Այս օրերին, երբ բոլորս տանը նստած ենք և չենք կարող հետաքրքիր, առավել ևս մշակութային վայրեր այցելել մեր փոքրիկների հետ, կարող ենք առնվազն փորձել մշակութային միջավայրը ստեղծել մեր տանը։
Ահա, այդպիսի մի օրինակ, որը թեպետ պանդեմիայի շրջանակներում չենք պատրաստել, սակայն այժմ ավելի քան տեղին է վերհիշել։ Լուցկու տուփերից մինիատյուրային ինտերակտիվ պատկերասրահ։
Այսպիսի պատկերասրահ ստեղծելու համար ավելի շատ անհրաժեշտ է երևակայություն, քան կոնկրետ ցուցումներ։
Լուցկու տուփերը բոլորն էլ բացվում֊փակվում են, որոշները՝ պատուհանի պես դեպի աջ կամ ձախ, որոշները՝ դեպի վեր կամ ներքև, իսկ մի մասն էլ սովորական լուցկու տուփի պես։
Դրանք բոլորը պարունակում են զանազան գաղտնիքներ՝ հայելի, ինքնակպչուն, տիկնիկ, փետուրներ, ձկնիկներով համրիչ, հուլունքներ, աչքեր կամ պարզապես այլ նկարներ։
Օրինակ՝ Վան Գոգի «Աստղալից գիշեր»֊ի ներսում գտնվում է աստղազարդ գիշերվա մեկ այլ՝ առավել մանկական պատկեր։
Պատկերասրահը կարելի է պատրաստել այնպես, որպեսզի հետագայում նոր պատկերներ ավելացնելու տեղ լինի։
Ինչպե՞ս օգտագործել այն.
- Կախված երեխայի տարիքից՝ կարելի է երեխային տեղեկություններ հաղորդել պատկերների և դրանց հեղինակների մասին։
- Եթե տանը ունեք գեղանկարչության ալբոմներ, կարող եք ալբոմում գտնել և երեխային ցույց տալ այն կտավները, որոնք ձեր հավաքածուում ևս տեղ են գտել։
3. Երեխային կարող եք խնդրել, որպեսզի ինքը հանդես գա որպես «էքսկուրսավար»՝ ներկայացնելով իր պատկերասրահի գաղտնիքները, թաքնված պահոցները՝ միջի պարունակությամբ, ինչպես նաև իր բառերով պատմել, թե այդ նկարներում ինչ է պատկերված։
No comments:
Post a Comment