որպես դիդակտիկ նյութ համակարգչով ցույց տվեք իրական բանջարեղենը հողում, քաղելիս՝ պրոյեկտելով ձեր խաղի վրա, բացատրելով երեխային, որ այժմ ինքն էլ նույն գործողությունն է կատարում։
գազար

Tuesday, April 17, 2018

Գունավոր թղթերի կիրառման ևս մեկ տարբերակ

Ցանկացած մայրիկ գիտի, որ երբեմն շատ քիչ բան է անհրաժեշտ երեխային զբաղեցնելու և հետաքրքրելու համար։ Եվ իհարկե ցանկացած մայրիկի զինանոցում կան պահուստային մի շարք մեթոդներ, որոնք չեք գտնի ծնողավարության մասնագետների գրքերում և բլոգերում։

գունավոր թղթերով խաղերԻնչ խոսք, ես ևս ունեմ նմանատիպ փոքրիկ հնարներ, որոնք գալիս են փոխարինելու սովորական դարձած խաղալիքներին և գրքերին։ Այսօր կներկայացնեմ գունավոր թղթերով զբաղմունքը։

Այն ուղղված է միաժամանակ մի քանի հմտության զարգացման՝ կտրել, ծալել, պատկերացում չափերի, գույների, քանակի վերաբերյալ, մանր մոտորիկա և այլն։

Փոքր չափի, կպչուն գունավոր թղթերը տվեք երեխային՝ հանձնարարելով ձեր օրինակով իրարից առանձնացնել և ծալել։ Այլ գույնի/գույների ապահովման համար նախատեսեք նաև A4 չափի գունավոր թղթեր, որոնք երեխան ինքը պիտի կտրատի համապատասխան չափի՝ ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր և ծալի։

գունավոր թղթերով խաղեր ամենափոքրերի համարԸնթացքում կարող եք նաև զանազան պատկերներ ստանալ, ծալած թղթերը բնութագրել ըստ իրենց մեծության, հաստության կամ գույնի։

Հետաքրքրություն մտցնելու համար ես տղայիս առաջարկեցի պատրաստած թղթերը դասավորել սառույցի կաղապարի հատվածներում։ Այնուհետև մի քանի անգամ դրանք վերաբաշխեցինք և վերադասավորեցինք՝ ըստ գույների։

Այս պարզունակ թվացող գործողություններն իրականում բավականին գրավում և հետաքրքրում են փոքրիկներին, ինչպես նաև խթանում արդեն իսկ նշված հմտությունները։

Խաղից հետո կտրատած և ծալած թղթերը պահեք։ Դրանցով կարող եք հետագայում նորից խաղալ, ինչպես նաև սոսնձել կոլաժային կոմպոզիցիաներում։

Sunday, April 15, 2018

Փոքրիկների նկարչության համար անհրաժեշտ պարագաներ

Իմ նախորդ հրապարակումներում արդեն խոսել եմ այն մասին, թե ինչպիսի ներկեր օգտագործել ամենափոքր երեխաների հետ նկարչությամբ զբաղվելիս։

Նկատի ունեցեք, որ փոքրիկներին միաժամանակ շատ գույներ առաջարկել պետք չէ. 2-3 ներկը ամենաօպտիմալ տարբերակն է։

նկարում են ամենափոքրիկներըԱյժմ հասկանանք, թե ներկերից բացի, ուրիշ ինչ նյութեր կարող ենք ներգրավել պրոցեսը հետաքրքրացնելու համար։

Երբ երեխան նկարչությամբ զբաղվելու որոշակի փորձ ունի և կարողանում է արդեն մատիտով/գրչով գծեր քաշել, ժամանակն է մատիկներով ներկարարությունից անցնել վրձնի կիրառությանը։ Դա նոր ոգևորությամբ և հետաքրքրությամբ կլցնի երեխային։

Եթե ձեռքի տակ վրձին չկա այդ պահին, կարող եք մի շարք այլ իրերով փոխարինել, օրինակ՝
    նկարում ենք վրձիններով, ատամի խոզանակներով և այլ իրերով
  • հին ատամի խոզանակ,
  • եղունգների լաքի վրձին (հնացած լաքերը դեն նետելու լավ առիթ է),
  • սպունգ,
  • բամբակ՝ փայտիկով,
  • զանազան ատամնավոր մազակալներ՝ նախշեր անելու համար,
  • խոհանոցային ցանցեր, որոնց օգնությամբ կարելի է հետաքրքիր պատկերներ ստանալ։ 
Այս շարքը կարելի է շարունակել՝ ըստ երևակայության, փոքրիկի նախասիրությունների և ձեռքի տակ եղած հարմար իրերի։

Գրեք ձեր նոր և անսովոր գաղափարները մեկնաբանություններում,  Արեգի հետ անպայման կփորձենք և կգրեմ արդյունքների մասին :)

Thursday, April 12, 2018

Սենսորային պարկ-դոնդող


սենսորային խաղեր փոքրիկների համար
Սենսորային (զգայական) խաղերը ոչ միայն երեխայի զարգացման կարևոր բաղադրիչներից են, այլև չափազանց զվարճալի են։ Հատիկեղենով, մանր քարերով, զանազան շխկշխկան առարկաներով, տարաբնույթ շարժողական գործողություններ պարունակող խաղերը տղայիս առօրյայի անբաժանելի մի մասն են։

Սակայն դոնդողային պարկով զգայական խաղերը իսկական բացահայտում էին ինձ համար։

Ահա մեր առաջին նման պարկը՝ պատրաստված լոգանքի համար նախատեսված փրփուրից և յասամաններից (ցավոք, մեծ չափի զիպ փակվող փաթեթ չունեի)։

Հոտի, գույնի, չափի և շոշափելիքի ներգրավմամբ այս խաղերը թեպետ երկար ժամանակով չեն զբաղեցնում փոքրիկներին, այնուամենայնիվ շատ տպավորիչ են և կարևոր հմտություններ են զարգացնում։

շոշափում ենք մատիկներով
Էլ ավելի հետաքրաքրական արդյունքներ ստանալու համար կարելի է վերցնել մեծ չափի փաթեթ, գույնզգույն մանր ծաղիկներ, իսկ դոնդողանման թանձր միջավայր ստանալու համար օգտագործել մազերի գել (գնեք խանութում առկա ամենաէժանը, միայն ցանկալի է, որպեսզի տարբեր խաղերի ժամանակ տարբեր գույների գելեր օգտագործեք, ինչպես նաև հաճելի բուրեն)։

Բնականաբար ծաղիկների փոխարեն կարելի է մի շարք այլ մանր առարկաներ կիրառել՝ տարբեր գույների, ձևերի, չափերի և շոշափելու, մատներով այս կողմ-այն կողմ տանելու ընթացքում խոսել երեխայի հետ առարկաների բնութագրերի մասին։

Ուրախ և օգտակար ժամանց եմ մաղթում ^_^

Tuesday, April 10, 2018

Նկարչության կարևորությունը երեխայի զարգացման գործում

Ե՞րբ սկսել նկարել փոքրիկների հետ։

Մատիկներով ներկարարություն կարելի է սկսել փորձարկել երեխայի՝ ինքնուրույն նստել սովորելուց հետո։ Սակայն յուրաքանչյուր փոքրիկի պարագայում ծնողն ինքը կզգա՝ արդյո՞ք երեխան պատրաստ է ժամանցի այդ ձևին, թե՞ ոչ, արդյո՞ք երեխան պատրաստ է որոշ ժամանակ կենտրոնանալ մի բանի վրա։ Ես իմ տղայի հետ սկսեցի նկարչությամբ զբաղվել 10 ամսականից։ Թե ինչպես նախապատրաստվել ամենափոքրիկների հետ նկարչության առաջին սեանսին, կարդացեք այստեղ։

նկարում ենք մատիկներով

Նկարե՞լ, թե՞ ոչ. սա է խնդիրը ։)

Նկարել միանշանակ, ինչո՞ւ, պատճառները բազմաթիվ են։
  • Նկարչությունն արվեստ է, ծանոթացրեք ձեր բալիկին արվեստի աշխարհին հնարավորինս շուտ։
  • Ծանոթացեք ձեր փոքրիկի ներաշխարհին և հույզերին գույների օգնությամբ։ 
  • Ձեր երեխային լիցքաթափվելու և արտահայտվելու այլընտրանքային ձևեր սովորեցրեք. չէ՞ որ նկարչական թերապիայի ներուժը անսահման մեծ է։
  • Ստեղծագործ մտածողությունը հմտություն է, որը պետք է զարգացնել, այո, թմբլիկ թաթիկների խզբզանքները նպաստում են ստեղծարարության զարգացմանը։
  • Փորձարարություն. թող որ երեխան փորձի իր բոլոր մտահղացումները։
  • Գուցե ձեր երեխան նկարիչ կամ արվեստագետ դառնալու պոտենցիալ ունի, տվեք նրան ինքնաճանաչման մեխանիզմներ։
  • Մանր մոտորիկայի զարգացում. այս մասին գիտեն բոլոր ծնողները։
  • Գույների, երկրաչափական պատկերների, չափերի մասին պատկերացում։
  • Խոսքի զարգացում. ընթացքում խոսեք երեխայի հետ, պատմեք և մեկնաբանեք ցանկացած գործողություն, ինչ պատրաստվում եք անել կամ արդեն արեցիք։ Սա բառապաշարը համալրելու հրաշալի առիթ է։ Մի մոռացեք նաև ժխտում կամ հաստատում պահանջող հարցեր ուղղել երեխային։
  • Եվ իհարկե, նկարչությունը ձեր ձագուկի հետ հաճելի և հիշարժան ժամանակ անցկացնելու հրաշալի միջոց է։
ստեղծագործում են փոքրիկները

նկարում ենք և ճանաչում աշխարհը

նկարել սովորելու ամենալավ տարիքը

Ինչ խոսք, սրանք պարզապես մի քանիսն են նկարչության բազում առավելություններից։ Ցանկացած ծնող ինքը կարող է նկատել, թե հատկապես իր երեխայի վրա ինչպիսի անդրադարձ է ունենում նկարելու գործընթացը։

Եթե դուք ունեք հետաքրքիր օրինակներ կամ կարող եք համալրել նկարչության դրական կողմերի իմ ցանկը, գրեք մեկնաբանություններում, սիրով կսպասեմ :)

Monday, April 9, 2018

Գույնզգույն ժամանց

Փոքրիկների հետ ներկերով խաղալը հրաշալի գաղափար է, չնայած երբեմն իսկական քաջություն և կամքի ուժ է հարկավոր գաղափարը կյանքի կոչելու համար։
Նկարչության կարևորությունը երեխայի զարգացման գործընթացում

Բազմաթիվ բաղադրատոմսեր կան համացանցում, թե տնային պայմաններում ինչպես է հնարավոր անվտանգ ներկեր պատրաստել ամենափոքրերի ժամանցը հետաքրքրաշարժ և օգտակար կազմակերպելու համար։ Մինչդեռ երբեք չես իմանա՝ արդյո՞ք իրականում ներկը կստացվի այնպիսին, ինչպես նկարագրված է, արդյո՞ք երեխան կհետաքրքրվի խաղով կամ արդյո՞ք անմեղ ժամանցը չի վերածվի անկառավարելի քաոսի։

Արեգը նկարել սկսել է 10 ամսականից։ Այժմ արդեն բավականին մեծ է և նկարում է ոչ միայն մատիկները ներկի մեջ թաթախելով, այլև գրչով, մատիտներով, վրձնով, կավճով ու բոլոր այլ հնարավոր միջոցներով ☺

Փոքրիկի համար տնային պայմաններում անվտանգ ներկ պատրաստելու իմ փորձած բաղադրատոմսերից ամենաանարդյունավետը եգիպտացորենի օսլայով տարբերակն էր։ Ստիպված էի կանգնել գազօջախի մոտ, սպսաք կեղտոտել, արդյունքում ստացանք կպչուն դոնդողանման ներկեր, որոնցով խաղալը առանձնապես հաճելի չէր և հագուստի վրայից մի փոքր դժվար մաքրվեցին։

Արագ պատրաստվողներից իմ ամենասիրելին յոգուրտ + սննդային ներկանյութ համադրությունն է։ Քանի դեռ տղաս փոքր էր և կարող էր ներկերը համտեսելու ցանկություն ունենալ, ես գնում էի Humana-ի 6+ յոգուրտներից (սննդակարգում յոգուրտ ներառել եմ շատ ավելի ուշ, սակայն նկարելու ընթացքում ներկոտ մատիկները բերանը տանելու հեռանկարի դիմաց որոշեցի, որ յոգուրտը ամենալավ տարբերակն է)։ Երբ Արեգը նկարչության ասպարեզում բավականաչափ փորձառություն ձեռք բերեց և դադարեց ներկերը բերանը տանելու փորձեր անել, սկսեցի գնել պարզապես խանութում առկա ամենամատչելի յոգուրտները։

պատրաստում ենք ներկեր տնային պայմաններում
Զանգվածը զգայական առումով բավական հաճելի է ստացվում, հագուստից մաքրվում է հեշտ, իսկ որպես փոքրիկ արտիստի աշխատանոցի հումք պարզապես անգնահատելի է։

Պատահել է, երբ յոգուրտ տանը չի եղել այդ պահին, սակայն նկարելու անհետաձգելի ցանկություն ենք ունեցել, և ներկանյութը խառնել եմ թթվասերի հետ․․․ Մի արեք նման բան, հավատացնում է՝ արդյունքը հաճելի չէ ☺

Անհրաժեշտության դեպքում ջրալի կաթնաշոռով (Danone) կամ խիտ մածունով համադրությունը նույնպես կարող է աշխատող տարբերակ լինել։

 Ի՞նչ է պետք անել, նախքան նկարչության բուն պրոցեսին անցնելը։

  • Հագնել այնպիսի հագուստ, որի ներկոտվելը ձեզ չի մտահոգի։
  • Նույնը վերաբերվում է երեխայի հագուստին. հույս չունենաք, թե մարմնի վրա որևէ մաքուր կետ է մնալու ։)
  • Նախապես հատակին փռել մոմլաթե (клеёнка) սփռոց, որպեսզի հատակը կամ գորգը չկեղտոտվի և լվանալը հեշտ լինի։ 
  • Պատրաստել և փոքր, հարմար տարրաների մեջ լցնել ներկը։
  • Հնարավորության դեպքում երեխային նկարչության համար հատկացնել ստվարաթուղթ (կարտոն), քանի որ փոքրիկը ոգևորված խաղալիս կարող է ճմռթել սովորական թուղթը, և եթե դուք ուզում էիք պահպանել ձեր փոքրիկի ստեղծագործական առաջին փորձերը, ձեր կտավը ներկայանալի տեսք չի ունենա :) Նոր վերնաշապիկներ կամ սպիտակ ներքնաշապիկներ գնելիս պահպանեք դրանց մեջ դրված ստվարաթղթերը. դրանք, որպես կանոն, մի երեսից ճերմակ են և A4 չափի. իսկական գտածո փոքրիկի արվեստանոցի համար։
  • Եթե երեխան շատ փոքր է կամ սկսնակ այս բնագավառում և կամ եթե դուք տանը մենակ եք և օգնող չունեք, մինչ խաղի պրոցեսին անցնելը նախապես պատրաստեք լողասենյակը, որպեսզի խաղի ավարտին, առանց շփոթվելու և առանց լողասենյակում ամեն ինչ ներկոտելու, երեխային անմիջապես վնասազերծեք (լողացնեք) :) Մի քանի անգամ նկարելուց հետո երեխան արդեն սովոր կլինի պրոցեսին և կարող է հանգիստ նստել, նկարել կամ սպասել, մինչև դուք կպատրաստեք լողասենյակը։
  • Առաջին 2-3 անգամը երեխան կարող է շատ կարճ խաղալ՝ 5-15 րոպե, առանձնապես չհետաքրքրվել նկարչությամբ կամ նույնիսկ չհամարձակվել մատիկները թաթախել ներկի մեջ։ Ձեր փորձով ցույց տվեք, որ դա շատ հաճելի և հետաքրքրական խաղ է, քաջալերեք նկարել թղթի կամ սփռոցի վրա։ Ընդամենը մի քանի փորձից հետո ձեր փոքրիկը ձեր աչքի առաջ կդառնա պրոֆեսիոնալ ներկարար։ 
էկո ներկեր երեխաների համար


Եվ թերևս ամենակարևորը՝ զինվեք համբերությամբ, մի վախեցեք խառնաշփոթից և ինքներդ վայելեք ընթացքը. չէ՞ որ ձեր փոքրիկը բացահայտում է գույների աշխարհը։ 
էկո ներկեր երեխաների համար