Որոնում

Sunday, July 29, 2018

Կոլաժ շրջանակով. ստեղծագործ փոքրիկների համար

Եթե հիշում եք իմ վերջին հրապարակումներից երկուսը՝ «Ինքնաշեն խաղ՝ արագ և մատչելի» և «3 սպորտային խաղ փուչիկով և ձեռնաթիակով», և անգամ հասցրել եք փորձել, ուրեմն տանը ունեք օգտագործված թղթե ափսեներ։ Իհարկե մի շտապեք դրանք վերածել կոլաժների, հավանաբար դեռ մի քանի անգամ էլ կհասցնեք խաղալ ձեր փոքրիկի հետ՝ մինչև վերջնական ձանձրանա այդ խաղերից (ի դեպ, բոլոր փորձարկած խաղերը մի մոռացեք կրկնել երկու֊երեք ամիս հետո, էֆեկտն այնպիսինն է, ասես առաջին անգամ եք փորձել)։ Պարզապես իմացեք, որ ձեր թղթե ափսեները դեռ շատ անելիքներ ունեն և աշխատեք, որ տեսքից չընկնեն։
Նրանք, ովքեր չունեն. տուն գալուց չմոռանաք մտնել ծննդյան պարագաներ վաճառող խանութներ և գնել մի քանիսը։

Այսպիսով, զինվում ենք թղթե գունավոր ափսեներով և մկրատում միջին հատվածը՝ շրջանաձև։ Այնուհետև հեռացրած հատվածում փակցրեք ինքնասոսնձվող թափանցիկ ցելոֆան։ Նմանատիպ կպչուն ցելոֆաններ սովորաբար վաճառում են գրենական պիտույքների խանութներում՝ գլանափաթեթի (ռուլոն) տեսքով, որպես գրքի կամ տետրի կազմ (կարող եք հարցնել «Նոյան տապան» գրախանութում)։ Եթե չունեք կպչուն կազմ, փակցրեք սովորական ցելոֆան և ներսի կողմից սոսինձ լցրեք։
Շրջանակը պարաստ է. ձեր փոքրիկը կարող է ստեղծագործել ձեռքի տակ եղած մանր֊մունր հետաքրքիր նյութերով։ Մեր առաջին նմանատիպ կոլաժի համար մենք օգտագործեցինք ձևավորման պարագաներ, քանի որ ա) մի անգամ գնել էի և օգտագործելու հարմար առիթի էի սպասում :) և բ) դրանք բավական գունեղ են և անմիջապես հետաքրքրեցին տղայիս։
Առաջին կոլաժավորումը հնարավորինս հետաքրքիր և տպավորիչ դարձնելու համար պրոցեսին հավելյալ բաղադրիչ ավելացրի՝ ձևավորման ուլունքները մատուցեցի ջրով լի ամանով։ Արեգը սկզբում փորձում էր ջրում որսալ ուլունքները և միայն մի փոքր խաղալուց հետո սկսեց որսը փակցնել շրջանակին։ Երկրորդ շրջանակը պատրաստելիս ուլունքները հանեցի ջրից, փոխարենը Արեգին տվեցի իր՝ թուղթ կտրելու մկրատը, որն Արեգը օգտագործեց աքցանի պես՝ ուլունքները բռնելու և շրջանակի վրա տեղափոխելու համար։
Եթե երեխան ավելի մեծ է,  կարող եք ձևավորել նաև բուն շրջանակը՝ սոսնձի օգնությամբ։

Բնականաբար, նմանատիպ կոլաժներ ստանալու համար ամենատարբեր դեկորացիաներ կարող եք օգտագործել, օրինակ՝ մանր ծաղիկներ կամ հատիկեղեն։

Պատրաստի կոլաժին կարող եք ժապավեն ամրացնել, որպեսզի պատից կախեք կամ երկկողմանի սքոչի օգնությամբ փակցնել պատուհանին (ցերեկվա ժամերին, երբ արևն ընկնի վրան, շատ գեղեցիկ կնայվի)։

Ձեր փոքրիկի ձեռքի աշխատանքները կարող եք նաև նվեր տանել մտերիմներին այցելելիս ։)

Փոքրիկ քարտապանը

Սովորաբար ես պատմում եմ երկար նախապատրաստություն չպահանջող խաղերի մասին (ինչ խոսք, ինքս էլ դրանք եմ նախընտրում)։ Այսօրվա խաղը բացառություն է լինելու, դրան մի փոքր նախապատրաստվել է պետք, բայց հավատացեք, որ ձեր ջանքերը զուր չեն կորչի :)
Ի՞նչ է այստեղ կատարվում։ Պատմեմ հերթականությամբ։

Քայլ 1-ին. գրենական պիտույքների խանութից գնեցի երկու միանման տուփ՝ «Սովորում ենք հաշվել» քարտերով։ Դրանք, ինչպես պարզվեց, թվերից բացի ներառում էին նաև երկրաչափական մարմիններ, ինչպես նաև մաթեմատիկական գործողությունների նշաններ։

Քայլ 2-րդ. տանը քարտարանից առանձնացրի թվերը՝ դրանք պահելով հաջորդ անգամ խաղալու համար, իսկ մնացած նշանների քանակով գունավոր ժապավեններ կտրեցի։ Ժապավենները կտրելուց առաջ նախապես որոշել էի, թե որտեղից եմ կախելու դրանք և ստուգել էի, թե Արեգի ձեռքերը առավելագույնը մինչև ուր են հասնում՝ ոտքերի ծայրերին կանգնելով։
Քայլ 3-րդ. այնուհետև ժապավենների երկու ծայրերին երկկողմանի սքոչ կպցնելու հերթն է։ Մի ծայրին ժապավենը վերևից կախելու և մյուս ծայրին քարտերը կպցնելու համար։

Քայլ 4-րդ. վերջում երկրորդ քարտարանից առանձնացրի այն պատկերները, որոնք կախել էի ժապավենից և դասավորեցի Արեգի խաղալիք սայլակում։
Այս բոլոր նախապատրաստություններից հետո կանչեցի Արեգին՝ սկսելու զվարճանքը ^_^
Չմոռանաք մինչև սկսելը երեխային բացատրել խաղի կանոնները՝ անհրաժեշտ է սայլակից (որտեղ որ կդնեք երկրորդ քարտերը) ընտրել մեկ նկար, այնուհետև գտնել համանման նկար ժապավեններով կախված քարտերի միջից։ Գտնելուց հետո քարտին հասնել և պոկելը ամենազվարճալի պահն է։ Բնականաբար, որոնման ընթացքում բնութագրում էինք այն պատկերը, որը որ մեզ պետք է՝ ձևը, գույնը։
Ի դեպ, այս խաղն առաջին անգամ խաղացինք ոչ թե պատրաստի քարտերով, այլ իմ կտրտած թղթե պատկերներով (ամեն պատկերից երկու նույնական օրինակ էի կտրել)։
Պարզապես այս տարբերակով խաղը բավական հեշտ էր տղայիս համար և բարակ թղթից պատկերներն էլ շատ արագ վնասվեցին ժապավեններից պոկելու ընթացքում։ Այնուամենայնիվ, առավել փոքրիկների համար խորհուրդ կտամ քարտեր չօգտագործել, այլ թղթից ստանալ երեխային ծանոթ ֆորմաները, որպեսզի փնտրելիս արագ կողմնորոշվեն և շուտ չձանձրանան։

Կարևորի մասին
Ձեր երեխայի հետ ցանկացած խաղ կազմակերպելիս միշտ հիշեք, որ ամենակարևորը ընթացքից հաճույք ստանալն է և ձեր երեխայի գոհունակությունը։ Մի շարունակեք խաղը, եթե երեխան ձանձրանում է, հետաքրքրություն չի ցուցաբերում, մի ստիպեք երեխային կրկնել որևէ գործողություն, որպեսզի հաջող կադր ստանաք, այլ ամբողջությամբ մասնկացեք խաղին, որպեսզի փոքրիկը իսկապես վայելի այն։ Եթե երեխան ընթացքում փոխում է կանոնները, հոգ չէ, թող որ իր ուզածով լինի :) Հաճելի ժամանց եմ մաղթում։  

Thursday, July 19, 2018

Ինքնաշեն խաղ՝ արագ և մատչելի

Որոշ իրեր կարծես ստեղծված լինեն հատուկ երեխաների հետ խաղեր կազմակերպելու համար։ Օրինակ՝ թղթե սրբիչների կարտոնե միջուկը կամ թղթե ափսեները։ Հենց այս երկուսի համադրությամբ էլ կարելի է շատ հետաքրքիր և երկար պատրաստություն չպահանջող խաղեր կազմակերպել։

Օրինակ, ես փորձեցի հետևյալ պարզ խաղը․
սպորտային խաղեր
Կտրեցի թղթե ափսեների միջին հատվածը և առաջարկեցի տղայիս ստացած օղակները նետել այնպես, որ նշաձողի (կարտոնե միջուկը)  վրա ընկնեն։ Քանի որ նշաձողը շատ թեթև էր և անընդհատ ընկնում էր, խաղի սկիզբը անհաջող ընթացավ։

Այնուհետև փորձեցի կարտոնե միջուկի մեջ դնել ծանր առարկա, և դա շատ լավ աշխատեց։
տանը պատրաստվող խաղեր
Խաղը շատ հետաքրքրեց Արեգին, նույնիսկ այն պարագայում, որ հեռվից նետելը լավ չէր ստացվում։ Փոխարենն առաջարկեցի մոտենալ և փորձել վերևից նետել օղակը, ինչը նույնպես որոշակի ջանք և հմտություն էր պահանջում։

Այնուհետև Արեգը ինքնաբուխ խաղ հորինեց ափսեների կտրած հատվածներով՝ դասավորելով դրանք ըստ գույների, չափերի և անգամ քայլեց դրանց վրայով։
թղթե ափսեներ
Խաղի վերջում օգտագործած բոլոր պարագաները պահեցի՝ դրանցով հետո նորից խաղալու համար։)

Sunday, July 15, 2018

3 սպորտային խաղ փուչիկով և ձեռնաթիակով

Արագ պատրաստվող խաղ՝ միևնույն խաղալիքներից և զբաղմունքներից հոգնած երեխաների և ծնողների համար։ Վերցնում ենք՝
  • փուչիկ,
  • երկու թղթե ափսե,
  • փայտիկներ (եթե պաղպաղակի փայտիկ ունեք, ապա երկուսը բավարար է, իսկ եթե ոչ, կարող եք փոխարինել սեղանի ձևավորման համար նախատեսված մի քանի փայտիկով),
  • կպչող ժապավեն (սքոչ)։
Փայտիկ(ներ)ը կպչող ժապավենի օգնությամբ ամրացնում ենք թղթե ափսեի հետևի հատվածում, այնպես, որ որպես բռնակ ծառայի, փչում փուչիկը, հնարում կանոններ և վայելում սպորտային ժամանցը։ 
սպորտային խաղեր
  1. Կարող եք փուչիկը ձեռնաթիակներով իրար կողմ գցել՝ աշխատելով, որ գետնին չդիպչի։
  2. Կարող եք փուչիկը գցել հատակին և ձեռնաթիակով ուժեղ հարվածել, որպեսզի պարզեք, թե ում հարվածից փուչիկն ավելի բարձր կամ ավելի հեռու թռավ։
  3. Կարող եք փորձել փուչիկ ձեռնաթիակի վրա դրած տեղափոխել  մի կետից մյուսը։
Կարող եք նաև գրել մեկնաբանություններում, թե դուք ինչ խաղեր մոգոնեցիք փուչիկով և թղթե ափսեներով խաղալու համար։)

Ի դեպ, հենց այս խաղի ընթացքում էր, որ տղաս ոգևորության պահին ինքնաբուխ սկսեց արտաբերել «կարմիր» բառը։ 

Saturday, July 14, 2018

«Ջրիկ դասեր» ամռան շոգերին դիմագրավելու համար

Ի՞նչ խաղալ այս շոգ օրերին, որպեսզի լինի թե՛ զովացնող և թե՛ ուսուցողական։
ջրով խաղեր
Պատասխանը միանշանակ մեկն է՝ ջրային խաղեր։ Պարզապես ջրով լի լոգարանում նստելն արդեն իսկ հրաշալի ժամանցի ձև է երեխայի համար, սակայն կարելի է զով ժամանցին վելացնել նաև որևէ հմտություն զարգացնելու բաղադրիչը։

Այսօր առաջարկում եմ փորձարկել ջուրը բաժակների մեջ լցնելու օգտակար կարողությունը։ Երբ երեխան բավական փորձ հավաքի և կարողանա կառավարել իր շարժումները,  խաղը տեղափոխեք սեղան՝ երեխային հնարավորություն տալով ինքնասպասարկում իրականացնել կամ օգնել մեծերին։

Այսպիսով, հերթական շոգ օրը, երբ ակտիվ վազվզելու և թռչկոտելու ուժ այլևս չկար, մեր տան պատշգամբում շարեցի դատարկ բաժակներ և ջրով լի տարրա։ Արեգին առաջարկեցի ջուրը տարրայից դատարկել բաժակների մեջ։ Տղայիս ոգևորությանն, ինչ խոսք, չափ ու սահման չկար։
զարգացնող խաղեր
Առաջին փորձը շատ անհաջող էր, քանի որ տարրայի եզրը մի փոքր լայն էր, և Արեգի համար դժվար կառավարելի եղավ ջրի հոսքը։ Երկրորդ անգամ երբ այնուամենայնիվ հաջողվեց ջրի մի մասը լցնել բաժակների մեջ որպես խաղի շարունակություն առաջարկեցի լիքը բաժակներից ջուրը տեղափոխել դատարկ բաժակների մեջ։

Հետո փորձարկեցինք նաև ջուրը բաժակների մեջ լցնել դույլից և ջրային ատրճանակից։
                            ջրային ժամանց
Իսկ ամեավերջում խաղին միացան Արեգի սիրելի ցնցուղները, որոնցով գործը գլուխ բերելը ամենալավը ստացվեց։
խաղեր ամենափոքրերի համար
Կարծում եմ՝ ավելորդ է նշել, որ Արեգը պատրաստ էր անվերջ խաղալ այս խաղը, եթե միայն ես որոշ ժամանակ անց չշեղեի այլ զբաղմունքով։

Իհարկե առայժմ մեր խաղը սեղան տեղափոխելը շատ ռիսկային կարող է լինել :) Բայց փոխարենը դեռևս մի ամբողջ ամառ ունենք առջևում հմտանալու և զովանալու համար։

Friday, July 13, 2018

Սենսորային խաղ-գլուխկոտրուկ հաճարով

Այս սենսորային խաղ-գլուխկոտրուկի օգնությամբ զարգացնում ենք զգայական ընկալումը, տրամաբանությունը, հիշողությունը և իհարկե հաճելի ժամանակ անցկացնում։ Խաղը հարմար է ամենափոքրիկներից (1.6տ․) մինչև դպրոցահասակ տարիքի երեխաների համար։

Եվ այսպես, ի՞նչ է մեզ անհրաժեշտ․
  • հաճար կամ հատիկեղենից որևէ այլ բան (բրինձ, հնդկաձավար և այլն)
  • A4 չափի զիպ փականով փաթեթ
  • A4 չափի թղթեր
  • ինքնասոսնձվող պատկերներ (ստիկերներ)
  • մատիտներ
հատիկեղեն

Ո՞րն է խաղի նպատակը

Երեխային ցույց տալ հուշաթերթիկի վրա առկա որևէ նկար և խնդրել, որպեսզի մատիկներով այս կողմ-այն կողմ տանի զիպ փականով փաթեթի մեջ գտնվող հատիկեղենը՝ գտնելու համար այն նկարը, որը դուք իրեն ցույց եք տվել հուշաթերթիկի վրա։ Գործողությունը կրկնում եք այնքան ժամանակ, մինչև հաճարի կամ այլ հատիկեղենի տակ թաքնված բոլոր պատկերները երեխան կարողանում է գտնել և նույնականացնել հուշաթերթիկում առկա պատկերների հետ։

Ինչպե՞ս պատրաստել խաղը։

Հուշաթերթիկի պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել մեջտեղից կիսած А4 չափի թուղթ և վրան փակցնել ձեր ունեցած երկուական ստիկերներից մի-մի օրինակ։ Եթե չունեք ստիկերներ կամ եթե ունեք, բայց ուզում եք նաև այլ պատկերներ ներառել խաղի մեջ, կարող եք ինքներդ գունավոր մատիտներով երկրաչափական պատկերներ նկարել։

Այնուհետև վերցնում եք ևս մեկ A4 չափի թուղթ և վրան անկանոն կերպով՝ իրարից հեռու-հեռո փակցնում հուշաթերթի վրա առկա պատկերների կրկնօրինակները։ Եթե մատիտով պատկերներ էիք նկարել, ապա նույն պատկերներից նկարեք նաև խաղաթղթի վրա։ Այնուհետև խաղաթուղթը մտցրեք զիպ փականով փաթեթի մեջ և վրայից լցրեք հատիկեղեն՝ այնքան, որ ամբողջ մակերեսը ծածկի։

***
խաղ հատիկեղենով
Արեգի առաջին մոտեցումն այնքան էլ հաջողված չէր․ անմիջապես շրջեց փաթեթը և բոլոր պատկերները բացվեցին։ Սակայն իրավիճակը շտկելուց հետո բավականին ուշագրավ խաղ ստացվեց։ Ի դեպ, մեկ անգամ պատրաստած խաղը կարող է բազմակի օգտագործվել և խաղում կարող են ներգրավել մեկից ավելի խաղացողներ։ Մենք պարբերաբար խաղում ենք ամբողջ ընտանիքով, ինչը Արեգի համար շատ ավելի ոգևորիչ է դարձնում ընթացքը, ինչպես նաև փոքրիկ հյուրեր ունենալիս նրաց նույնպես առաջարկում ենք փորձել։

Դպրոցահասակ երեխաների համար կարելի է հուշաթերթիկի վրա գրել զանազան առաջադրանքներ, օրինակ՝ մաթեմատիկական (2+5=, 3x2= և այլն), իսկ խաղաթղթի վրա գրել պատասխանները՝ առաջարկելով գտնել դրանք:

Կարելի է նաև հատիկեղենի փոխարեն սափրվելու փրփուր լցնել փաթեթի մեջ, ինչպես նաև ավելի մեծ երեխաների հետ զվարճալի անուններ մտածել խաղի համար, օրինակ՝ «Լրտեսի պարկը» կամ եթե ավելի հետաքրքիր տարբերակ կմտածեք, գրեք մեկնաբանություններում :)