Որոնում

Friday, May 1, 2020

Լուցկու տուփերից մինիատյուրային ինտերակտիվ պատկերասրահ


Այս օրերին, երբ բոլորս տանը նստած ենք և չենք կարող հետաքրքիր, առավել ևս մշակութային վայրեր այցելել մեր փոքրիկների հետ, կարող ենք առնվազն փորձել մշակութային միջավայրը ստեղծել մեր տանը։

Ահա, այդպիսի մի օրինակ, որը թեպետ պանդեմիայի շրջանակներում չենք պատրաստել, սակայն այժմ ավելի քան տեղին է վերհիշել։ Լուցկու տուփերից մինիատյուրային ինտերակտիվ պատկերասրահ։
Այսպիսի պատկերասրահ ստեղծելու համար ավելի շատ անհրաժեշտ է երևակայություն, քան կոնկրետ ցուցումներ։

Ինչպես տեսնում եք, լուցկու տուփերի վրա փակցրել եմ հայտնի կտավների փոքր տարբերակներ, իսկ որոշ դեպքերում պարզապես գրաֆիկական պատկերներ, որպեսզի թե՛ ստեղծել կոնտրաստ և թե՛ երեխայի համար ավելի հասկանալի, իր համար գրավիչ մթնոլորտ ստեղծել։


Լուցկու տուփերը բոլորն էլ բացվում֊փակվում են, որոշները՝ պատուհանի պես դեպի աջ կամ ձախ, որոշները՝ դեպի վեր կամ ներքև, իսկ մի մասն էլ սովորական լուցկու տուփի պես։
Դրանք բոլորը պարունակում են զանազան գաղտնիքներ՝ հայելի, ինքնակպչուն, տիկնիկ, փետուրներ, ձկնիկներով համրիչ, հուլունքներ, աչքեր կամ պարզապես այլ նկարներ։
Օրինակ՝ Վան Գոգի «Աստղալից գիշեր»֊ի ներսում գտնվում է աստղազարդ գիշերվա մեկ այլ՝ առավել մանկական պատկեր։

Պատկերասրահը կարելի է պատրաստել այնպես, որպեսզի հետագայում նոր պատկերներ ավելացնելու տեղ լինի։   

Ինչպե՞ս օգտագործել այն.
  1. Կախված երեխայի տարիքից՝ կարելի է երեխային տեղեկություններ հաղորդել պատկերների և դրանց հեղինակների մասին։

  2. Եթե տանը ունեք գեղանկարչության ալբոմներ, կարող եք ալբոմում գտնել և երեխային ցույց տալ այն կտավները, որոնք ձեր հավաքածուում ևս տեղ են գտել։ 
3.
3. Երեխային կարող եք խնդրել, որպեսզի ինքը հանդես գա որպես «էքսկուրսավար»՝ ներկայացնելով իր պատկերասրահի գաղտնիքները, թաքնված պահոցները՝ միջի պարունակությամբ, ինչպես նաև իր բառերով պատմել, թե այդ նկարներում ինչ է պատկերված։

Sunday, April 19, 2020

Ինչո՞վ զբաղվել. ինքնաշեն խաղ փոքրիկների համար

Դեն մի նետեք ձվի պահոցը (ячейка), քանի որ այն կարող է օգնել փարատել երեխայի ձանձրույթը: Ձվի ստվարաթղթե պահոցի վրա անցքեր բացեք և երեխային առաջարկեք հաշվելու փայտիկները ոչ շատ խորությամբ մտցնել անցքերի մեջ։ 
Երբ երեխայի օգնությամբ խաղը պատրաստեք, տվեք նրան խաղալիք մուրճ, որպեսզի հարվածելով փայտիկները ներս մտցնի։

Պարզ և զվարճալի այս խաղը նաև օգտակար է, քանի որ նպաստում է աչք և ձեռք կորդինացիային, մանր շարժումների զարգացմանը, գունընկալմանը։ 

Սեղանի ուսուցողական խաղ․ պատրաստիր ինքդ

Այս սեղանի խաղը պատրաստել ենք ես և Արեգը՝ ձեռքի տակ եղած նյութերով։ Ու թեպետ մեր պատրաստած խաղով շատ հետաքրքիր և զվարճալի ժամանակ անցկացրինք, պետք է նշեմ, որ սարքելու ընթացքը պակաս հաճելի և երեխայի համար հետաքրքրաշարժ զբաղմունք չէր։
Ահա և այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է եղել պատրաստելու համար՝
  • հին թղթապանակ,
  • ինքնասոսնձվող պիտակներ/պատկերներ,
  • (պարտադիր չէ) ճանապարհային նշաններով խաղալիքներ,
  • ամրակ,
  • մագնիս,
  • (պարտադիր չեն) փայտիկ և կպչուկ (լիպուչկա)։
Վերցրեք մի հին թղթապանակ կամ որևէ այլ հաստ թուղթ և վրան նկարեք ոլոր-մոլոր ճանապարհ։ Այնուհետև երեխայի հետ, ըստ իր նախասիրությունների, ձևավորեք ճանապարհը։ Ինչպես տեսնում եք, ես և Արեգը ինքնակպչուն պատկերներով զարդարելուց բացի որոշեցինք նաև ճանապարհատրանսպորտային նշաններ սոսնձել։

Երբ ամեն ինչ պատրաստ լինի, վերցրեք ամրակ, որը լինելու է ձեր մեքենան և մի մագնիս, որը կծառայի որպես մեքենայի շարժիչ։ Ահա հենց այստեղ էլ թաքնված է անակնկալը։

Ամրակը դրեք քարտեզի վրա, իսկ մագնիսը՝ քարտեզի տակ և սկսեք տեղաշարժել քարտեզի տակ այնես, որ այն ամրակ-մեքենային իր հետ տեղափոխի ձեր գծած ճանապարհով։

Առաջին հայացքից ասես մոգական ուժով շարժվող ամրակը անմոռանալի տպավորություն կթողի ձեր երեխայի վրա։ Ամրակն առավել հարմար կառավարելու համար կարող եք մագնիսը ամրացնել փայտիկի վրա։ Ինչպես երևում է լուսանկարում, մենք մագնիսը ամրացրել ենք բժշկական փայտիկին կպչուկի օգնությամբ։
Երբ մագնիսի գաղտնիքը բացահայտեք երեխայի համար, առաջարկեք, որ ինքը նույնպես փորձի կրկնել այդ «կախարդանքը»։ 
Այնուհետև խաղին կարող եք ավելացնել սովորական մեքենաներ և կազմակերպել մրցավազք։


Wednesday, April 15, 2020

Ինքնաշեն կոնստրուկտոր

Կոնստրուկտորներով խաղալը խթանում է երեխաների երևակայությունը, զարգացնում միտքը և ինչու չէ, պարզապես հաճելի ժամանց է ապահովում։ Իսկ պատկերարցեք, որ ի լրումն այս ամենին, կոնստրուկտորը լինի հենց երեխայի ձեռքերով պատրաստված։

Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի բժշկական փայտիկներ, ներկեր և կպչուկ (լիպուչկա)։

Հուշումներ
  1. Փայտիկները կարող եք գնել դեղատնից։
  2. Կպչուկ ժապավեններ վաճառվում են կտորեղենի կրպակներում։ 
  3. Փայտիկները ներկելու համար ջրաներկը հարմար չէ, օգտագործեք գուաշ (նկարներում փայտիկները ջրաներկով են ներկվել և ինչքան տեսնում եք, այնքան էլ լավ չի ստացվել)։

Փայտիկները երեխայի հետ միասին ներկելուց հետո համոզվեք, որ դրանք չորացել են, այնուհետև կպցրեք կպչուկները այնպես, ինչպես ցուցադրված է լուսանկարում, այսինքն՝ կեռիկներով մասը մի ծայրին, իսկ փափուկ մակերեսը մյուս ծայրի հակառակ երեսին։
Ահա և այսքանը։ Այժմ ձեր բալիկի հետ միասին կարող եք հետաքրքիր պատկերներ ստանալ ձեր իսկ ստեղծած կոնստրուկտորով։ 



Saturday, April 4, 2020

Նկարչություն կաղապարներով և հատիկեղենով

Ստեղծագործական ազատությունը խթանելու նպատակով երբեմն ավելորդ չի ուղղորդված վարժանքների կիրառումը ։) Առաջարկում եմ փորձել այս անգամ հատիկեղենը անկանոն լցնելու փոխարեն երեխային տալ կաղապարներ, որպեսզի հատիկեղենը դասավորի կաղապարի մեջ։ 
Ձեր օրինակով ցույց տվեք երեխային, որ մի տեսակի հատիկեղենի փոխարեն կարող է մի քանի տեսակ օգտագործել՝ համադրելով տարբեր գույներ, չափեր և ձևեր։ Արդյունքում, պատկերները շատ ավելի բազմազան և հետաքրքրական կստացվեն։

Իսկ եթե զանզան խաղերից մնացած պատրաստի կաղապարներ չունեք, օգտագործեք թխուկների կաղապարներ կամ ինքներդ պատրաստեք՝ օգտագործելով ստվարաթուղթ։

  

Wednesday, April 1, 2020

Դերային խաղ՝ մանր մոտորիկայի հմտություններով

Արագ որևէ հետաքրքիր ու հարմար խաղ կազմակերպելը հատկապես այս օրերին շատ կարևոր է։ Դրա համար էլ փորձում ընտրել այնպիսի խաղեր, որոնք երկար նախապատրաստություն չեն պահանջում։ Այս դեպքում անհրաժեշտ է միայն A4 թուղթ, գունավոր թղթի մի փոքր կտոր, գրիչ և մկրատ։
                        
Ուրեմն այսպես, թղթի վրա նկարում ենք մեծ դեմք, այնպես, որ գլխի հատվածը թղթի ծայրին լինի, իսկ այդ մասում սոսնձում ենք գունավոր թուղթը՝ կտրատելով այնպես, որ մազերի տեսք տանք։
                                         
Կարող եք հենց երեխային խնդրել, որպեսզի օգնի ձեզ այդ նախապատրաստական աշխատանքներում։ Երբ «հաճախորդը» պատրաստ լինի, կարող է դիմել ձեր փոքրիկ վարսահարդարին՝ խնդրելով, որ իր մազերը կարգի բերի։
                           
Խաղը ավելի երկարացնելու և հետաքրքիր դարձնելու համար, կարող եք նաև հաճախորդի անունից խնդրել, որպեսզի իր մազերը խուճուճացնի՝ ծալելով և ամրացնելով թղթի ամրակներով։
                              
Սա բավականին նուրբ աշխատանք է փոքրիկի մաիկների համար և բավականին կենտրոնացում կպահանջի։ Այնպես որ խրախուսեք և գովեք երեխայի ջանքերը։
                             
Ինչպես տեսնում եք, մեր «հաճախորդը» չհավանեց իր գանգուրները, և ի վերջո խնդրեց կտրել դրանք։
                                             

Tuesday, March 31, 2020

Ինչպե՞ս ենք շնչում. ճանաչողական խաղ երեխաների համար


Երեխաներին շրջական աշխարհի և հենց մեր մասին սովորեցնելու ամենատպավորիչ ձևը խաղն է։ Խաղի լեզվով հասկանալի է դառնում ցանկացած բարդ երևույթ։ 

Անգամ այնպիսի բարդ երևույթ, ինչպիսին է շնչառական համակարգը, կարող է միանգամայն ընկալելի լինել երեխայի համար, եթե դրան պատկերավոր բնույթ հաղորդեք։ 

Ընդամենը երկու ձողիկ և երկու փուչիկ, և ահա 3 տարեկան փոքրիկը ոչ միայն գիտի բրոնխներ և թոքեր բառերը, այլ հասկանում է, թե ինչպես են դրանք «աշխատում», ինչպես է օդը շնչուղիներով լցվում թոքերը և ապա արտաշնչելիս դուրս մղվում։

Երեխայի այսպիսի պատրաստվածությունը օգնում է ծնողներին երեխայի հետ ճիշտ զրուցել հիվանդությունների մասին, բացատրել, թե ինչու է անհրաժեշտ անել ծնողի այս կամ այն կանխարգելիչ հորդորը։ 

Ընդ որում, այս շնչառական խաղ֊վարժանքը միաժամանակ թե՛ գիտելիքներ է տալիս շնչառական ապարատի մասին և թե՛ մարզում թոքերը։ 

Դե իսկ «արհեստական թոքեր» պատրաստելու համար փուչիկի մեջ ենք մտցնում հյութի ձողիկի ծայրը, ամուր կապում, պատրաստում նույնի երկրորդ օրինակը և այս երկուսը իրար միացնում։ Պատրաստ է։