Որոնում

Thursday, August 23, 2018

Ստիկերների անհավանական հնարավորությունների մասին. մաս 2-րդ

Մի անգամ արդեն պատմել եմ Արեգի ինքնասոսնձվող պատկերների ալբոմի մասին։ Այժմ պատմեմ ոչ թե ինքնաշեն, այլ պատրաստի՝ ինտերակտիվ ստիկեր-ալբոմների մասին։

Երևանում՝ Հյուսիսային պողոտայի վրա կա մի նորաբաց ճապոնական խանութ, կոչվում է «Miniso»: Հենց այնտեղ էլ գտել եմ ինքնասոսնձվող պատկերների այս հետաքրքիր հավաքածուները։

Իսկ ինչո՞վ են դրանք հետաքրքիր։

Ստիկերներն, ի տարբերություն սովորական կպչուն պատկերների, բազմակի օգտագործման են։ Դրանց հետ առկա է որևէ թեմատիկ խաղ, օրինակ՝ մեր պարագայում կենդանաբանական այգի ներկայացնող գրքույկ։ Կենդանիներին երեխան ինքը կարող է տեղաբաշխել կենդանաբանական այգով մեկ՝ ըստ իր իմացության և պատկերացումների, օրինակ գիշատիչներին առանձին, իսկ խոտակերներին առանձին կամ ջրային կենդանիներին ջրային գոտում, իսկ ենթադրենք կապիկին՝ ծառի վրա։
Քանի որ պատկերները բազմակի օգտագործման են, երեխան կարող է ամեն անգամ կենդանիներին տարբեր տեղեր դասավորել և տարբեր սցենարներ հորինել։ 

Պատկերներն, ի դեպ, շատ որակով են, մի փոքր ուռուցիկ, ինչը հեշտացնում է դրանց օգտագործումը, դրանք կարելի է լվանալ, բոլորովին չեն վնասվում։

Թեմատիկ տեսարաններ ներկայացնող գրքույկների հետևի կողմում հավաքածուում ներառված կերպարների (կենդանիներ, առարկաներ, մարդիկ) ստվերապատկերներն են։ Սա ևս հրաշալի խաղ է. երեխան ստվերապատկերներով գուշակում է կերպարը։

Ընդ որում, երբեմն դրանք գուշակելը բավական բարդ է, քանի որ ստվերները միշտ չեն ուղիղ պատկերված, այլ 90 աստիճան թեքված, և Արեգը մեծ հաճույքով գտնում է ստվերների տերերին (կենդանիներին)։

Ստվերապատկերները եզրագծող շրջանակը նույնպես կպչուն է և կարող եք գրքույկի հետևի էջից հանել և որևէ այլ տեղ փակցնել։

Ի դեպ, դեռ չե՞մ նշել, որ պատկերները կարելի փակցնել և հեռացնել ոչ միայն իրենց համար նախատեսված խաղ-գրքույկում, այլև ցանկացած այլ հարթ մակերեսի, օրինակ՝ կերամիկական սալիկներին, ապակուն, դռան վրա և այլն։ Երեխան կարող է ձևավորել իր սենյակը, պատուհանը և զանազան խաղեր հորինել զանազան միջավայրերում։


Վերջերս գնեցի ևս մեկ նմանատիպ գրքույկ, որը բժշկական թեմատիկայով է և մեկի փոխարեն ունի մի քանի էջ, բայց սա առայժմ չեմ բացել և ցույց չեմ տվել տղայիս, որպեսզի հանգստի մեկնելիս ճանապարհին չձանձրանա, այլ իր համար նոր և օգտակար բզբզելիք ունենա :)

Monday, August 20, 2018

Ինքնաշեն գլուխկոտրուկ

Մի քանի ամիս առաջ փորձեցի տղայիս համար ինքնաշեն գլուխկոտրուկ պատրաստել, որը այնքան էլ մեծ հաջողության չհասավ․ ակնհայտորեն Արեգին այդ խաղը դեռ շուտ էր կամ առնվազն ավելի մեծ պատկերներ պիտի կիրառեի։ Ու քանի որ այժմ մտադիր եմ խաղը նորից կրկնել, ձեզ կներկայացնեմ մեր նախորդ փորձը և ինքս էլ կվերհիշեմ։)

լաբիրինթոս ստիկերներով
Եվ այսպես, վերցնում ենք նույնական կպչուն պատկերներ (ամեն պատկերից մի զույգ), մեկ թուղթ և մատիտ/մատիտներ։ Միանման նկարներով ստիկերների հավաքածուներ կան վաճառքում, բայց եթե այդպիսինը չհաջողվի գտնել, կարող եք գնել երկու նույնական հավաքածու։

Երկու՝ իրար դիմաց գտնվող շարքերում խառը դասավորությամբ փակցնում ենք ինքնասոսնձվող պատկերները, այնպես, որ յուրաքանչյուր շարքում յուրաքանչյուր պատկերից լինի միայն մեկը։

Այնուհետև, երեխային առաջարկում ենք գտնել առաջին նկարի զույգը դիմացի շարքում և գտնելուց հետո մատիտե գծով իրար միացնում։

Արեգի առաջին փորձն այնքան էլ հաջող չէր, հիմնականում հաջողությամբ ստացվում էր առաջին հատվածը՝ նկարների զույգերը գտնելը, իսկ մատիտով իրար միացնելը ոչ այնքան։

լաբիրինթոս ստիկերներով
Ընթացիկ զրուցեցինք նաև պատկերված հերոսներից, ծանոթ մուլտհերոսներից։

Ավելի մեծ երեխայի պարագայում նկարում ցուցադրված մոդելը միանգամայն կիրառելի է, իսկ փոքրիկների համար կարելի ավելի քիչ քանակությամբ և ավելի խոշոր պատկերներ փակցնել։


Friday, August 10, 2018

Նոր շարք. Փոքրիկի մեծ գրադարանը

Մեկնարկում եմ նոր շարք՝ «Փոքրիկի մեծ գրադարանը»։ Կներկայացնեմ Արեգի գրադարանից այն գրքերը, որոնք, ըստ իս, հաջողված են, ծառայում են իրենց նպատակին և արժե ունենալ։

Շարքը մեկնարկենք Բուկինիստի գիրք-խճանկարներով։ Այս մատենաշարով հրատարակվել է չորս գիրք՝ «Շաղգամը», «Բոքոնիկը», «Մաշան ու արջերը» և «Ո՞վ է ապրում տնակում»։ Յուրաքանչյուրի գինը 2900 դրամ է։
Բուկինիստ. գիրք֊խճանկար
Մի շտապեք, ասել, որ ընդամենը մի քանի էջից բաղկացած փոքրածավալ գրքի համար արժեքը թանկ է, քանի որ իրականում գրքերը բավականին որակով են՝ ի տարբերություն, օրինակ «Դինոզավր Դեյզիի հակադրությունները» և «Ջամբոյի ջունգլիի գույները» գրքերի (Արևիկ հրատարակչություն), որոնք ցավոք սրտի, նույնիսկ ամենախնամքով վերաբերմունքի դեպքում բավականին արագ վնասվում են։

Գիրք-խճանկարները արդարացնում են իրենց բազմաֆունկցիոնալության առումով. դրանց միջից դուրս եկող կարտոնե կերպարները օգտագործվում են թե՛ որպես փազլներ և թե՛ որպես հեքիաթի բեմադրման «տիկնիկներ»։ 
Բուկինիստ. գիրք֊խճանկար
Ստվարաթղթե կտորները սկզբում բավականին դժվար են դուրս գալիս, և երեխան ինքնուրույն չի կարողանա հանել դրանք, սակայն մի քանի անգամ հանել-դնելուց հետո փոքրիկի համար ինքնուրույն խաղալը կհեշտանա։
«Շաղգամը», «Բոքոնիկը», «Մաշան ու արջերը» և «Ո՞վ է ապրում տնակում»
Կտորները միմյանց կցվում են փազլների սկզբունքով, սակայն իրականում ամուր չեն միանում և եթե փորձեք մի քանի կտորի շղթան տեղաշարժել կամ ուղղահայաց դիրքով խաղացնել, կտորները կառանձնանան միմյանցից։

Այս շարքի տարբեր գրքեր կամ ամբողջական հավաքածուն ունենալու պարագայում  հերոսներով հնարավոր կլինի բեմադրել ոչ միայն տվյալ գրքերում ներկայացված հեքիաթները, այլև բոլորովին ուրիշ հեքիաթներ։
«Շաղգամը», «Բոքոնիկը», «Մաշան ու արջերը» և «Ո՞վ է ապրում տնակում»։
Արեգի սիրելի խաղերից է նաև հանել բոլոր երեք (4-րդը առայժմ չենք գնել) գրքերի հերոսներին, խառնել և հետո տեղաբաշխել ըստ գրքերի։

Մեկ այլ զվարճալի զբաղմունք կարող է լինել կրկնվող կերպարները գտնել և իրար կողք տեղադրելը (օրինակ՝ երկու նապաստակ, երկու գայլ, երկու աղվես, երկու տատիկ, երկու պապիկ և այլն)։
Եթե դուք այլ խաղեր եք մոգոնել բազմաֆունկցիոնալ գիրք-խճանկարներով, ներկայացրեք ձեր փորձը և մենք նույնպես կկիրառենք այն։