Որոնում

Tuesday, March 31, 2020

Ինչպե՞ս ենք շնչում. ճանաչողական խաղ երեխաների համար


Երեխաներին շրջական աշխարհի և հենց մեր մասին սովորեցնելու ամենատպավորիչ ձևը խաղն է։ Խաղի լեզվով հասկանալի է դառնում ցանկացած բարդ երևույթ։ 

Անգամ այնպիսի բարդ երևույթ, ինչպիսին է շնչառական համակարգը, կարող է միանգամայն ընկալելի լինել երեխայի համար, եթե դրան պատկերավոր բնույթ հաղորդեք։ 

Ընդամենը երկու ձողիկ և երկու փուչիկ, և ահա 3 տարեկան փոքրիկը ոչ միայն գիտի բրոնխներ և թոքեր բառերը, այլ հասկանում է, թե ինչպես են դրանք «աշխատում», ինչպես է օդը շնչուղիներով լցվում թոքերը և ապա արտաշնչելիս դուրս մղվում։

Երեխայի այսպիսի պատրաստվածությունը օգնում է ծնողներին երեխայի հետ ճիշտ զրուցել հիվանդությունների մասին, բացատրել, թե ինչու է անհրաժեշտ անել ծնողի այս կամ այն կանխարգելիչ հորդորը։ 

Ընդ որում, այս շնչառական խաղ֊վարժանքը միաժամանակ թե՛ գիտելիքներ է տալիս շնչառական ապարատի մասին և թե՛ մարզում թոքերը։ 

Դե իսկ «արհեստական թոքեր» պատրաստելու համար փուչիկի մեջ ենք մտցնում հյութի ձողիկի ծայրը, ամուր կապում, պատրաստում նույնի երկրորդ օրինակը և այս երկուսը իրար միացնում։ Պատրաստ է։ 


Սենսորային գորգ կամ զգայական ճեմուղի

Սենսորային գորգ կամ զգայական ճեմուղի :) Կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած ամենատարբեր նյութերից։ Եթե փազլ գորգ ունեք, շատ լավ, կարելի է օգտագործել, եթե չունեք, էլի խնդիր չի. ձեր ճեմուղին կառուցեք թերթերի, խոհանոցային տախտակների, թղթապանակների կամ ձեր երևակայությամբ որևէ այլ առարկաների օգնությամբ։

Կարևորը ապահովել բազմազանություն, վառ գույներ և տարբեր զգացողություններ։ Այս խաղ֊ճեմուղին սեփական զգացողություններն ավելի լավ ճանաչելու, ֆիզիկական աշխարհի և երեխայի զգայարանների միջև ավելի ամուր կապ հաստատելու համար է։ Այնպես որ, փորձեք հնարավորինս տարբեր տպավորություններ ներդնել խաղի մեջ։

Փափուկ, սղլիկ, կարծր, ծակծկող, խուտուտ տվող, թաց և այլն՝ այսպիսի զգացողություններ ապահովող փոքրիկ խաղագորգը արկածներով լի ճամփորդության տպավորություն կստեղծի երեխայի մոտ և կապահովի վառ հույզեր։
Քանի որ տղաս բոբիկ ոտքերով տարբեր մակերեսների վրա քայլելը փոքրուց այնքան էլ չի սիրել, ես այս «ճամփորդությունը» փորձեցի հնարավորինս գրավիչ դարձնել՝ ասելով, թե ամեն մի կտորը մի երկիր/վայր է, ու ամեն վայրից մյուսը մենք որևէ փոխադրամիջոցով ենք գնալու։

Ամեն կտորի վրա ոտք դնելիս, ես տղայիս խրախուում էի պատմել, թե ինչ է զգում, դա ինչ երկիր/վայր կարող է լինել (ծովափ, անտառ, մեզ հայտնի որևէ գյուղի, քաղաքի կամ երկրի անուններ էինք տալիս), և թե մենք այդտեղ ինչով եկանք՝ ինքնաթիռով, նավով, մեքենայով, զբոսնելով և այլն։

Իմ օգտագործած նյութերը որպես հուշում դիտարկեք, բայց ազատ եղեք ըստ ձեր բալիկի նախընտրությունների կառուցելու ձեր սենսորային ճանապարհը, չէ՞ որ դա ձեր և ձեր բալիկի զգացողությունների ճանապարհորդությունն է։

Իսկ ես կսպասեմ ձեր անսպասելի և ստեղծագործ մտահղացումների լուսանկերներին նյութի մեկնաբանություններում։

Monday, March 30, 2020

Ինչպես կով կթել. ճանաչողական խաղ փոքրիկների համար


Ինքնամեկուսացման, ինչպես նաև տանից դուրս գալու կանոններին հետևում եք չէ՞։ Դե որ այդպես է, հավանաբար մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ էլ ունեք։ Եթե դրա հետ մեկտեղ նաև մի փոքր ժամկետն անց կաթ ճարվի, ուրեմն այսօր դուք և ձեր բալիկները տանը չեք ձանձրանա, այլ մի շատ հետաքրքիր ճանաչողական խաղ կխաղաք։

Այո, սովորում ենք ճանաչել աշխարհը, հասկանալ, թե կաթը ինչպես է «ստեղծվում»։ Կաթը լցրեք ձեռնոցի մեջ, ամուր կապեք, մատների ծայրերին ասեղով անցքեր բացեք և ամրացրեք երեխային հարմար բարձրության վրա, որպեսզի հեշտությամբ կարողանա կթել «կովիկին»։ Եթե կովիկի նկար տպելը հնարավոր չէ, կարող եք մատիտով նկարել, խաղալիք կովիկ դնել կամ պարզապես սպիտակ ձեռնոցի վրա սև նախշեր նկարել, որպեսզի սպիտակ և սև մորթիով կովի ասոցիացիա ստեղծվի։   

Ահա այսքանը, մնում է զվարճանալ և առիթը օգտագործելով ընթացքում երեխային հետաքրքրող տեղեկություններ տալ կենդանիների մասին. ինչպես են սնվում, որտեղ են ապրում (գոմ, ախոռ, հավաբուն և այլն)։