Օգնել երեխային ճանաչել իր հույզերը, հասկանալ և արտահայտել դրանք։ Սա այնքան էլ հեշտ պրոցես չէ, քանի որ մենք մեծերս էլ հաճախ գլուխ չենք հանում մեր զգացմունքներից, ուր մնաց թե լիովին կարողանանք հասկանալ և օգնել մեր փոքրիկներին։ Հուզական ինտելեկտը քիչ հայտնի, բայց շատ կարևոր ոլորտ է, որը ցավոք բաց է մնում մեր կրթության մեջ։
Ես իհարկե դրա մասնագետը չեմ, բայց որպես հետաքրքրասեր և բզբզան մամա, փորձում եմ գտնել կամ դուրս բերել այնպիսի խաղեր, որոնք ինչ֊որ չափով կնպաստեն հուզական ինտելեկտի այս կամ այն բաղադրիչին։ Այս շատ հեշտ և իսկապես զվարճալի խաղը ուղղված է երեխայի հուզաճանաչողությանը՝ օգնելով երեխաներին մտածել իրենց զգացածի մասին, հասկանալ այն և արահայտել։ Իրականում սեփական հոգեվիճակը հասկանալը և մեծահասակներին բացատրել կարողանալը շատ կարևոր է երեխայի հոգեկան աշխարհի ներդաշնակ զարգացման, ինչպես նաև ընտանիքում ամուր փոխհարաբերությունների ձևավորման համար։
Դե ինչ, իսկ հիմա խաղը։ Տեսել եք չէ՞ զանազան հայտարարություններ, որոնց ներքևի հատվածի թերթիկները (հեռախոսահամարով) նախատեսված են կտրելու համար։ Այս հայտարարությունները ինձ միշտ գայթակղել են, և համարով թերթիկը կտրելու ցանկություն առաջացրել։ Հենց դա հիշելով էր, որ մտածեցի նույն ձևաչափը օգտագործել տղայիս հույզերի պատկերային բնորոշումները ստանալու համար։ Հնչում է բարդ, բայց իրականում ամեն ինչ շատ հեշտ է։
Այն, ինչ տեսնում եք նկարում, պատրաստել եմ նկատի ունենալով Արեգի տարիքը և իր հույզերի ճանաչողության աստիճանը։ Դուք կարող եք պատրաստել նմանատիպ պաստառ՝ նկատի ունենալով ձեր բալիկի առանձնահատկությունները, համապատասխանաբար ներառելով ավելի բարդ կամ ավելի շատ կամ քիչ հույզեր։ Եթե երեխան ավելի փոքր է, կարող եք ընտրել չորս հիմնական հույզ, օրինակ՝ ուրախ, տխուր, զարմացած և բարկացած, ու մի քանի անգամ կրկնել այս չորս հույզերի պատկերները։ Երեխան կարող է օրվա մեջ մի քանի անգամ ցանկանալ միևնույն հոգեվիճակը արտահայտող պատկերով թերթիկ կտրել։
Երբ պաստառը պատրաստ է, փակցրեք այն երեխայի համար մատչելի տեղ և հարցրեք, թե ինչ է զգում այդ պահին։ Առաջարկեք հարցին պատասխանել ընտրելով սիմվոլներից մեկը։ Երբ երեխան հասկանա խաղի կանոնները, նա ինքը մեծ հաճույքով կսկսի օգտագործել պաստառը իր զգացածը բացատրելու համար։ Որոշ բարդ իրավիճակներում, երբ երեխան լաց է լինում կամ ինչ֊որ բան պահանջում կամ չափազանց ոգևորված, ասացեք, որ այնքան էլ լավ չեք հասկանում, թե ինչ է ուզում և խնդրեք, որպեսզի ձեզ սմվոլի միջոցով բացատրի։
Մեր դեպքում սա պարզապես հրաշալի աշխատեց։ Մի նմանատիպ իրավիճակում, երբ Արեգը անհիմն նվնվում էր, ես շատ հանգիստ առաջարկեցի դռանը փակցրած սիմվոլներից մեկը բերել, որպեսզի հասկանամ, թե ինչ է զգում այդ պահին և կարողանամ օգնել իրեն։ Արեգն անմիջապես դադարեցրեց իր նվնվոցը և վազեց սիմվոլ կտրելու։ Երբ հետ եկավ ինձ մոտ՝ ձեռքում սիմվոլը, նա արդեն լրիվ հանգստացել էր, և մենք ուրախ մթնոլորտում քննարկեցինք, թե ինչու էր մինչ այդ տխուր։ Այսպիսի պաստառը կարող է երեխային օգնել գնահատելու նաև իր հույզերի ոչ միայն տեսակը, այլև աստիճանը։ Օրինակ, երբ Արեգը կամակորություն անելիս ընտրեց տխուր դեմքով նշան և ոչ թե լաց լինողը, ես հասկացա, որ երեխան բավական ադեկվատ գնահատում է իրավիճակը ու ինքն էլ գիտի, որ լաց ու կոծ անելու պատճառ առանձնապես չունի :)
Օգտակար խորհուրդներ
- Երեխային առաջարկեք արդեն իսկ օգտագործած սիմվոլները դեն չնետել, այլ պահել արկղիկում, որպեսզի երբ անհրաժեշտ լինի տվյալ հույզը կրկին արտահայտել, իր արկղիկից գտնի և բերի։
- Նմանատիպ պաստառ շատ հեշտ է պատրաստել համակարգչով, բայց եթե պատրաստելու կամ տպելու տարբերակ չունեք, փորձեք ձեռքով նկարել։
- Եթե դուք պատրաստել եք թվային տարբերակով և պատրաստվում եք տանել տպելու, միանգամից մի քանի օրինակից տպեք, քանի որ պաստառը սպառելուց մեկ֊երկու ամիս անց դուք կարող եք կրկնել խաղը։
- Եթե սկսել եք համեմատաբար պարզ հույզերից, ապա որոշ ժամանակ անց պատրաստեք նոր պաստառ՝ հարստացնելով ավելի բարդ հույզեր արտահայտող սիմվոլներով։