Որոնում

Tuesday, March 31, 2020

Սենսորային գորգ կամ զգայական ճեմուղի

Սենսորային գորգ կամ զգայական ճեմուղի :) Կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած ամենատարբեր նյութերից։ Եթե փազլ գորգ ունեք, շատ լավ, կարելի է օգտագործել, եթե չունեք, էլի խնդիր չի. ձեր ճեմուղին կառուցեք թերթերի, խոհանոցային տախտակների, թղթապանակների կամ ձեր երևակայությամբ որևէ այլ առարկաների օգնությամբ։

Կարևորը ապահովել բազմազանություն, վառ գույներ և տարբեր զգացողություններ։ Այս խաղ֊ճեմուղին սեփական զգացողություններն ավելի լավ ճանաչելու, ֆիզիկական աշխարհի և երեխայի զգայարանների միջև ավելի ամուր կապ հաստատելու համար է։ Այնպես որ, փորձեք հնարավորինս տարբեր տպավորություններ ներդնել խաղի մեջ։

Փափուկ, սղլիկ, կարծր, ծակծկող, խուտուտ տվող, թաց և այլն՝ այսպիսի զգացողություններ ապահովող փոքրիկ խաղագորգը արկածներով լի ճամփորդության տպավորություն կստեղծի երեխայի մոտ և կապահովի վառ հույզեր։
Քանի որ տղաս բոբիկ ոտքերով տարբեր մակերեսների վրա քայլելը փոքրուց այնքան էլ չի սիրել, ես այս «ճամփորդությունը» փորձեցի հնարավորինս գրավիչ դարձնել՝ ասելով, թե ամեն մի կտորը մի երկիր/վայր է, ու ամեն վայրից մյուսը մենք որևէ փոխադրամիջոցով ենք գնալու։

Ամեն կտորի վրա ոտք դնելիս, ես տղայիս խրախուում էի պատմել, թե ինչ է զգում, դա ինչ երկիր/վայր կարող է լինել (ծովափ, անտառ, մեզ հայտնի որևէ գյուղի, քաղաքի կամ երկրի անուններ էինք տալիս), և թե մենք այդտեղ ինչով եկանք՝ ինքնաթիռով, նավով, մեքենայով, զբոսնելով և այլն։

Իմ օգտագործած նյութերը որպես հուշում դիտարկեք, բայց ազատ եղեք ըստ ձեր բալիկի նախընտրությունների կառուցելու ձեր սենսորային ճանապարհը, չէ՞ որ դա ձեր և ձեր բալիկի զգացողությունների ճանապարհորդությունն է։

Իսկ ես կսպասեմ ձեր անսպասելի և ստեղծագործ մտահղացումների լուսանկերներին նյութի մեկնաբանություններում։

No comments:

Post a Comment