Որոնում

Monday, March 25, 2019

ԳԻՏԱՓՈՐՁ ՀՈՏՈՏԵԼԻՔ. 1.6-5 տարեկան բալիկների համար

Հոտոտելով ճանաչենք աշխարհը։
Այս շատ կարևոր ճանաչողական փորձի համար մեզ անհրաժեշտ է՝
  • 4 կամ ավելի փոքր տարրա խուփով,
  • 4 կամ ավելի բուրումնավետ նյութ (երեխային ծանոթ),
  • աչքերը կապելու համար հարմար կտոր։
Նախապես, երբ Արեգը սենյակում չէր, ընտրեցի և առանձնացրի չորս բուրումնավետ նյութ, որոնք Արեգին քաջ ծանոթ են և կկարողանար միայն հոտից ճանաչել։ Մեր դեպքում դրանք էին նարինջի կեղև, կակաո, նանա և Արեգի մանկական շամպունը։ Յուրաքանչյուրը առանձին տարրայի մեջ լցրի և ամուր փակեցի (նարնջի կեղևի վրա մի փոքր նարնջի մզվածք լցրեցի, որպեսզի հոտն ավելի արտահայտիչ լինի)։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, Արեգին բացատրեցի, որ փակած աչքերով, միայն հոտ քաշելով պիտի կռահի, թե ինչ է իր ձեռքում և ի զամանս ինձ, Արեգին այդ միտքը շատ ոգևորեց, թեպետ աչքերը կտորով կապել այնքան էլ չի սիրում։

Առաջին փորձից Արեգը կարողացավ անմիջապես ճանաչել միայն նանան։ Երկրորդ անգամ աչքերը փակելուց առաջ մենք միասին ուսումնասիրեցինք նյութերը, ինչը նույնպես շատ զվարճալի էր։ Օրինակ՝ շամպունը Արեգը սկզբում չէր հասկանում, թե ինչ է, բայց ուշադիր նայելուց հետո մանր պղպղջակներ նկատեց և մեծ ուրախությամբ ասաց, որ դա օճառ է։ 
Երկրորդ անգամ աչքերը փակելուց հետո Արեգը նյութերը բոլորը կարողացավ գուշակել, ինչից շատ գոհ մնաց։ :)
Եվ ինչպես լինում է սովորաբար, վերջում Արեգը իր սեփական խաղը հորինեց, որով զբաղվեց շատ ավելի երկար։ Արեգի խաղը հետևյալն էր՝ նյութերը լցնել իրար վրա և տեղափոխել մի տարրայից մյուսը :) Այդ ընթացքում նույնպես Արեգին առաջարկում էի հոտոտել և պարզել, թե այդ չորսից որ մեկի բույրն է ամենաուժեղը։ Պարզվեց՝ այդ չորսը իրար խառնած վիճակում ամենադոմինանտ հոտը կակաոյինն էր, որը պարզապես չեզոքացրել էր մյուս հոտերը։

Իրականում ես բավականին դժվար կողմնորոշվեցի, թե ձեռքի տակ եղած բաներից ինչ չորս նյութ ընտրեմ մեր գիտափորձի համար։ Եթե դուք այլ հետաքրքիր տարբերակներ մտածեցիք, անպայման գրեք մեկնաբանություններում, հաջորդ անգամ մենք սիրով կփորձենք։

Sunday, March 24, 2019

Ուղիղ թիրախին․ մեկ ու կես և բարձր տարիքի համար

Իմ սիրելի պոմպոններով հերթական պարզ բայց շատ զվարճալի խաղը։

Ի՞նչ է անհրաժեշտ խաղը կազմակերպելու համար։

Սպորտային օղակ, գրքերը կազմելու թափանցիկ ինքնասոսնձվող ցելոֆան, պոմպոններ և իրար դեմ մրցելու ցանկություն ունեցող երկու էնտուզիաստ։

Ինքնասոսնձվող ցելոֆանը կտրեք շրջանաձև՝ օղակի չափով և փակցրեք օղակին։ Օղակը ամրացրեք որևէ հարթ տեղ՝ դռանը կամ պատին, այնպես, որ ձեր երեխայից գլխի հետ գրեթե նույն հարթության վրա լինի։
Պատրաստ է։ Այժմ կանգնում եք մի փոքր հետ և փորձում պոմպոնները նետել այնպես, որ կպնեն ցելոֆանին և չընկնեն ցած։ Բնականաբար խաղը շատ ավելի հավես կլինի, եթե մրցակցեք, թե ում մոտ է ավելի լավ ստացվում և ով է կարողանում ավելի շատ պոմպոն կպցնել։

Ուրախ ժամանց։

Friday, March 22, 2019

Ձվիկ֊ձվիկ ձվեղեն

Նոր խաղալիք գնելու փոխարեն առաջարկում եմ ձվածեղ պատրաստելիս ձվի կեղևները հնարավորինս անվնաս առանձնացնել, հոսող ջրի տակ լվալ և պահել։ Դրանցով կարող եք թե՛ նկարել և՛ թե ճանաչողական հետաքրքիր խաղ խաղալ։ Օրինակ, ձվի կեղևների օգնությամբ կարող եք ձեր փոքրիկին սովորեցնել տարբերակել թվերը կամ զանազան  պատկերներ։

Շատ հեշտ է։ Պարզապես վերցրեք նախապես հավաքած ձվի կեղևները, դրանց վրա մարկերով կամ ֆլոմաստերով նկարեք/գրեք այն թվերն ու պատկերները, որոնք ցանկանում եք կրկնել և վերջ։ Մնում է երեխայի խաղալիքներից մի մուրճ գտնել կամ փոխարինել որևէ այլ հարմար առարկայով, օրինակ՝ գդալով։
Զգուշացում
Խաղի համար մեծ տարածք ընտրեք, իսկ ավելի լավ է, որև սփռոց գցեք հատակին և երեխային դրա վրա նստացրեք, որպեսզի խաղի ընթացքում ստիպված չլինեք երեխային խնդրել զգույշ լինել, շատ չթափթել և զուր տեղը անհանգիստ չլինեք։  

Երբ ամեն ինչ պատրաստ է,  առաջարկեք երեխային գտնել եղած թվերից կամ պատկերներից որևէ մեկը, ասենք՝ քառակուսին և գտնելուն պես մուրճի մեկ հարվածով ոչնչացնել այն :D
Հավատացեք, այս խաղը ոչ միայն կօգնի ձեր բալիկին ամրապնդել իր գիտելիքները, այլև մեծ ուրախություն կպարգևի։

Tuesday, March 19, 2019

Խաղ վարսափաթաթուկներով. 1+ տարիքի երեխաների համար

Ունե՞ք մազմզուկներով վարսափաթաթուկներ (բիգուդիներ) և սեղանի ցամքոց։ Հրաշալի է, քանի որ ձեր բալիկին դա շատ կուրախացնի։
Դե ուրեմն, փակցնում ենք ցամքոցը որևէ մակերեսի, օրինակ՝ դռանը, և վարսափաթաթուկները տալիս երեխային՝ առաջարկելով ամրացնել դրանք կտորին։

Այս ինքնատիպ կոնստրուկտոըր ձեր փոքրիկին շատ կգրավի։ 

Սկզբում թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն ուսումնասիրի վարսափաթաթուկները, կպցնի կտորին, այնպես ինչպես ցանկանում է։

Այնուհետև կարող եք ուղղորդել նաև ստանալ զանազան պատկերներ, օրինակ՝ երկրաչափական մարմիններ կամ մարդուկ։

Այս խաղը հրաշալի է թե՛ երևակայության խթանման և թե՛ սենսորիկայի առումով։

Եթե դուք ունեք նաև պոմպոններ, խաղը կարող եք դարձնել էլ ավելի հետաքրքրական՝ փաթաթուկ֊խողովակների միջով գլորելով պոմպոնները, փորձարկելով, թե որ չափի պոմպոնը, որ գլանակի միջով կարող է անցնել։

Արեգին հատկապես շատ էր ուրախացնում, երբ պոմպոնը դուրս էր գալիս մի գլանակի միջից և ընկնում ներքևում փակցրած մյուս գլանակի մեջ։

Խաղից բացի երեխան սովորում է նաև տրամաբանել, պակերացում կազմել մեծի և փոքրի, պարունակյալի և պարունակիչի, դրանց հարաբերությունների մասին։ Զուգահեռ կարող եք ամրապնդել նաև երեխայի գունաճանաչողությունը։

Գրեք ձեր և ձեր բալիկների փորձարկումների մասին մեկնաբանություններում և պատմեք, թե ինչ նոր բաղադրիչներ հորինեցիք խաղի ընթացքում։

Շատ պարզ խաղ՝ ֆիզիկական ակտիվության և գույների տարբերակման համար

Երբ երեխայի համար խաղ ես պատրաստում, երբերք չգիտես, թե որը նրա կողմից լավ կընդունվի, որը ոչ։ Այս պարզունակ խաղը նախաձեռնելիս ես անգամ վստահ էլ չէի՝ արդյոք Արեգը ուշադրություն կդարձնի դրան։ Բայց պարզվեց, որ այս սպորտային զբաղմունքը տղայիս մեծ ոգևորություն պարգևեց։
Պարզապես վերցնում եք թափանցիկ, լայն, կպչուն ժապավեն, մեկ մետր երկարությամբ հորիզոնական ամրացնում այնպես, որ երեխայի ձեռքը գրեթե հասնի, բայց չկպնի։

Այնուհետև տալիս եք երեխային բատուտի համար նախատեսված գունավոր գնդակներ (եթե չունեք, դրանց 10 հատը մոտ 800 դրամով  կարող եք գնել, վստահ եմ՝ ավելի մատչելի տարբերակներ էլ կան, ես առցանց խանութների գնառաջարկն եմ ներկայացնում) և առաջարկում  կպցնել դրանք ժապավենին։

Մատների ծայրին կանգնելով, ձգվելով, գլորվող գնդակների հետևից վազվզելով շարանը ձևավորելը արդեն իսկ շատ օգտակար է փոքրիկների ֆիզիկական ակտիվության համար, սակայն դրան կարող եք գումարել նաև գույների տարբերակման բաղադրիչը և կստանաք երկուսը մեկում զբաղմունք։

Ընդ որում, գունավոր գնդակները տեսակավորելը տղաս բոլորովին ինքնաբուխ նախաձեռնեց՝ ամեն գնդակը վերցնելիս երգելով անգլերեն համապատասխան գույնի երգը, օրինակ՝ «Orange color, orange color where are you? Here I am, here I am, how do you do?»: 

Saturday, March 16, 2019

Գունափորձ մեկ ու կես և բարձր տարիքի երեխաների համար

Մանկական զվարճալի գիտափորձերը Բզբզանի ամենասիրված բաժիններից է։ Ես և Արեգն էլ շատ ենք սիրում այս ճանաչողական խաղերը, որոնց օգնությամբ բացահայտում ենք աշխարհը նորովի և շատուշատ նոր բաներ սովորում զանազան նյութերի մասին։
Հերթական գիտափորձի նպատակն էր բացահայտել, թե տարբեր գույների համադրությունից ինչ նոր գույներ կարող են ի հայտ գալ։ Իհարկե, նման փորձարկումներ կարելի է անել նաև նկարչության ընթացքում՝ պարզապես խառնելով գույներն իրար, սակայն այս մեթոդը ունի երկու մեծ առավելություն.
  • այս գիտափորձին կարող են մասնակցել անգամ շատ փոքրիկները՝ առանց իրենց և շուրջբոլորը կեղտոտելու,
  • այս գիտափորձը ոչ միայն գունափորձ է, այլև միաժամանակ սենսորային֊ռելաքացիոն խաղ։
Դե ինչ, անցնենք բուն խաղին։ Վերցնում ենք երեք զիպ փակվող փոքր չափի փաթեթ և երեք գույնի ներկ՝ կարմիր, կապույտ, դեղին։ Ամեն փաթեթում լցրեք երկուական ներկ, ինչպես ցուցադրված է լուսանկարում։ Իրականում, որպեսզի փորձի արդյունքները շատ ավելի տեսանելի լինեն և խաղը ստացված լինի նաև սենսորիկայի առումով, ցանկալի է փաթեթի մեջ լցնել ավելի շատ ներկ, քան դա արել եմ ես։ Պարզապես մեր ներկերը վերջանալու վրա էին, և ես փաթեթների մեջ լցրեցի որքան որ հնարավոր եղավ տուփերից «քերել» ։) Ընդ որում, Արեգին գունափորձն այնքան գրավեց, որ խնդրեց երկրորդ անգամ կազմակերպել, և ես ստիպված եղա երկրորդ բաժին ներկերը «քերել» :D
Երեխային առաջարկեք, որպեսզի մատիկներով գույները իրար խառնի, սակայն մինչ սկսելը նախապես ճշտեք, թե ի՞նչ է կարծում՝ այդ երկու գույների համադրությունից ի՞նչ նոր գույն կստացվի, այնուհետև ընթացքում անպայման քննարկեք արդյունքները։ 2.8 տարեկան Արեգը մեծ հետաքրքրությամբ էր հետևում գույների փոփոխություններին, ակտիվ քննարկում, իսկ երկրորդ փորձարկման ժամանակ շատ ճշգրիտ ասում էր, թե ինչ նոր գույներ ենք ստանալու։
Ինչ խոսք, շատ հաճելի էր նաև սենսորային փաթեթները ձեռքերում տրորելը, ինչպես նաև գույներն իրար խառնելու ընթացքում մի լավ մերսեցինք մատիկները։ Ահա, այսպիսի բազմաբովանդակ գունափորձ։


Friday, March 15, 2019

Ռելաքսացիոն արտ֊թերապիա փոքրիկների համար՝ տնային պայմաններում

Վաղուց է, ինչ չեմ պատմել սենսորային պարկերով մեր խաղերի մասին։

Նախկինում ներկայացրել եմ բնական ծաղիկներով, ինչպես նաև սափրվելու փրփուրով և ջրից ուռչող գելային գնդակներով սենսորային պարկեր։

Այս անգամ մեր սենսորային պարկը բաղկացած էր մազերի հարդարման գելից, ինչպես և ծաղիկների դեպքում էր և զանազան մանր փայլփլուն առարկաներից ու նախշերից։
Հիմնական առաջադրանքն էր մատիկներով այս կողմ, այն կողմ տանելով հայտնաբերել, թե ինչ պատկերներ, ինչ թվեր կան թաքնված, արդյոք կարող ենք գտնել, ենթադրենք սպիտակ գույնի սրտիկ, թե ոչ և այլն։

Իրականում սենսորային պարկերն Արեգին այնքան էլ երկար չեն զբաղեցնում և եթե ցանկանում եք երեխայի համար երկարատև զբաղմունք/խաղ կազմակերպել, սա կարող է այնքան էլ հարմար չլինել։ Փոխարենը մոտ հինգ կամ տասը րոպե ձեր բալիկը կբացահայտի նոր զգացողություններ, հետաքրքր դիտարկումներ կանի, իսկ որ ամենակարևորն է՝ տնային պայմաններում ռելաքսացիոն արտ֊թերապիայի սեանս հնարավորություն կստանա։

Ի դեպ, մի վարանեք և ինքներդ էլ փորձեք. այս սենսորային պարկերը իսկապես շատ հաճելի են մատների համար և նյարդերը հանգստացնող ազդեցություն են թողնում։

Մանկական բիլիարդ․ մեկ ու կես և բարձր տարիքի բալիկների համար

Շատ հեշտ պատրաստվող սպորտային խաղ, որը կզվարճացնի ոչ միայն երեխաներին, այլև մեծերին։ Մենք այն անվանեցինք «Մանկական բիլիարդ»։
Ի՞նչ է անհրաժեշտ անել.
  • Սեղանի եզրից սկոտչով ամրացնել 5 մեկանգամյա օգտագործման բաժակ, այնպես, որ դրանք սեղանպժի կողքից գրպանիկների նման կախվեն։
  • Երեխայի խաղալիքներից գտնել 5 փոքրիկ գնդակ, որոնք կտեղավորվեն բաժակների մեջ։ Գնդակները կարող են լինել տարբեր տեսակների և չափերի։
Եթե երեխան 3+ տարիքի է, կարելի է նաև որևէ բարակ, տափակ ծայրով փայտիկ գտնել, որը կծառայի որպես բիլիարդի խաղաձող։

Այսքան բան։ Այժմ կարող եք միմյանց հետ մրցակցելով խաղալ, թե ում մոտ կստացվի մեկ մոտեցումից բոլոր հինգ գնդակներն էլ գլորել բաժակների մեջ։ Եթե կնկատեք, որ գնդակներից որոշները ավելի դժվար են ուղիղ գնում, դրանք բաժակի մեջ գցելու համար կարող եք ավելի բարձր միավոր նշանակել։ Եթե երեխան մեծ է, գնդակները փորձեք գցել բաժակի մեջ փայտիկների օգնությամբ։ Սա մի փոքր ավելի դժվար է և հավելյալ լիցք կհաղորդի խաղին։
Ի դեպ, բաժակների մեջ ընկած գնդակները շատ ավելի հարմար է բաժակից հանել ոչ թե մատների օգնությամբ, այլ բաժակը սեղանի վրա շուռ տալով, ինչպես դա պատկերված է առաջին նկարում։ 

Thursday, March 14, 2019

Այլընտրանքային մինի թատրոն. ինչպե՞ս օգտագործել Kinder ձվիկների պլաստմասե պարկուճները

Դժվար գտնվի որևէ տուն, որտեղ կա փոքրիկ, բայց չկան Kinder ձվիկի դեղին միջուկներից։ Չէ՞ որ դրանք շատ հարմար են և կարող են զանազան բաների համար պետք գալ ու դեն նետելը մի տեսակ ափսոս է։ Եվ ամեն դեպքում հաճախ մենք դրանք պահում ենք ամիսներով՝ այդպես էլ չիմանալով, թե ինչպես օգտագործել։
Ուզում եմ առաջարկել այդ պարկուճների կիրառության շատ զվարճալի մի եղանակ։ Եկեք վերածենք դրանք տիկնիկային թատրոնի «դերասանների»։  
Սա իմ և Արեգի պատրաստած առաջին դեղնուկ֊մարդուկն է։ Արեգին շատ ուրախացրեց արդյունքը և ընթացքում էլ մեծ հաճույքով փակցրեց աչքերը, նկարեց բերանը և ամրացրեց մազերը կրկնակի սկոտչի օգնությամբ։ Որպես ձեռքեր ծառայող ճկվող փափուկ լարը մտցրեցի բացված պարկուճի երկու կեսերի արանքում և փակեցի։ 

Քանի որ տանը ունեի խաղալիքի տուփից պահած բնապատկերով հետնամաս, որոշեցինք դեղին մարդուկներով թատրոն ստեղծել։ Եթե չունեք նմանատիպ հարմար «ետնաբեմ», կարող եք ինքներդ նկարել կամ կտրել և սոսնձել այլ տեղից, օրինակ՝ որևէ հին նկարչական ալբոմից։ 

Այսպիսով, մենք պատրաստեցինք ևս երկու մարդուկ֊դեղնուկներ, թելերով ամրացրինք մեր ետնաբեմին, իսկ սյուժե հորինելու ընթացքում մեր մարդուկները վերածվեցին ծիտիկների ընտանիքի. վերևում կախվածը բալիկ ծիտիկն է, մյուս երկուսը՝ ծնողները։ Ես ծնողների դերակատարն եմ, իսկ Արեգը՝ բալիկի։

Ներկայացում (ռեժիսորի ուղեցույց)
Սյուժեն հետևյալն է. ծիտիկ ծնողները պատմում են, որ արդեն աշուն է և իրենք թռչում են տաք երկրներ, որպեսզի չմրսեն և որ կվերադառնան գարնանը (նախապես պատմեք երեխային և համոզվեք, որ ամեն ինչ հասկացավ, եթե երեխան 3+ է, ավելի բարդ սյուժե հոինեք)։ 
Ծնող ծիտիկներն ընթացքում անընդհատ ճշտող հարցերով դիմում են երեխային, որպեսզի երեխան ևս ներգրավվի խաղում։ Օրինակ, ներկայանալիս ասում են՝ ես մամա ծիտիկն եմ, ես պապա ծիտիկն եմ, իսկ վերևինը, ո՞վ ես, կասե՞ս։ Կամ օրինակ, ընթացքում կաող եք ճշտել՝ մեզ մոտ ո՞ր եղանակն է, ո՞ւր պիտի չվեինք, ախ հա, տաք երկրներ, ճիշտ է։ Ե՞րբ էինք վերադառնալու, ահ, իսկապես, գարնանը։ 
Այս պարզ ճանաչողական սյուժեի ընթացքում կարող եք նաև իմպրովիզ երկխոսություններ ունենալ, որպեսզի երեխան էլ  երևակայելու և ինքնադրսևորման հնարավորություն ունենա։ Ինչպես նաև խոսելու ընթացքում շարժեք թելերը, որպեսզի խոսող դերասանը տարբերվի մյուսներից։

Այսպիսի մարդուկ֊դեղնուկներով կարող եք բեմականացումներ հորինել նաև առանց նմանատիպ դեկորների՝ պարզապես ստեղծելով զանազան հետաքրքիր հերոսներ, ինչպես նաև ձեր փոքրիկի պատրաստած հերոսները հրաշալի նվեր կլինեն ընտանիքի մտերիմների կամ բալիկի ընկերների համար։