Որոնում

Friday, July 13, 2018

Սենսորային խաղ-գլուխկոտրուկ հաճարով

Այս սենսորային խաղ-գլուխկոտրուկի օգնությամբ զարգացնում ենք զգայական ընկալումը, տրամաբանությունը, հիշողությունը և իհարկե հաճելի ժամանակ անցկացնում։ Խաղը հարմար է ամենափոքրիկներից (1.6տ․) մինչև դպրոցահասակ տարիքի երեխաների համար։

Եվ այսպես, ի՞նչ է մեզ անհրաժեշտ․
  • հաճար կամ հատիկեղենից որևէ այլ բան (բրինձ, հնդկաձավար և այլն)
  • A4 չափի զիպ փականով փաթեթ
  • A4 չափի թղթեր
  • ինքնասոսնձվող պատկերներ (ստիկերներ)
  • մատիտներ
հատիկեղեն

Ո՞րն է խաղի նպատակը

Երեխային ցույց տալ հուշաթերթիկի վրա առկա որևէ նկար և խնդրել, որպեսզի մատիկներով այս կողմ-այն կողմ տանի զիպ փականով փաթեթի մեջ գտնվող հատիկեղենը՝ գտնելու համար այն նկարը, որը դուք իրեն ցույց եք տվել հուշաթերթիկի վրա։ Գործողությունը կրկնում եք այնքան ժամանակ, մինչև հաճարի կամ այլ հատիկեղենի տակ թաքնված բոլոր պատկերները երեխան կարողանում է գտնել և նույնականացնել հուշաթերթիկում առկա պատկերների հետ։

Ինչպե՞ս պատրաստել խաղը։

Հուշաթերթիկի պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել մեջտեղից կիսած А4 չափի թուղթ և վրան փակցնել ձեր ունեցած երկուական ստիկերներից մի-մի օրինակ։ Եթե չունեք ստիկերներ կամ եթե ունեք, բայց ուզում եք նաև այլ պատկերներ ներառել խաղի մեջ, կարող եք ինքներդ գունավոր մատիտներով երկրաչափական պատկերներ նկարել։

Այնուհետև վերցնում եք ևս մեկ A4 չափի թուղթ և վրան անկանոն կերպով՝ իրարից հեռու-հեռո փակցնում հուշաթերթի վրա առկա պատկերների կրկնօրինակները։ Եթե մատիտով պատկերներ էիք նկարել, ապա նույն պատկերներից նկարեք նաև խաղաթղթի վրա։ Այնուհետև խաղաթուղթը մտցրեք զիպ փականով փաթեթի մեջ և վրայից լցրեք հատիկեղեն՝ այնքան, որ ամբողջ մակերեսը ծածկի։

***
խաղ հատիկեղենով
Արեգի առաջին մոտեցումն այնքան էլ հաջողված չէր․ անմիջապես շրջեց փաթեթը և բոլոր պատկերները բացվեցին։ Սակայն իրավիճակը շտկելուց հետո բավականին ուշագրավ խաղ ստացվեց։ Ի դեպ, մեկ անգամ պատրաստած խաղը կարող է բազմակի օգտագործվել և խաղում կարող են ներգրավել մեկից ավելի խաղացողներ։ Մենք պարբերաբար խաղում ենք ամբողջ ընտանիքով, ինչը Արեգի համար շատ ավելի ոգևորիչ է դարձնում ընթացքը, ինչպես նաև փոքրիկ հյուրեր ունենալիս նրաց նույնպես առաջարկում ենք փորձել։

Դպրոցահասակ երեխաների համար կարելի է հուշաթերթիկի վրա գրել զանազան առաջադրանքներ, օրինակ՝ մաթեմատիկական (2+5=, 3x2= և այլն), իսկ խաղաթղթի վրա գրել պատասխանները՝ առաջարկելով գտնել դրանք:

Կարելի է նաև հատիկեղենի փոխարեն սափրվելու փրփուր լցնել փաթեթի մեջ, ինչպես նաև ավելի մեծ երեխաների հետ զվարճալի անուններ մտածել խաղի համար, օրինակ՝ «Լրտեսի պարկը» կամ եթե ավելի հետաքրքիր տարբերակ կմտածեք, գրեք մեկնաբանություններում :) 

No comments:

Post a Comment